Բակիեւը հրաժարական տվեց

17/04/2010

Հինգշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը, վկայակոչելով Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդիլ Բայսալովին, հաղորդել է, որ Կուրմանբեկ Բակիեւը հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից: «Միջազգային հանրության առանցքային պայմաններից մեկի համաձայն` Բակիեւը գրել է իր պաշտոնական հրաժարականը, ստորագրել ու հեռացել»,- ասել է Էդիլ Բայսալովը: Մինչ այս լուրը Բակիեւը լքել էր Ղրղըզստանը` հեռանալով հարեւան Ղազախստան: Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների` Ջալալաբադից նա հեռացել էր օդանավով, որը, ենթադրաբար, նրա համար ուղարկել էր Ղազախստանը: ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հայտարարություն է տարածել, ուր նշված է, որ Բակիեւը Ղրղըզստանից հեռացել է ժամանակավոր կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ Բակիեւի հեռանալն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի համատեղ ջանքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության միջնորդական ջանքերի արդյունք էր: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, թե ձգտելու են, որ Բակիեւը կանգնի դատարանի առջեւ Ղրղըզստանում, կամ միջազգային դատարանում: Ղազախստանում գտնվելու Բակիեւի ծրագիրը հայտնի չէ: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության պաշտոնյան ասել է, թե նա Ղազախստանից հավանաբար կգնա Թուրքիա: Հիշեցնենք, որ Ղրղըզստանը լքելուց առաջ, նույն օրը Բակիեւը փորձել էր հանրահավաք անցկացնել Օշում` երկրի երկրորդ խոշոր քաղաքում, բայց այնտեղ նրան չընդունողներն ավելի շատ էին, քան համակիրները: Նրա թիկնապահները ամբոխին ցրելու համար նույնիսկ օդ էին կրակել: «Ասոշիեյթեդ փրեսը», վկայակոչելով ժամանակավոր կառավարության անդամ Տորչուբեկ Տուրգունալիեւին, հաղորդում է, որ ձերբակալվել է Ղրղըզստանի պաշտպանության նախկին նախարարը: Վերջինս մեղադրվում է ցուցարարների վրա կրակելու հրաման տալու մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին անվտանգության ուժերը կրակել էին կառավարական շենքերը գրոհողների վրա` սպանելով ավելի քան 80 մարդու: