Դիվանագիտական արտաքին գրագրության վրա ես կանգ չեմ առնի: Փաստաթղթերի այս խմբի մասին մանրամասն բացատրություններ կարելի է գտնել տեղեկագրերում եւ տարբեր դասագրքերում: Անդրադառնանք ներքին օգտագործման փաստաթղթերին, որոնք բոլոր երկրների դիվանագիտական ծառայություններում գրեթե նույնատիպ են, սակայն դժվար թե հնարավոր լինի գտնել որեւէ հրատարակությունում: Դրանք, չգիտես ինչու, պարզապես, չկան:
Տարեկան քաղաքական հաշվետվություն: Ինչպես երեւում է վերնագրից, այս փաստաթուղթն ամփոփում է դեսպանության ողջ տարվա աշխատանքը: Այն, հիմնականում, պատրաստվում է արդեն եղած քաղաքական փաստաթղթերի օգնությամբ: Հաշվետվությունը գրվում է ավագ դիվանագետների կողմից եւ ներկայացվում դեսպանի հաստատմանը, որն իր ստորագրությամբ այն ուղարկում է Արտգործնախարարություն՝ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին տասնօրյակում: Հաշվետվությունը խիստ վերլուծական է, արվում է եզրակացություն եւ առաջարկություններ: Հաշվետվության մոտավոր բովանդակությունը հետեւյալն է.
– նախաբան,
– երկկողմ հարաբերություններ (քաղաքական, առեւտրա-տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական, կրթական եւ այլն),
– արտաքին քաղաքականություն (նաեւ միջազգային կազմակերպություններում եւ տարածաշրջանում),
– ներքին քաղաքականություն,
– տնտեսություն,
– գիտություն, կրթություն, մշակույթ,
– աշխատանք համայնքի հետ,
– դեսպանության կադրային աշխատանք,
– եզրակացություն եւ առաջարկություններ:
Նախարարության համապատասխան տարածքային բաժինը մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում է հաշվետվությունը եւ կատարված աշխատանքի գնահատականը փոխնախարարի ստորագրությամբ ուղարկում դեսպանություն: Այլ նախարարություններին եւ գերատեսչություններին վերաբերող առաջարկները Արտագործնախարարությունը առանձին գրություններով փոխանցում է նրանց, հսկողություն սահմանում կատարման ժամկետների վրա եւ արդյունքների մասին տեղեկացնում դեսպանություն: Վերջինս ուղիղ կապի մեջ չի մտնում հանրապետական կազմակերպությունների հետ: Այն իրագործվում է ԱԳՆ-ի միջոցով: Տարեկան հաշվետվության ծավալը 25-30 էջ է: Գրիֆը` խիստ գաղտնի:
Հյուպատոսական հաշվետվությունն ուղարկվում է առանձին: Ծավալը` 7-8 էջ: Գրիֆը` գաղտնի:
Քաղաքական նամակ: Խորը վերլուծական փաստաթուղթ է: Այն կարող է վերաբերել դեսպանընկալ երկրում նախագահական եւ պառլամենտական ընտրություններին, երկրի ղեկավարության փոփոխությանը, քաղաքական ուժերի դասավորությանը, տնտեսական վիճակին, արտաքին եւ ներքին քաղաքականության կարեւոր դրսեւորումներին: Դեսպանությունը որպես կանոն՝ կազմում է երեք քաղաքական նամակ, ամեն եռամսյակ, սկսած երկրորդից: Նամակներից մեկը անպայման վերաբերում է երկկողմ հարաբերությունների համակողմանի վերլուծությանը եւ զարգացման ուղիներին: Քաղաքական նամակը կարող է չպարունակել կոնկրետ առաջարկներ, բայց վերլուծությունը, ինչպես ասվեց, պարտադիր է: Այս փաստաթուղթը, ի տարբերություն տարեկան հաշվետվության, գրում են սահմանափակ թվով փորձառու դիվանագետները: Ստորագրում է դեսպանը: Ծավալը չպետք է անցնի 10 էջից: Գրիֆը` գաղտնի:
Քաղաքական տեղեկանք եւ ինֆորմացիա: Եթե տարեկան հաշվետվությունը եւ քաղաքական նամակը պարտադիր համարվող փաստաթղթեր են եւ ունեն գրելու որոշակի ձեւեր, այս երկուսը կարող են վերաբերել ամենատարբեր թեմաներին (իհարկե, վերջին հաշվով, դրանք քաղաքական են), որոնք հետաքրքրություն են ներկայացնում Կենտրոնի համար: Քաղաքական տեղեկանքը եւ ինֆորմացիան իրարից տարբերվում են նրանով, որ առաջինն անպայման վերլուծական փաստաթուղթ է` եզրակացություններով եւ, անհրաժեշտության դեպքում, կոնկրետ առաջարկություններով հանդերձ, իսկ ինֆորմացիան ավելի շատ փաստագրական նյութ է, առանց վերլուծության, բնականաբար, առանց եզրակացության եւ առաջարկի: Ինֆորմացիան, սովորաբար, գրում են սկսնակ դիվանագետները: Տեղեկանքը եւ ինֆորմացիան ստորագրում են հեղինակները: Արդյունավետ է դիտվում այն դիվանագետի աշխատանքը, որը տարեկան գրում է 6-7 տեղեկանք եւ մոտ 10 ինֆորմացիա: Ծավալը` 4-5 էջ: Ըստ բովանդակության` կարող են լինել գաղտնի կամ բաց:
Մամուլի տեսություն: Ինտերնետային կապի զարգացման պայմաններում այս փաստաթուղթը դիտվում է ժամանակավրեպ: Թեպետ շատ երկրների դեսպանություններ շարունակում են ուղարկել այն ԱԳՆ, որը հատկապես օգտակար է տվյալ երկրով հետաքրքրվողների եւ այնտեղ այցելող պատվիրակությունների համար: Մամուլի տեսությունը քաղաքական հաշվետվությունների համար անփոխարինելի նյութ է: Տեսությունը կազմվում է յուրաքանչյուր ամիսը կամ եռամսյակը մեկ: Գրում են հիմնականում ցածր աստիճան ունեցող դիվանագետները: Ծավալը սահմանափակ չէ: Գրիֆը` բաց:
Քաղաքական բնութագիր կամ քաղաքական դիմանկար: Այս փաստաթղթին մենք հպանցիկ անդրադարձել ենք նախորդ գլուխներում: Դեսպանընկալ երկրի պետական-քաղաքական, հասարակական, կուսակցական, դիվանագիտական, մշակութային գործիչների, խոշոր արդյունաբերողների եւ բիզնեսմենների քաղաքական բնութագրերը կարեւոր նշանակություն ունեն դեսպանության պրակտիկ աշխատանքում: Քաղաքական դիմանկարը ուսումնասիրում եւ վերլուծում են Արտաքին գործերի նախարարությունում, պետական մյուս կառույցներում, երբ անհրաժեշտություն է ծագում կոնկրետ գործչի հետ հանդիպելու, բանակցելու եւ համագործակցելու համար: Փաստաթուղթն արտացոլում է բնութագրվողի քաղաքական գործունեության փուլերը` դինամիկայի մեջ: Ներկայացվում է նրա դիրքորոշումը եւ վերաբերմունքը դեսպանության ներկայացրած երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության նկատմամբ: Այս ենթատեքստում մեջբերումներ են արվում բնութագրվողի ելույթներից, հարցազրույցներից եւ այլ պաշտոնական, ինչպես նաեւ՝ ոչ պաշտոնական ու կոնֆիդենցիալ աղբյուրներից: Հարկ է ցուցաբերել զգուշություն եւ ընտրովի մոտեցում` չսխալվելու ու անճշտություններ թույլ չտալու համար, ինչը կարող է տեղի ունենալ աղբյուրների ակամա կամ դիտավորյալ ապատեղեկացման դեպքում: Փաստաթուղթը ամբողջական եւ սպառիչ չի դիտվի, եթե սահմանափակվի բնութագրվողի զուտ քաղաքական հայացքներով: Այնտեղ հարկ է նմանապես արտացոլել բնութագրվողի խառնվածքը` տեմպերամենտը (սանգվինիկ, մելանխոլիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ), բնավորության գծերը, բարոյակամային հատկությունները, հոգեկերտվածքը: Տվյալ անձնավորության հետ հաղորդակցության եւ հաջող աշխատանքի արդյունքը կախված է նաեւ այն բանից, թե դեսպանությունը որքանով օբյեկտիվ է ինֆորմացված նրա դրական եւ բացասական կողմերի, նախասիրությունների, ընտանեկան կարգավիճակի, պլանների եւ ծրագրերի մասին: Տվյալ պարագայում գործում է դիվանագետների նախասիրած այն սկզբունքը, որը հուշում է «իմանալ դիմացինի մասին ավելին, քան նա գիտե քո մասին»: Քաղաքական բնութագիրն իր տեսակի մեջ ամենամոտն է գրական ժանրին: Փաստաթուղթը «ժառանգական է»: Այսինքն, այն առաջին անգամ գրվելուց հետո մշտապես լրացվում եւ փոխանցվում է դիվանագետների հաջորդ հերթափոխին, այդ իսկ պատճառով բնութագրի տակ հեղինակի ստորագրությունը, սովորաբար, բացակայում է: Ծավալը` 3 էջ: Գրիֆը` խիստ գաղտնի:
Ծածկագիր` շիֆրհեռագիր: Օպերատիվ կապի միջոց, առանց որի անհնար է իրագործել ներկայացուցչության եւ Կենտրոնի հաղորդակցությունը: Իրագործվում է ռադիո կապի, հատուկ շիֆրի (այն հաճախ փոխվում է) եւ վերծանողների մասնագիտացված խմբի` ռեֆերենտուրայի կողմից: Շիֆրը պետության սրբության սրբոցն է, գաղտնիքների գաղտնիքը: Բոլոր պետությունների հատուկ ծառայությունների երազանքի եւ ըղձանքի օբյեկտը: Իսկ դեսպանությունների ռեֆերենտուրան իսկական ամրոց է: Հատուկ պաշտպանված շինություն: Առաջներում` տպագրական մեքենան, հիմա համակարգիչը` այստեղ գործ չունեն: Հեռագրի տեքստը գրվում է հատուկ բլոկնոտում: Ձեռքով: Այն ծածկագրելուց եւ ուղարկելուց հետո, հեղինակի ներկայությամբ ոչնչացվում է: Հեռագրային կապը թանկ հաճույք է: Թերեւս, այդ է պատճառը, որ Հայաստանի ԱԳՆ-ն հրաժարվեց նրանից եւ հույսը դրեց կոմպյուտերային գովերգված` «վստահելի» կապի վրա: Թե ինչ եղավ արդյունքը` գիտեն բոլորը. Ադրբեջանը «ջարդեց» նրա պաշտպանությունը` հասու դառնալով հայկական դիվանագիտական ինֆորմացիային: Եթե դիվանագիտական փաստաթղթերին հատուկ է համառոտ, սեղմ ոճ, հեռագիրը գրվում է լապիդար` գերլակոնիկ լեզվով: Հեռագիրը` դիվանագիտության բարձրագույն պիլոտաժն է, գրագրության կատարյալ արտահայտությունը, որը պահանջում է մեծ փորձառություն, էրուդիցիա, վերլուծական ունակություն, գրելու ձիրք: Այն կազմում են դեսպանները, խորհրդականները, բացառության կարգով` առաջին քարտուղարները: Ստորագրում է միայն դեսպանը: Ծավալը` առավելագույնը 3 էջ: Գրիֆը` խիստ գաղտնի` անկախ հեռագրի բովանդակությունից: (Առանձին, հույժ գաղտնի ինֆորմացիայի դեպքում դեսպանը այն գրում է ձեռքով եւ ուղարկում Կենտրոն` շրջանցելով ռեֆերենտուրան): Դեսպանությունները ունենում են երեք ծածկագրային ծառայություն` երեք ռեֆերենտուրայով հանդերձ. ԱԳՆ, արտաքին հետախուզություն, ռազմական հետախուզություն: Սրանք գործում են իրարից անկախ, հաշվետու չեն իրար, որի հետեւանքով երեք աղբյուրներից դուրս եկող ինֆորմացիաները երբեմն հակասում են իրար` լուրջ քաղաքական հետեւանքներով հանդերձ: Իրաքյան վերջին պատերազմի ժամանակ ամերիկյան հետախուզության տվյալները, օրինակ, չհամընկան դիվանագետների վերլուծության հետ: Բուշը պատերազմ հայտարարեց Սադամ Հուսեյնին, բայց այդպես էլ այնտեղ չգտավ մասսայական ոչնչացման զենք: ԿԳԲ-ն մոլորության մեջ գցեց Կրեմլին: Հետեւանքը եղավ պատերազմը Աֆղանստանի հետ, որը խլեց հազարավոր կյանքեր, խեղեց մարդկային ճակատագրեր:
Հեռագրի ուժը մեծ է եւ դրա հետ պետք է զգույշ վարվել` անգամ մանր թվացող հարցերում: Բոլոր դեպքերում, կրկնենք, որ հեռագրի N 1 պայմանը մնում է սեղմ ոճը եւ լակոնիզմը:
80-ականների սկզբներին Սենեգալում գործում էին երեք կոմունիստական կուսակցություններ` մարքսիստական` Մոսկվայի հսկողության տակ, չինական, որը Աֆրիկայում տարածում էր Մաո Ցզեդունի գաղափարախոսությունը, եւ տրոցկիստական: Նրանք կատաղի պայքար էին մղում, որը նկատելիորեն սրում էր ներքաղաքական իրավիճակը երկրում եւ տարածաշրջանում: Եվ ստացվեց այնպես, որ այդ մասին հարկ եղավ հայտնել Մոսկվա: Դեսպանը բացակայում էր, գրելու էի ես: Առաջին անգամ իմ պրակտիկայում: Երիտասարդ էի եւ անփորձ, ըստ երեւույթին, ոչ զերծ փառասիրությունից: Չէ՞ որ շիֆրհեռագիրը դրվում է փոխնախարարի սեղանին, իսկ առանձին դեպքերում, նաեւ նախարարի: Գրեցի երեք էջ եւ, չնայած ռեֆերենտուրայի փորձված ղեկավարի խորհրդին` կրճատել այն, պնդեցի, որ ուղարկվի այնպես, ինչպես որ կա: Հաջորդ օրը ստացա փոխնախարար Լեոնիդ Իլյիչովի պատասխանը: Ընդամենը մեկ` սպանիչ նախադասություն. «պերեստանտե զասորյատ էֆիր»:
Հեղինակի անձնական արխիվից
Դիվանագիտական զրույց: «Դիվանագիտական ընթերցումներ» շարքում մենք ներկայացրինք դիվանագիտական զրույցի վերաբերյալ հոդվածներ, որոնցում անդրադարձանք հաղորդակցության եւ փոխգործակցության այդ կարեւոր ձեւին, վերլուծեցինք զրույցի հոգեբանական ասպեկտները, կանգ առանք զրույցի նախապատրաստման, նրա տարբեր տեսակների վրա եւ այլն: Ուշադիր ընթերցողը կարող է այդ բոլորն օգտագործել իր աշխատանքում: Արդ, մենք կնկարագրենք, թե ինչպես են դիվանագիտական զրույցները գրառում ու ձեւակերպում, որով եւ կավարտենք այդ փաստաթղթի վերաբերյալ թեման:
Դիվանագիտական զրույցը հաստատող եւ ֆիքսող փաստաթուղթ է: Հետեւաբար՝ վերլուծությունը, բացատրությունները, նկարագրությունները եւ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Օրինակ` «Զրուցակիցը կրում էր մուգ կոստյում, «պապիոն» փողկապ, լայն շրջանակով ակնոցներ» կամ «Զրույցի հենց սկզբից, նա (զրուցակից.- Ա.Ն.) նյարդայնանում էր, ծածուկ հայացքներ էր գցում շրջապատի վրա, ասես փնտրում էր ինչ-որ մեկին, իրար հետեւից ծխում էր «Մարլբորո», վիսկին օգտագործում էր սառույցով, առանց «Պերիեի» եւ կամ «Արեւը մայր մտավ, լուսինը դուրս եկավ»: Այս եւ նման նախադասությունների առկայությունը, (իսկ այսպիսի դեպքեր շատ են լինում), ընդունված ձեւ չէ եւ կարող է մատնել դիվանագետի անփորձությունն ու թույլ պատրաստությունը: Հիշեք: Դուք զրուցում եք դիմացինի (կամ դիմացինների) հետ կապեր հաստատելու, եթե դրանք արդեն կան` սերտացնելու, եւ ամենագլխավորը` ձեզ հետաքրքրող ինֆորմացիա ստանալու համար: Դուք պետք է ավելի շատ լսեք, քան խոսեք, ավելի` ստանաք, քան` տաք: Դրանում է կայանում դիվանագետի վարպետությունը: Հակառակ դեպքում դուք կներկայանաք՝ որպես դիվանագետ-սիրող, որը Հ. Նիկոլսոնի խոսքերով՝ ի սկզբանե ցուցաբերում է անփութություն: (Այս ամենի մասին մենք մանրամասն խոսել ենք): Եթե դիվանագետը գործընկերոջը հանդիպում է առաջին անգամ եւ անպայման ցանկանում է նրան ներկայացնել, կարող է դա անել զրույցի վերջում` ծանոթագրության տեսքով: Զրույցի լեզուն եւ ոճը նույնն են, ինչ որ մյուս փաստաթղթերինը` սեղմ, կարճ, լակոնիկ: Առանց մակդիրների եւ ածականների չարաշահման: Զրույցը գրառվում է երրորդ դեմքով: Հանդիպմանը կարող են մասնակցել մեկից ավելի զրուցակիցներ, ինչը ցանկալի չէ:
Դիվանագիտական շատ ծառայություններում զրույցը համարվում է գրառում «Դիվանագետի օրագրից» եւ ներկայացվում է ներքոհիշյալ սխեմայով: (Անուն-ազգանունները եւ պաշտոնները մտացածին են):
Զրույցը կարող է գրառվել պիեսի կամ սցենարի ձեւով.
Դեսպան: Նշեց, որ,…..
Նախարար: Նկատեց, որ …..
Դեսպան: Պատասխանեց…..
Այս տիպի զրույցներ քիչ են հանդիպում: Խորհուրդ է տրվում զրույցի կետերը դասավորել ըստ կարեւորության. 1, 2, 3 եւ այլն: Եթե զրույց կայացել է` այն պետք է գրառվի, եթե գրառվել է` պետք է ուղարկվի Կենտրոն: Ուշադրության արժանի ինֆորմացիա պարունակող զրույցի հիման վրա կազմվում եւ ուղարկվում է հեռագիր: Դեսպանների մոտ միտում կա զրույցի փոխարեն ուղարկել միայն հեռագիր: Դա վատ պրակտիկա է, քանի որ զրույցները Կենտրոնում պահպանվում են, իսկ հեռագրերը` ոչնչացվում: Հետեւաբար՝ ԱԳՆ-ն զրկվում է հետագայում ինֆորմացիայի վրա աշխատելու հնարավորությունից: Ընդունված կարգ է, որ դիվանագետը տարեկան Կենտրոն ուղարկի 40-45 զրույցի գրառում: Այս թիվը բացարձակ չէ, բայց երբ պակաս է, ամենեւին չի խոսում դիվանագետի օգտին, ինչ աստիճան էլ որ նա ունենա: Այս պրակտիկան չի տարածվում միայն դեսպանների վրա:
Ինչպես արդեն ասել ենք, դիվանագետը պետք է հետեւի մի ոսկե կանոնի` լինի ճշմարտախոս, երբեք չաղավաղի ինֆորմացիան: Քաղաքական սուտը պետություններ է կանգնեցրել պատերազմի եզրին: Եվ մեկ էլ նա պետք է կարողանա դիմադրել մարդկային թուլությանը եւ չգրի այն, ինչը չի ասվել, բայց կուզենար, որ ասվեր:
Հայկական դիվանագիտության արշալույսին մենք ունեցել ենք դեսպան, որի օրագրի գրառումները կատարյալ պանեգիրիկ էին իր իսկ հասցեին, ինքնագովազդի եւ ինքնափառաբանման դասական ձոն: Նա, օրինակ, սեւով սպիտակի վրա գրում էր. «Արտգործնախարարությունում ինձ պաշտոնապես ասվեց. «Որքան հեռատես է գտնվել, որքան ճիշտ է վարվել Հայաստանի կառավարությունը, որ ձեր նման խելացի, բանիմաց, զարգացած անձնավորությանը դեսպան է ուղարկել մեր երկիր»:
Հեղինակի անձնական արխիվից
Այսպիսով, մենք ավարտում ենք տվյալ հոդվածաշարքը դիվանագիտության հաղորդակցության արվեստի եւ տեխնիկայի վերաբերյալ: Դիվանագիտության այլ թեմաների «168 Ժամը» կանդրադառնա ամեն հինգշաբթի, ինչպես որ խոստացել էինք: Տպագրված բազմաթիվ հոդվածներում ես ամենեւին հավակնություն չեմ ունեցել լինել վերջին ատյանի ճշմարտություն: Ոչ էլ բարոյագիտական սենտենցիա քարոզել: Դրանք, ընդամենը, տարիների աշխատանքի եւ կենսափորձի բարձրաձայն մտորումներ են, վերարտադրություն, որոնք ես անկեղծորեն կցանկանայի փոխանցել երիտասարդներին:
Եվ վերջինը: Դիվանագիտության արվեստի մեծերից Ժյուլ Կամբոն ասել է. «Չկա այնպիսի մասնագիտություն (բացի դիվանագիտությունից), որտեղ լինեն այդքան քիչ քարացած օրենքներ»: Իրոք, ամեն դիվանագետ, ամեն դեսպան, վերջին հաշվով, ունի իր ձեռագիրը, իր ոճը: Բայց պրոֆեսիոնալ դիվանագետի համար կա մի պարտադիր ոճ, մի հավատամք. նվիրվածություն, աշխատանք, մեկ էլ անկեղծություն, որքան էլ որ այն ախորժալուր չհնչի ղեկավարության ականջին: Եվ այդ անկեղծության եւ ճշգրտության մեջ է ներփակված պետության արտաքին քաղաքականության հաջողության գրավականը:
Շարունակելի