«Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ միջուկային ահաբեկչության վտանգը կանխելու համար»,- դիմելով գագաթաժողովի մասնակիցներին` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքով` այդ հավաքն «աննախադեպ միջոցառում է` նվիրված աննախադեպ սպառնալիքներին»: «Միջուկային նյութերը, որ կարող են վաճառքի հանվել կամ գողացվել` հետագայում միջուկային զենք ստանալու համար, առկա են աշխարհի տասնյակ պետություններում: Պլուտոնիումի փոքրիկ չափաբաժինն անգամ, ասենք` մի խնձորի չափ, կարող է սպանել եւ հաշմանդամ դարձնել հարյուր-հազարավոր անմեղ մարդկանց: Ահաբեկիչները, օրինակ` «Ալ-Քաիդան», այսօր ջանք չեն խնայում միջուկային զենք ստեղծելու համար: Եթե մի օր ահաբեկիչներին հաջողվի հասնել այդ նպատակին, նրանք հաստատ գործի կդնեն այդ զենքը»,- ասել է Օբաման: Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է կարողանա միասնական մեխանիզմ ստեղծել, որը թույլ կտա բացառել միջուկային տեխնոլոգիաների անվերահսկելի զարգացումն ու տեղաշարժը: «Մենք հնարավորություն ունենք խորացնել մեր համագործակցությունը` ուժեղացնելով այն կառույցները, որոնք թույլ չեն տա, որ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչները երբեւիցե հայտնվեն ահաբեկիչների ձեռքում»,- ասել է նա: Այդ կառույցների թվում Օբաման նշել է, նախ եւ առաջ, ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: Ըստ նրա, սակայն, այսօր աշխարհը հայտնվել է բավական երկիմաստ վիճակում. «Սառը պատերազմի ավարտից 20 տարի անց մենք տեսնում ենք պատմության դաժան հեգնանքը: Պետությունների միջեւ միջուկային հակամարտության վտանգը նվազել է, փոխարենը` աճել է միջուկային հարձակման վտանգը»: