«Deep Purple» խմբի վոկալիստ Յան Գիլանը հայտարարել է, որ Թոնի Այոմիի հետ կստեղծի հատուկ խումբ` «Who Cares», որը ելույթներ կունենա Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Ըստ «Մեդիամաքս» գործակալության` Յան Գիլանն այս մասին ասել է` պատասխանելով իր կայքի այցելուի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «Smoke on The Water» երգի ռեմիքսի ձայնագրումը երկրաշարժից տուժած Հայիթիին օգնելու համար: «Deep Purple» խմբի վոկալիստը նշել է, որ Հայաստանի օգտին 1989թ. համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ ձայնագրված «Smoke on The Water» երգի նոր տարբերակի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս: «20 տարի անց մենք դեռեւս աշխատում ենք Գյումրի քաղաքում երաժշտական դպրոցի վերականգնման համար: Գյումրին, ինչպես եւ Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, եւ Աստված գիտի, թե որքան վիրավոր եւ անօթեւան մարդ էր մնացել երկրաշարժից հետո: Մեր գործերը բավականին լավ են ընթանում, մեզ աջակցում են քաղաքական գործիչները եւ գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի գումար հավաքել վերջերս Երեւանում կայացած երկու բարեգործական համերգներից»,- ասել է Յան Գիլանը: «Մենք նաեւ համատեղ գաղափար ունենք Թոնի Այոմիի հետ: Վերադառնալով Հայաստանից (2009թ. հոկտեմբերին), մենք որոշեցինք գրել մեկ կամ երկու երգ եւ ստեղծել հատուկ խումբ` «Who Cares» անվանմամբ, որը ելույթ կունենա միջոցների հավաքագրման համար: Մենք դեռեւս տարբերակներ ենք քննարկում` կապված խմբի կազմի հետ, սակայն կարեւոր քայլ արդեն արել ենք, սկսելով երգերը գրելուց: Ես վերջերս այցելեցի Թոնիին, եւ մենք մեկ-երկու բավականին լավ երգեր ձայնագրեցինք: Հույս ունեմ, մոտ ժամանակներս մենք կձայնագրենք դրանք պատշաճ ձեւով եւ կկարողանանք ավելի շատ միջոցներ հավաքել Գյումրիում դպրոցի վերականգնման նախագծի օգտին: Կարծում եմ, Հայիթիին օգնելու ձեր գաղափարը հրաշալի է, քանի որ մենք բոլորս ցնցված ենք այնտեղ կատարվածի ողբերգական հետեւանքներից: Միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ավելի լավ է իմ բոլոր ջանքերն ուղղել այնտեղ, որտեղ դրանք առավել արդյունավետ են: 20 տարի անց մենք դեռեւս անելիք ունենք Հայաստանում»,- հայտարարել է Յան Գիլանը: