«Հայ-թուրքական գործընթացի արդյունքների վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել, բայց ինքը` գործընթացը, մեկ արդյունք տվել է: Նորմալացումը կա, կարգավորման գործընթացը սկսվել է. մի բան, որը շատ տարիներ առաջ թվում էր անհնար»,- Tert.am-ին ասել է ռուս քաղաքագետ, Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա` հայ-թուրքական արձանագրությունները ոչ թե ուղղակի դեկլարացիաներ են, այլ իրավական պարտավորություններ ենթադրող փաստաթղթեր: Հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքները, ըստ Մարկեդոնովի, կախված են մի շարք այլ հանգամանքներից, ինչպիսին է, օրինակ, Ադրբեջանի ռազմական հռետորությունը, որի պատճառով Թուրքիան իրեն ավելի զուսպ է պահում կարգավորման գործընթացում: Նրա դիտարկմամբ` Երեւան-Անկարա գործընթացը ցույց է տվել, որ ոչ թե հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրներն իրար հետ կապ չունեն, այլ հակառակը, որ երկու խնդիրները իրար շատ մոտ են: Սերգեյ Մարկեդոնովը չի բացառել նաեւ, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են պատճառ դառնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացի դադարեցման համար: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, Մարկեդոնովն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում չկա լուծման այն կոմպրոմիսային տարբերակը, որը կարող է մոտեցնել կողմերին. «Ես չեմ հասկանում, թե որն է ղարաբաղյան խնդրի կարգավորումը, որովհետեւ այսօր խնդրի կարգավորման համար կողմերից յուրաքանչյուրն իր նպատակներն է ներկայացնում. մի երկիրը խոսում է ինքնորոշման իրավունքի մասին, իսկ մյուսը՝ տարածքային ամբողջականության»,- ասել է Մարկեդոնովը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման խնդրում արտաքին «խաղացողներին», ապա, Մարկեդոնովի կարծիքով, այսօր նրանց կողմից եւս հատուկ կամք չկա գտնելու ԼՂ խնդրի լուծման այն բանաձեւը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: «Դրա համար էլ չեմ կարծում, որ այդ խնդիրը շուտ կլուծվի»,- ասել է ռուս քաղաքագետը: