Այսպիսին են նախարարությունների կողմից կառավարությանը ներկայացված` 2010-ի տնտեսական զարգացման վերաբերյալ ծրագրերը։
Նախարարների կողմից կառավարությանը ներկայացրած «2010 թվականի տնտեսական աճ եւ զարգացում ապահովող» ծրագրերն այնքան տեսական են, որ տպավորություն է ստեղծվում, թե գերատեսչությունների ղեկավարները, պարզապես, մտքեր են արտագրել ամերիկյան տնտեսագետների հեղինակած գրքերից:
Դեռեւս նախորդ ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարեց մշակել ու ներկայացնել ծրագրեր, որոնք իրենց ոլորտների կտրվածքով կնպաստեն ճգնաժամի հաղթահարմանն ու տնտեսական աճին: Նախարարներն էլ, մեկը մյուսից հետ չմնալով` այնպիսի ծրագրեր են կազմել, որոնց իրագործմանը թերեւս իրենք էլ չեն հավատում: Ամենաուշագրավ ծրագրերից մեկը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խիստ տեսական մտահղացումներն են: Ահա թե ըստ Ն. Երիցյանի՝ որոնք են մեր տնտեսության զարգացման գրավականները. կորպորատիվ կառավարման կոդեքսի ընդունում եւ ներդրում, գիտակրթական լաբորատորիաների հիմնում` արդյունաբերության, կրթության եւ գիտության կապը ուժեղացնելու համար, «Համակարգիչ բոլորի համար» բիզնես ձեռնարկի հրապարակում եւ ծրագրի ամբողջական ներդրում. 15 հազար համակարգչի տրամադրում, ուսուցիչներին համակարգիչներով ապահովելու ծրագրի մեկնարկ, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցում` ազգային գիտական լաբորատորիա ձեւավորելու նպատակով, իսկ որ ամենաուշագրավն է` օտարերկրյա ներդրողի ներգրավմամբ հանքային ջրի արտադրության եւ հյուրանոցաշինության ներդրումային ծրագրերի մեկնարկ: Նախարարը մոռացել է իր մշակած եթերային ծրագրում նշել, թե օրինակ ինչ պետք է անել կանխատեսվածից ավելի գնաճը զսպելու կամ երկրի արտադրական պոտենցիալը վերականգնելու համար: Կամ ինչ է պատրաստվում անել նախարարությունը` այն ուղղությամբ, որ երկրում տնտեսական այնպիսի դաշտ ապահովվի, որ տեղի գործարարը իր գումարները Հայաստանում ներդնելու փոխարեն` դուրս չտանի: Հայտնի չէ նաեւ, թե հատկապես ինչ մեթոդներով է Ն. Երիցյանը համոզելու օտարերկրյա ներդրողին, որ գա ու մեր երկրում հանքային ջրի խոշոր արտադրություն հիմնի այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը ականատես եղավ, թե մեր իշխանությունների հետեւողական ջանքերի շնորհիվ ինչպես ոչնչացավ հանքային ջրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը` «Բջնի հանքային ջրերի գործարանը»: Այսքանից հետո դե արի ու վստահի այդ երկրի կառավարությանն ու ներդրում արա այդտեղ: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը ինչ-որ մրցակից օլիգարխի մտքով չի անցնի օտարերկրացուն ստիպել, որ նա հավաքի «իրերն» ու հետ գնա իր երկիր:
Դե եթե Էկոնոմիկայի նախարարը իր ոլորտի զարգացման մասին այս պատկերացումներն ունի, թերեւս, առանձնապես մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ նաեւ այլ ոլորտների ղեկավարներից: Անդրադառնանք նրանց ներկայացրած ծրագրերին եւս: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, օրինակ, կարծում է, որ մեր երկիրը այս տարի կարող է տնտեսական կայուն աճ ապահովել, եթե կարողանանք բացահայտել սփյուռքահայերի ներուժը: Սա նախարարի ներկայացրած ծրագրի առաջին կարեւորագույն դրույթն է: Ապա նա առաջարկում է պահպանել հայ ինքնության որակը խառը ամուսնություններում, հայրենադարձության հայեցակարգի եւ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակել, շարունակել «Արի տուն» ծրագիրը, տպագրել հուշարձանների պատկերագիրք ու կազմակերպել Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների հավաք: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես է պատրաստվում Հ. Հակոբյանը իրագործել իր մշակած հայրենասիրական ծրագիրը: Օրինակ, հայրենադարձվելուց հետո ի՞նչ են անելու մեր սփյուռքահայ բարեկամները Հայաստանում, համալրելու են գործազուրկների շարքե՞րը, թե՞ ապրելու են ամսական 20 հազար դրամ գործազուրկի ու կարիքավորի համար նախատեսված նպաստով:
Իրականությանը փոքրիշատե մոտ կարելի է համարել, թերեւս, ՀՀ Տրանսպորտի եւ Կապի նախարարության ծրագիրը: Նախարարությունը նախատեսում է իրականացնել ճանապարհաշինարարական աշխատանքներ, մասնավորապես, ընթացիկ տարում իրականացնել Հյուսիս-Հարավ ծրագիրն ու ապահովել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը:
Անշուշտ, այս ծրագրերը կյանքի կոչվելու դեպքում, իսկապես, կարող են էական նշանակություն ունենալ մեր տնտեսության զարգացման համար:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանն էլ որոշել է, ինչպես նշված է իր ծրագրում` զանգվածայնորեն զարգացնել սպորտը, ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում կազմակերպել մրցույթներ, բացի այդ, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում անցկացնել «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի մոնիտորինգ, ապահովել, որ մարզերի ուսումնական հաստատություններում սովորողները տարեկան 2 անգամ պարտադիր բժշկական հետազոտություն անցնեն: Նախատեսվում է նաեւ նոր սպորտային համալիրների կառուցում Երեւանում եւ մարզերում:
Իսկ ահա Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, որի ղեկավարած գերատեսչությունը տնտեսության զարգացման առանցքային ոլորտներից մեկն է, որպես 2010-ի տնտեսական աճ ապահովող ծրագիր՝ հետեւյալն է ներկայացրել. Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում հիմնադրել ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոն, ներդրումային ծրագրեր իրականացնել` Տաթեւում զբոսաշրջային կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Այս նախարարությունը մի կարեւոր ֆունկցիա եւս իրեն է վերապահել: Վ. Վարդանյանը որոշել է ջանքեր գործադրել, որպեսզի հրատարակվի կատալոգ` որոշ ավտոմայրուղիներին հարող տարածքներում հասարակական սպասարկման օբյեկտների վերաբերյալ: Իսկապես, ճգնաժամի հաղթահարմանն ու տնտեսության զարգացմանը նպաստող փայլուն նախաձեռնություն է: Եվս մի քանի դասագրքային ձեւակերպումներով ավարտվում է նաեւ Քաղաքաշինության նախարարի կողմից կառավարությանը ներկայացրած ծրագիրը: Ահա թե ինչպես է իր ոլորտի զարգացումը պատկերացնում ժամանակին ՀՆԱ տեսակարար կշռում ավելի քան 40 տոկոս մասնաբաժին ունեցող` շինարարության ոլորտի պատասխանատուն:
Նկատի ունենալով նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ոչխարների գլխաքանակի կտրուկ անկումը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն էլ որոշել է ՀՀ-ում ոչխարաբուծության զարգացման ծրագիր մշակել, վերականգնել շաքարի ճակնդեղի մշակումը եւ շահագործման հանձնել Ախուրյանի տարածաշրջանի շաքարի արտադրության գործարանը: Բացի այդ, ըստ նախարարի ծրագրի, կմշակվեն նաեւ տավարաբուծության, օրգանական գյուղատնտեսության զարգացման եւ սերմնաբուծության վերաբերյալ ծրագրեր: Որպեսզի ավելորդ գլխացավանքի մեջ չընկնի եւ կառավարության ղեկավարից նորից նկատողություն չստանա, Գ. Ալավերդյանը որոշել է մշակել հանքային պարարտանյութերի իրացման գնի սուբսիդավորման ծրագիր: Նախարարությունը առաջնային է համարում նաեւ խաղողի մթերման նախապատրաստման եւ պայմանագրային մթերման համակարգի ներդրումը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը առանձնապես ջանք չի գործադրել իր ներկայացրած ծրագրում նշելու, թե ինչպես է իր ղեկավարած ոլորտը նպաստելու մեր երկրի տնտեսության զարգացմանը: Նրա ներկայացրած ծրագիրը բաղկացած է ընդամենը 4 կետից, որոնցից մեկը վերաբերում է անընդհատ բարձրաձայնվող, բայց չիրագործվող Սեւանա լճի ափամերձ` 600 հեկտար տարածքների մաքրման աշխատանքներին: Մյուս 3 կետերով Ա. Հարությունյանը նախատեսում է պարզել Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը, ապա աշխատանքներ տանել «Արփա լիճ» ազգային պարկի ստեղծման ուղղությամբ եւ ծրագրեր իրականացնել Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով: Տպավորություն է ստեղծվում, թե Ա. Հարությունյանը կամ ծրագիրը մշակող նրա ենթականերից մեկն այն գրել է ոտքի վրա, մի քանի րոպեի ընթացքում ու այնտեղ նշել է միայն այն, ինչ այդ պահին անցել է իր մտքով:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ խոստանում է` ընթացիկ տարում կմեկնարկեն Իրանի հետ համատեղ 2 ծրագրեր` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները եւ նավթամթերքատար խողովակաշարի կառուցումը: Ավարտին կհասցվեն նաեւ Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ կարծում է, որ արտերկրում գտնվող հայկական ծագում ունեցող պատմամշակութային հուշարձանների փաստագրմամբ կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Նախարարը պատրաստվում է նաեւ այս տարի ժամանակակից արվեստի ոլորտում խթանել դեբյուտային եւ նորարարական ծրագրեր:
Արդարադատության նախարարության ներկայացրած ծրագրից էլ այն տպավորությունն է, թե այս համակարգում ամեն ինչ շատ մաքուր ու պարզ է: Խնդրահարույցը միայն նոտարների հետ կապված հարցն է, որոնց ծրագրում 6 ենթակետ է նվիրված: Նախարարությունը նախատեսում է մոտ 5 տոկոսով ավելացնել նոտարների թիվը, ավելացնել նրանց պատասխանատվության չափը` հատկապես անզգուշության հետեւանքով թույլ տված իրավախախտումների հետեւանքով կնքված գործարքների մասով: Նախատեսվում է նաեւ վերացնել նոտարական գրասենյակների բազմամարդ հերթերը:
Ինչեւէ, վարչապետը վերջիններիս հանձնարարել է նաեւ տարեվերջին ներկայացնել կատարված ծրագրերի մասին հաշվետվություն: