Հացադուլից բացի, այլ ճանապարհ չունի

20/09/2005 Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ճաղապատ պատուհանով բանտախցում, որտեղ կանգնած հեղձուկ օդն ահավոր ծանր է, 19-ամյա
բանտարկյալ Ռազմիկ Սարգսյանն արդեն 33 օր է հացադուլ է հայտարարել. նա բողոքում է, որ իրեն
դատապարտել են մի հանցագործության համար, որի հետ, ինչպես ինքն է ասում, ոչ մի կապ չունի։

Անցյալ տարվա ապրիլին, հնգօրյա հարցաքննությունից հետո, որի ժամանակ,
երիտասարդի հավաստմամբ, նրան խոշտանգումների են ենթարկել, հայկական բանակի
զորակոչիկը խոստովանել է 2003 թվականի դեկտեմբերին Ղարաբաղում իր երկու
զինվոր ընկերների սպանությունը։ Սարգսյանի խոստովանության հիման վրա
դատապարտվել է եւս երկու զինվոր։

Յուրաքանչյուրը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Փաստաբանները եւ երեք դատապարտյալների ընտանիքների անդամները պնդում են,
որ Սարգսյանը եւ մյուս երկու զինվորները քավության նոխազ են դարձել
սպանության այս գործում, որի հետքերը, նրանց հավաստմամբ, տանում են դեպի
զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանը։ Գրիգորյանն այս գործով չի
հարցաքննվել, մասամբ` նաեւ այն պատճառով, որ Ղարաբաղյան պատերազմի
մասնակից է (քրեական գործում առկա է ԼՂՀ ՊՆ Սեյրան Օհանյանի միջնորդագիրը
ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանին` գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանի
նկատմամբ քրգործ չհարուցելու մասին, քանի որ վերջինս «ազգային հերոս է եւ
զղջում է»)։

Այս գործը նաեւ գրավել է իրավապաշտպան եւ հասարակական
կազմակերպությունների ուշադրությունը, որոնք ասում են, որ Սարգսյանը
բանակում տիրող համատարած կոռուպցիայի զոհերից է։ Սարգսյանի գործը
վերաքննիչ դատարանում է, սակայն մեկուսարանի բժշկի վկայությամբ` Ռազմիկի
առողջական վիճակն այնպիսին է, որ նա չի կարող մասնակցել վերաքննիչ
դատարանում ընթացող դատական նիստերին։ Սարգսյանի փաստաբան Զարուհի
Փոստանջյանի հավաստմամբ` Ռազմիկը չի կարող քայլել եւ երիկամի լուրջ
խնդիրներ ունի, որոնք առաջացել են ծեծի հետեւանքով։ Հացադուլից նրա
կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Եվ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ
հացադուլի 14-րդ օրը։

Կալանավայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական
խմբի անդամները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր։ Նրանց պահանջը`
ծանոթանալ կալանավորի բժշկական քարտին, մերժել է Նուբարաշենի մեկուսարանի
պետ Արա Սարգսյանը, ով մատնանշելով գործող կարգը, ասում է, որ
«կալանավորված անձանց վերաբերյալ բժշկական քարտերը գաղտնի փաստաթղթեր են»։

Սակայն փաստաբաններն ասում են` Սահմանադրությունն ու օրենքները չեն
սահմանափակում ցանկացած փաստաթղթի հետ ծանոթանալու իրենց իրավունքը, իսկ
անձնական քարտին ծանոթանալու համար անհրաժեշտ է միայն տվյալ անձի
համաձայնությունը։

«Խախտվել է մեր պաշտպանական իրավունքը։ 22 օր է, զրկված ենք մեր
պաշտպանյալին տեսնելու հնարավորությունից։ Եթե նրա վիճակն այդքան ծանր է,
ինչո՞ւ չեն տեղափոխում հիվանդանոց»,- բողոքում է փաստաբան Զարուհի
Փոստանջյանը, որը համոզված է, որ իր պաշտպանյալին մեկուսացնելը
հոգեբանական ճնշում գործադրելու միտում ունի։

Օգոստոսի 12-ից հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանին վերջին անգամ
փաստաբանն այցելել է օգոստոսի 25-ին։ Նրա առողջական վիճակը շարունակում է
մնալ ծանր։ Հյուծված էր, չէր կարողանում շարժվել։ Գանգատվել է երիկամների
սուր ցավերից. դեմքն այտուցվում է, լեզուն կուլ է գնում եւ ունենում է
սուր գլխացավեր։ Պատճառը երիկամներում ազոտի բարձր քանակությունն է։
Սրանով են ԼՂՀ-ում բժշկական հետազոտությունն անցկացնող բժիշկները բացատրել
երիկամային սուր ցավերը։ Երբ Ռազմիկ Սարգսյանը վերաքննիչ դատարանին
տեղեկացրեց, որ արդեն հինգերորդ օրն է հացադուլ է սկսել, նախագահողը նրան
պատասխանեց. «Հացադուլ-մացադուլով միայն անարդար մարդիկ են զբաղվում…»։

Երբ «ԱրմենիաՆաու»-ի թղթակիցն այցելեց Նուբարաշենի մեկուսարան, Ռազմիկը
գունատ էր, հյուծված, խոսում էր հազիվ լսելի ձայնով։ Նա պահանջում էր
գործի վարույթից հեռացնել Զինդատախազության ներկայացուցչին եւ ներգրավել
Գլխավոր դատախազության մեկ այլ ներկայացուցչի։

«Անմեղ տեղը 15 տարի են տվել, ծեծուջարդով ցուցմունք են կորզել, հացադուլից ո՞նց դուրս գամ»,- «ԱրմենիաՆաու»-ի թղթակցին ասաց նա։

«Ռազմիկ Սարգսյանը դիմել է այս ծայրահեղ քայլին, որովհետեւ չգիտե` ինչ
միջոցներ ձեռնարկի իր անմեղությունն ապացուցելու եւ իրական հանցագործներին
քրեական պատասխանատվության ենթարկելու համար,- ասում է Փոստանջյանը։ -Բացի
այն, որ իրական հանցագործն ազատության մեջ է, գործի մեջ ներքաշել են նաեւ
անմեղ մարդկանց»։

Մյուս երկու զինվորները` Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը, չեն ընդունել իրենց ներկայացված նույն մեղադրանքը։

Փոստանջյանն ասում է, որ Զինդատախազությունն այս գործը դատարան է հանձնել`
հիմնվելով միայն Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա, որոնք, ինչպես
ենթադրվում է, կորզվել են բռնությամբ։ Նա բնութագրում է իր պաշտպանյալին
որպես զգայուն երիտասարդի, որը կարող է տեղի տալ ճնշման տակ։ «Նրանք
հատկապես ընտրել էին Ռազմիկին, որովհետեւ նա ավելի խեղճ ու կրակ է,
բանաստեղծություններ է գրում, երաժշտություն սիրում, ուրեմն ծեծուջարդի
չէր դիմանա։ Եվ իրոք չի դիմացել… Քննիչը նրան կախել է բարձր տեղից եւ
սպառնացել փայտով բռնաբարել… Եվ այս մասին Ռազմիկը ցուցմունք է տվել
առաջին ատյանի դատարանում»,- ասում է փաստաբանը։
Մեկ ու կես տարվա ընթացքում երեք ամբաստանյալներն էլ տարբեր ժամանակ
հացադուլ են հայտարարել։ Ամենաերկարը Արայիկ Զալյանինն էր` 90 օր։

Իր արդեն քայքայված առողջության պատճառով` Սարգսյանը կարծես ավելի ծանր վիճակում է։

Վերջերս այցելելով մեկուսարան` Ռազմիկի հայրը` Թորգոմ Սարգսյանը, ասում է,
որ որդին չէր կարողանում քայլել, ամբողջ դեմքն ուռած էր, ձեռքերը դողում
էին, բերանը հազիվ էր բացում, էլի երիկամների սուր նոպա է ունեցել, արյուն
է միզել. «Երեխայիս երկու տարով բանակ տարան` 15 տարի դառավ…»։

Հ.Գ. Շաբաթ օրն իրավապաշտպան կազմակերպություններն ու
փաստաբանները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ հայտարարեցին տղաների
պաշտպանության հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։ Հետագա
գործողությունների մասին կտեղեկացվի առաջիկայում։

www.armenianow.com