ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին՝ ասել է. «Նրանք շատ ճիշտ են գնահատում պահը, եւ մեր վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ շատ հարգալից է: Ամեն միտինգից հետո նրանք մեզ են շնորհակալություն հայտնում, մենք` նրանց: Եթե մենք տեսնում ենք, որ հասարակական կարգի խախտում չի նախատեսվում, միտինգը լինելու է շատ խաղաղ, միջոցառումներ չեն իրականացվում»: Միաժամանակ, Ա. Սարգսյանը չի հերքել ընդդիմության դիտարկումը, թե ապրիլի 6-ի հանրահավաքը ոստիկանների կողմից «անուշադրության էր մատնվել» զուտ այն պատճառով, որ այդ օրերին FIDH-ը Երեւանում համագումար էր անցկացնում: «Այդ օրվա միտինգը գտնվել է եվրոպական շատ կառույցների, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ուշադրության կենտրոնում: Մեր ընդդիմությունը նույնպես լուրջ միջոցներ էր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը հսկողության տակ պահեր, որպեսզի ընդդիմության շուրջ հավաքված մարդիկ որեւիցե իրավախախտում թույլ չտային: Առանձնապես մեծ ուժերի կարիք այնտեղ չկար, ընդդիմությունն ինքն էր զբաղվել այդ գործով, որպեսզի միջադեպեր չլինեին»,- խոստովանել է Ա. Սարգսյանը` հավելելով, թե իր կարծիքով` միջազգային կառույցների «աչքին մենք մի քանի անգամ բարձրացանք»: Ա. Սարգսյանը խոստացել է, որ բախումներ չեն լինի նաեւ ՀԱԿ-ի ապրիլի 16-ի երթի ժամանակ. «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը մեր տոնը չի խանգարի, մենք էլ` նրանց երթը: Որեւէ հակահասարակական արարք նախատեսված չէ եւ չի լինելու: Մարդիկ գալու են` նորմալ իրենց երթը անցկացնեն ու գնան տուն»:
Ի դեպ, Ա. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Ղրղըզստանում տեղի ունեցած հեղափոխությանը` ասելով, թե Հայաստանում այդ նախադեպը հնարավոր չէ կիրառել: «Մենք իրադրությանը տիրապետում ենք, մենք Հայաստանում չենք տեսնում այն զանգվածը, որը կփորձի նման քայլի գնալ: Միամտություն կլինի, եթե որեւէ մեկի մտքով դա անցնի: Մարդիկ թող փորձեն քաղաքակիրթ եւ հանգիստ ճանապարհով իրենց պայքարը տանել: Խորհուրդ չեմ տա փորձել նման ճանապարհով հաջողության հասնել»: Ըստ նրա` նմանօրինակ «գունավոր եւ կենդանակերպի տարբեր նշաններով անվանվող» հեղափոխությունները խոշոր քաղաքականության արդյունք են: «Շատ խոշոր երկրներ իրենք քաղաքականությունը փորձում են թելադրել փոքր երկրներին, ինչո՞ւ չէ` կազմակերպում եւ իրականացնում են նման հեղափոխություններ, որոնք խարխլում են տվյալ երկրի հիմքերը»,- ասել է նա: Անդրադառնալով Ղրղըզստանի ներքին գործերի նախարարի սպանությանը` ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ոստիկանապետն ի պաշտոնե միջանկյալ վիճակում չի կարող հայտնվել` կամ պետք է մինչեւ վերջ «պաշտպանի իշխանությունը» եւ հայտնվի «հաղթողի» դերում, կամ` այն դերում, որում հայտնվեց Ղրղըզստանի իր կոլեգան: «Ցավում եմ, որ նրանք իրադրությանը չեն տիրապետել, նրանք չեն կարողացել պահը ճիշտ գնահատել եւ հայտնվել են նման խղճուկ վիճակում: Իշխանությունն իրավունք չունի հայտնվել նման խղճուկ վիճակում: Իշխանությունը կարող է ինչ-որ տեղ զիջել, ինչ-որ տեղ նույնիսկ կարող է հանձնել իր դիրքերը, բայց ոչ այդ ճանապարհով»,- ասել է Ա. Սարգսյանը: