Պոպուլիզմի վերածնունդը

17/04/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր փառապանծ Էկոնոմիկայի նախարարությունը (կամ՝ էկոնոմիկայի փառապանծ նախարարությունը) անկախության հռչակումից հետո այնքան հաճախ է փոխել իր անվանումը, որ արդեն դրանք բոլորը առանձին-առանձին չենք հիշում։

Սակայն մի բան տպավորվել է. կար մի պահ, երբ այն կոչվում էր Առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն։ Հետո՝ «արդյունաբերություն» բառը անհետացավ։ Երեւի այն պատճառով, որ չեղած բանի նախարարություն պահելը «սիրուն չէր»։

«Արդյունաբերության նախարարություն» արտահայտությունը չէր ընկալվի մասնավորապես երիտասարդ սերնդի կողմից, քանի որ արդյունաբերության մասին միայն «պոլիտեխնիկում» սովորող պատանիներն են լսում, այն էլ՝ հպանցիկ։ Մեր երիտասարդներն իհարկե գիտեն «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառների մասին, բայց դժվարությամբ կհավատան, որ «Փեթակի» «նախահայրը» Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանն էր, իսկ «Սուրմալուի» տեղում մարդիկ առուծախի փոխարեն՝ աշխատանքի էին գնում՝ պահածոների գործարան։ Այս մասին հիշում են միայն մեր ավելի տարիքով հայրենակիցները, ովքեր կյանքի մեծ մասն աշխատել են Խորհրդային Հայաստանի գործարաններում։ Ոչ միայն հիշում են, այլեւ՝ երազում են, որ դրանք մի օր նորից սկսեն աշխատել։ Ընդ որում՝ երազում են՝ հաստատ իմանալով, որ նման բան դժվար թե լինի։

Բայց այս մարդկանց հոգին 2 օր առաջ ալեկոծեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին, որ ապրիլի 13-ին գումարվել է Հայաստանի Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստը, որը վարել է Ա. Բաղդասարյանը: Մարդկանց հոգիներն ալեկոծող լուրը հետեւյալն էր. «Հանձնախումբը երկու խնդիր է լուծելու` մշակելու է Հայաստանի Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել»: Հաջորդ օրը բակերում նարդի խաղացող նախկին գլխավոր ինժեներներն ու արտադրամասի պետերը միմյանց հարցնում էին. «Լսեցի՞ք, ասում են՝ «ՎԵ ՊԵ ԿԱ»-ի զավոդները կարող ա խոդի տան»։ Մատաղ սերնդի համար նշենք, որ «ՎԵ ՊԵ ԿԱ»-ն ռուսերեն «Վոենո-պրոմիշլենի կոմպլեկս» արտահայտության հապավումն է։ Իսկ Հայաստանի խոշոր գործարանների մեծ մասը մտնում էին հենց այդ համալիրի մեջ։ Վերադառնանք սակայն նարդի խաղացողներին։ Նրանք, ովքեր բախտ չէին ունեցել այդ լուրը լսել, հարցնում էին՝ ո՞վ է ասում։ «Արթուր Բաղդասարյանը»,- պատասխանում էր լուրը հայտնողը՝ նախապես պատրաստ լինելով, որ այդ անվան հիշատակումը իր ասածի լուրջ ընդունվելու շանսերը հավասարեցնում է զրոյի։ Ու ձեռքի հետ նշելով, որ ինքն էլ շատ չի հավատում այդ հեռանկարին, այդուհանդերձ, ավելացնում էր. «Ոնց որ թե ուզում են ինչ-որ բան անեն»։ Աղոտ հույսի հիմքը նույն պաշտոնական լրահոսի այն հատվածն էր, որ «Ռուսաստան եւ Բելառուս այցերից հետո արդեն գրանցվել են առաջին արդյունքները. այդ երկրների Ռազմաարդյունաբերության համալիրի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, տեղում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները: Ռազմաարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների միջեւ կապերն աշխուժացնելու որոշակի հիմքեր արդեն ստեղծվել են»։

Այս մարդկանց հասկանալ կարելի է. անկախ լքված ու ծախծխված գործարանների փաստից, անկախ Արթուր Բաղդասարյանի նախկին խոստումների իրականացման «վերլուծությունից»՝ մարդիկ հակված են հավատալ այն ամենին, ինչն իրենք անկեղծ ցանկանում են։ Իսկ ռեալ հիմքեր կա՞ն հավատալու այս վարդագույն հեռանկարին։ Շատ կուզենայինք ասել՝ այո, բայց ավաղ՝ չենք կարող։ Պատճառները բազում են։

Նախ սկսենք նրանից, որ «հայեցակարգ» ասվածն արդեն իսկ ժպիտ է առաջացնում։ Քանի՜-քանի այդպիսի հայեցակարգեր ունենք՝ Հայաստանը ներդրումային գերազանցության կենտրոնի վերածելու, Գյումրիում տեխնոպարկ սարքելու, Հայաստանում էլեկտրոնային հասարակություն ձեւավորելու, եւ այլն։

Ընդ որում, եթե այս հայեցակարգերն արդեն ընդունվել են, ապա «Վե Պե Կա»-ի հայեցակարգը նոր պետք է մշակվի։

Երկրորդ, այդ գործարանները աշխատում էին մի մեծ համակարգի մեջ, որը ԽՍՀՄ փլուզումից հետո քանդվեց՝ վերացնելով սպառման շուկաները։ Միամտություն կլիներ կարծել, թե մեր ռուս եւ բելառուս բարեկամները 20 տարի ոչ մեկից ոչինչ չեն գնել եւ սպասել են, թե իրենց հայաստանցի գործընկերները ե՞րբ են նորից սկսելու իրենց «պլատաներ» կամ «ռազյոմներ» մատակարարել։ Այսինքն՝ շուկան արդեն գրավված է։ Մեր պաշտոնյաները, սակայն, նաեւ ներքին շուկայի մասին են խոսում։ Ա. Բաղդասարյանը խոսել է նաեւ մեր երկրի պաշտպանունակության բարձրացման, զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկայով ապահովման մասին: Անչափ հետաքրքիր կլիներ իմանալ՝ օրինակ, ի՞նչ տեխնիկայի մասին կարող է լինել խոսքը։ Գոնե մեկ օրինակ։

Բացի այդ, նախկին Ռազմաարդյունաբերական համալիրի մաս կազմող գործարաններն այժմ ավերակ են հիշեցնում՝ շենքերն անխնամ են, սարքավորումները (որոնք չեն վաճառվել պարսիկներին)՝ դարն ապրած։ Միայն շենքային պայմանները բարելավելու համար հարյուրավոր միլիոն դոլարներ պետք կլինեն, էլ չխոսենք տեխնոլոգիաների մասին։

Իսկ ամենակարեւոր խնդիրը աշխատուժն է։ Գործարանի հիմքը ոչ շենքն է, ոչ էլ սարքավորումը։ Հիմքը կոլեկտիվն է։ Այսօր 3000 աշխատող ունեցող գործարանում «աշխատանքի» են գալիս առավելագույնը 50 մարդ՝ վարչական ապարատը եւ պահակները։ Մնացածը ստիպված են եղել ադապտացվել շուկայական հարաբերություններին՝ վերապրոֆիլավորվել, հիմնականում իրենց տեղը գտնելով առեւտրի ոլորտում։ 20 տարվա պարապուրդից հետո անգամ մեծ ցանկության դեպքում այս մարդիկ չեն կարողանա արդյունաբերություն աշխատեցնել։ Իսկ նոր սերնդի մասին խոսելն անիմաստ է՝ ոչ գիտելիք ունեն, ոչ ցանկություն։ 1000 երեխայից մեկը չի ասի, որ ցանկանում է ինժեներ դառնալ։

Մինչդեռ խորհդային տարիներին Ռազմաարդյունաբերական համալիրի միայն էլեկտրոնային արտադրանք տվող ձեռնարկություններում աշխատում էր շուրջ 120 հազար մարդ։ Համեմատության համար նշենք, որ գունավոր մետալուրգիայի ոլորտում նրանց թիվն ընդամենը 5000 էր։

Եվ վերջապես՝ դժվար է հավատալ, որ այսօր Էկոնոմիկայի նախարարությունը ի վիճակի է նորմալ ապահովել այս ոլորտի գործունեությունը, հարցեր լուծել, պահանջարկ ապահովել՝ լեզու գտնելով ռուսաստանյան գնորդների հետ։ Այստեղ կան «թիթիզ անուններով» տարբեր վարչություններ, բայց խիստ կասկածելի է՝ մնացե՞լ են արդյոք արդյունաբերությունից նորմալ գլուխ հանող մարդիկ։ Կասկածելի է, քանի որ նրանց պահանջարկը կարծես չկա. այսօր ավելի պահանջված են պրոֆեսիոնալ «թրեյնինգներ» եւ «քոֆի բրեյքներ» կազմակերպողները։

Անկեղծ ասած, սա այն դեպքն է, երբ ի սրտե ցանկանում ենք, որ սխալված լինենք։ Բայց սին հույսեր ներշնչել մարդկանց, թե՝ շուտով գործարանները կաշխատեն, դուք էլ կսկսեք կոնդենսատորներ արտադրել, մեղմ ասած, ազնիվ չէ։ Մանավանդ որ՝ կոալիցիայի անդամները բացառում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը։