Վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնող` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կոալիցիայի ներկայացրած օրինագիծը առաջին ընթերցումից հետո ենթարկվել է լրամշակման: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է օրինագծի հեղինակներից մեկը` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Անցած շաբաթ այս օրինագծի համար գլխադասային` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել քննարկվող նախագծի վերաբերյալ: Եվ Հ.Սահակյանի խոսքերով՝ արդյունքում լրագրողների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին կազմվել է աշխատանքային խումբ, ու հեղինակներն ընդունել են խմբի ներկայացրած որոշ առաջարկություններ: «Օրինակ, եթե լրագրողը պաշտոնատար անձանց կամ մեկ ուրիշի խոսքը փոխանցում է՝ որպես փոխանցիկ միջոց կամ զանգվածային լրատվական միջոց, նրա` պատասխանատվության ենթարկվել-չենթարկվելու հարցը հստակեցրել ենք: Հստակ նշել ենք, որ, ոչ, պատասխանատվություն չի սահմանվում: Նաեւ հստակ ձեւակերպում ենք մտցրել, որպեսզի այս օրինագիծը չմեկնաբանվի որպես լրատվամիջոց սաստելուն միտված քայլ»,- ասել է Հ.Սահակյանը: