Նարնջագույն հեղափոխությունը չի ավարտվել

20/09/2005

Խուճապահարներն ու չարախնդացողները կրկին ասպարեզ են եկել այն բանից հետո,
երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն անցած հինգշաբթի արձակեց
կառավարությունն, այդ թվում` նաեւ գործունյա, հմայիչ եւ ամբոխավար
վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որին թերագնահատելը շատ վտանգավոր է ։

Շարքային ուկրաինացիների համար եկել է հիասթափության եւ լրջացման պահը։
Նրանց ընդհանուր արձագանքն այսպիսին է. «Բոլոր քաղաքական գործիչները մեկ
են, տեսեք, թե ինչ ենք ստանում, երբ մասնակցում ենք, այսպես կոչված,
ժողովրդավարական քաղաքական գործընթացներին, նույն նախկին կոռուպցիան»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, անկասկած, ցնծում է, քանի որ հիմա
կայսերական տոնով կարող է ասել. «Ես ձեզ ասում էի, որ ոչինչ էլ չի ստացվի։
Շուտով Ուկրաինան կրկին կընկնի ռուսական ուղեծրի մեջ»։

Բայց պետք չէ շտապել, քանի որ Ուկրաինայի նորագույն պատմությունը հակառակն
է վկայում։ 1993 թվականին Լեոնիդ Կուչման, ով վարչապետ էր նախագահ
Կրավչուկի օրոք, մի քանի ամիս աշխատելուց հետո ազատվեց պաշտոնից։ Իսկ
1994-ին կրկին իշխանության եկավ, արդեն որպես նախագահ։ Նրա վերելքին
նպաստեց երեք գործոն։

ա) Կարեկցանք։ Ուկրաինացիներն ավանդաբար կարեկցում են նրանց, ում հալածում
է պետությունը՝ լինի արդար թե անարդար։ Հալածանքը միշտ անարդարացի է
համարվում։

բ) Ծանոթ անուն։ Սա իր հերթին ստիպում է տալ հաջորդ հարցը, թե ինչո՞ւ են
ընտրությունների ժամանակ այդքան քիչ կարգին եւ ձեռնհաս մարդիկ, որոնց
կարող են նախապատվություն տալ ուկրաինացի ընտրողները։

գ) Ընդհանուր հավատը բարեփոխումներ անցկացնելու Կուչմայի նախընտրական
խոստումնաշարի նկատմամբ, որոնցից ոչ մեկն, իմ հաշվարկներով, չի
իրականացել։ Դառնալով նախագահ, Կուչման երկրի իշխանությունը հանձնեց
օլիգարխների երամին, որոնց շարքում էին նաեւ իր ընտանիքի անդամները։
Չնայած նրա նախընտրական հայտարարություններին, թե ինքը «նախագահ է դարձել
ոչ թե նրա համար, որ Ռուսաստանից ընկնի վասալային կախման մեջ», Կուչման
շատ արագ ձեռք բերեց այդ կախվածությունը։

1999 թվականին Կուչման մեծ շուքով վարչապետ նշանակեց Վիկտոր Յուշչենկոյին,
ինչն առաջ բերեց համաժողովրդական ոգեւորություն եւ նոր հույսեր։ Դառնալով
վարչապետ, Վիկտոր Յուշչենկոն իր հերթին էներգետիկայի գծով տեղակալ
նշանակեց Յուլյա Տիմոշենկոյին։ Մի քանի ամիս անց Կուչման ազատեց եւ
Յուշչենկոյին եւ Տիմոշենկոյին։

Այս երկուսը միավորեցին իրենց ջանքերը, որ կրկին վերադառնան
քաղաքականություն։ Սկզբում նրանք ճանապարհ հարթեցին դեպի խորհրդարան, ապա
թեկնածու առաջադրեցին Յուշչենկոյին։ Դա լավ բեմադրված քաղաքական պիես էր։
Փաստն այն է, որ Ուկրաինայի համար ինչ ապագա էլ կանխատեսված լիներ,
նարնջագույն հեղափոխությունը անշրջելիորեն երկիրը տարավ դեպի Արեւմուտք եւ
արեւմտյան չափանիշներ։ Հաջորդ նախագահին անկասկած ընտրելու են եւ ոչ թե
նշանակելու Մոսկվայից կամ օլիգարխիկ մաֆիայի շտաբից։ Ինչպես նկատում է մի
ուկրաինացի. «Այստեղ այլեւս չեն սպանում լրագրողներին»։

Հունվարին նորընտիր նախագահ Վիկտոր Յուշչենկոն կառավարություն նշանակեց,
որն իդեալական դեպքում պետք է կազմված լիներ հուսալի մարդկանցից, ովքեր
կիսում էին Ուկրաինայի ապագայի նկատմամբ նրա հայացքները եւ գիտեին, թե
ինչպես օգտվել ժողովրդավարությունից, պետք է կազմված լիներ մարդկանցից,
ում ազնվության ու ձեռնհասության համար հարգում էին ընտրողները։ Ցավոք,
դժվար թե որեւէ մեկն Ուկրաինայում համապատասխաներ այս չափանիշներին։ Դա
անլուծելի խնդիր էր, եւ Յուշչենկոն պաշտոնների նշանակեց այն մարդկանց,
ովքեր օգնել էին իրեն նախագահ դառնալիս։ Նրանցից շատերն առանձնահատուկ
ընդունակություններ չունեին, շատ էլ նվիրված չէին Յուշչենկոյին եւ չէին
կիսում նրա հայացքները։ Եվ այն, որ առաջին կառավարությունն արձակվել է,
չպետք է զարմացնի եւ ցնցի ոչ մեկին։

Ինչպես վերջերս նկատում են գրեթե բոլորը, դժվար է ժողովրդավարություն
ստեղծել այնտեղ, որտեղ այն երբեք գոյություն չի ունեցել։ Դա շատ ժամանակ
կպահանջի։ Ներքաղաքական պայքարը եւս ոչ մեկին չպետք է զարմացնի։ Զարգացած
ժողովրդավարական հասարակությունում իշխանության համար ներքաղաքական
պայքարը բարձրացված է ճշմարիտ արվեստի մակարդակի։

Չնայած Կիեւում ընթացող պայքարին, Ուկրաինայի խորքերում դրական
փոփոխություններ են նկատվում։ Օրինակ՝ Հարկային ոստիկանությունն
ընկերություններին վերաբերվում է ոչ թե որպես թշնամիների, այլ
հաճախորդների։ Օտարերկրացիները հիմա կարող են Ուկրաինա գնալ առանց
հրավերի, ինչը բուռն կերպով զարգացնում է զբոսաշրջությունը։
Հանցագործներին, ում պաշտպանում էր նախկին իշխանությունը, բանտ են
նստեցրել, նույնիսկ Արեւելյան Դոնեցկում։

Յուշչենկոն կվերացնի իր հասցրած վնասի հետեւանքները։ Հավանաբար, նա կխնդրի
առաջին կառավարության իր ամենահուսալի եւ ձեռնհաս ընկերներին` կրկին մաս
կազմել նոր ձեւավորվող կառավարությանը։ Նա կխնդրի նաեւ որոշ մանր
հանցագործների, ովքեր ծառայել են երկրին անցյալում։ Այդ մարդկանց գլսխավոր
արժանիքն այն է, որ նրանց անունները ծանոթ են (հանգստացնող գործոն), իսկ
նրանք չեն կանչվել պատասխանատվության, որովհետեւ նրանց գործած հանցանքներն
առանձնապես մեծ չեն։

Դուրս գալով այս անխուսափելի ճգնաժամից, Յուշչենկոն կունենա չորս տարի,
որպեսզի ընտրողաբար փոփոխի կառավարության որոշ անդամների եւ վերականգնի
սեփական քաղաքական հմայքն ու նոր ուժերի հետ 2009 թվականին առաջադրի իր
թեկնածությունը։ Բայց ամբողջ այս ընթացքում Վիկտորը պետք է ակնդետ հետեւի
Յուլյային։

Ռիչարդ ՇՐԻՎԵՐ, «The Washington Times», ԱՄՆ
Պատրաստեց Տիգրան Պասկեւիչյանը