«Մինչ օրս Միացյալ Նահանգների որեւէ նախագահ «ցեղասպանություն» բառը չի արտասանել, եւ, կարծում եմ, Բարաք Օբաման էլ չի արտասանի»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Ես դա եմ ակնկալում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Էրդողանը` պատասխանելով CNN-ի հայտնի լրագրող Քրիշյան Ամանփուրի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը: «Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ ապագայում երբեւէ Թուրքիան փոխի իր տեսակետը եւ մյուս երկրների, օրինակ` Ֆրանսիայի նման ընդունի ցեղասպանությունը»՝ Ամանփուրի հարցին Էրդողանը միանշանակ պատասխանել է` ոչ:
«Որեւէ մեկը Թուրքիայից նման բան չպետք է ակնկալի: Մենք կարող ենք ազնիվ ճանապարհով կարգավորել այս խնդիրը»,- ասել է Էրդողանն ու ներկայացրել լուծման այն ճանապարհը, որը շարադրել է նաեւ Հայաստանի ղեկավարներին հղած նամակներում: «Ինչպես իմ նամակում էի ընդգծել, որեւէ ազգ, որեւէ ժողովուրդ չպետք է մյուսին պարտադրի պատմության այն տարբերակը, որն ինքն է հիշում: Թուրքիան չի փորձում նման քայլի դիմել, որեւէ մեկն էլ չպետք է Թուրքիային պարտադրի պատմության իր տարբերակը: Մի սպասեք, թե մենք դա կընդունենք»,- նշել է Ռ. Էրդողանը եւ հերթական անգամ ներկայացրել Թուրքիայի մեկնաբանությունը 1915թ. իրադարձությունների վերաբերյալ. «Դա ապստամբությունների ժամանակաշրջան էր, եւ ցեղասպանության հարց այստեղ ամենեւին գոյություն չունի: Զոհվել են մարդիկ, եղել են սպանություններ, բայց կարեւորն այստեղ այն է, որ մենք ուսումնասիրենք արխիվները, պատմական փաստաթղթերը, աշխատենք դրանց վրա: Եթե այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ իրոք նման բան է եղել, մենք այն ժամանակ կքննարկենք այդ հարցը»,- ասել է Թուրքիայի վարչապետն ու պնդել, թե ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվել են նաեւ բազմաթիվ թուրքեր, եւ եթե կողմերը պատմական ուսումնասիրություններ չկատարեն, այդ հարցն այդպես էլ բաց կմնա:
«Թուրք ժողովուրդն էլ է տառապանքներ կրել, եւ որեւէ մեկը չպետք է դա անտեսի: Այնժամ` ո՞վ է այդ հարցին անդրադառնալու, ո՞վ է աշխարհին պատմելու, որ թուրք ժողովուրդն էլ է բազմաթիվ զոհեր տվել այդ իրադարձությունների ընթացքում»,- հարցրել է Թուրքիայի վարչապետը CNN-ի լրագրողին: Ի դեպ, ըստ թուրքական լրատվամիջոցների էլ, Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, հայ-թուրքական սահմանը չի բացվի»: «Ցյուրիխում ստորագրված տեքստի մեջ «առանց նախապայմանի» արտահայտության կողքին կա շատ կարեւոր մի դրույթ` հաստատել տարածաշրջանային խաղաղություն: Իսկ «տարածաշրջանային խաղաղություն» թեզիսի շրջանակում մի՞թե կարելի է անտեսել Ադրբեջանին: Ադրբեջանն այդ տարածաշրջանային խաղաղության մի մասն է: Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը, անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերվի… Նախ եւ առաջ, ինչո՞ւ է փակվել հայ-թուրքական սահմանը: Այսինքն` ինչո՞ւ 1993թ. փակվեց այդ սահմանադուռը: Սահմանը փակվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված իրադարձությունների պատճառով: Իսկ հիմա կարծում ենք, որ այդ սահմանի բացման համար, անկասկած, անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի եւ ստեղծվի պարարտ հող խաղաղության հաստատման համար: Մինսկի խումբն այստեղ կարեւոր պարտականություն ունի: Հարցի առնչությամբ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանն ակտիվ աշխատանքներ են իրականացնում, եւ ենթադրում եմ, որ Աստծո կամոք նրանք կհասնեն ցանկալի արդյունքի»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների առնչությամբ կա՞ որեւէ ժամանակացույց», Թայիբ Էրդողանն ասել է. «Ոչ, որեւէ ժամանակացույց չկա: Ներկա պահին մենք Արձանագրությունները փոխանցել ենք խորհրդարան: Հայաստանը նույնպես այդ փաստաթղթերը Սահմանադրական դատարանի որոշումից հետո ներկայացրեց խորհրդարան»: