Էլի հորդորել է

17/04/2010

Վաշինգտոնում անցկացվող Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հայաստանի նախագահը նույն օրը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ՝ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար: Նշենք, որ Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ պետքարտուղարի կողմից տրված աշխատանքային ճաշի ընթացքում երեքշաբթի օրը զրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Հայաստանի արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը»: