Մրցույթ ՌԴ ուսումնական հաստատություններում սովորելու համար (2010թ.)

17/04/2010

ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2010-2011 ուս. տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուս. հաստատություններում բուհական (100 կրթաթոշակ) եւ հետբուհական (15 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

– դիմում` մրցույթին մասնակցելու համար,

– դիմում-հարցաթերթիկ,

– ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

– միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի եւ ներդիրի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները` առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից ռուսերեն թարգմանված եւ վավերացված,

– բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության եւ ՁԻԱՀ-ի վերաբերյալ (ռուսերեն լեզվով),

– անձնագրի պատճենը,

– ծննդյան վկայականի պատճենը (Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում ՌԴ դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված եւ վավերացված),

– արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,

– 3×4 չափսի 6 լուսանկար:

Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաեւ.

– ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ եւ գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ,

– օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան,

– ՌԴ բուհերի շրջանավարտները` տվյալ բուհի համաձայնությունն ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:

Մագիստրոսական կրթության համար կարող են դիմել միայն 2010թ. ՌԴ բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բակալավրի կոչում եւ բուհի համաձայնությունը` մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: ՀՀ բուհերի շրջանավարտները, որոնք ունեն բակալավրի կոչում, կարող են դիմել միայն ՌԴ համապատասխան բուհի կողմից տրված համաձայնության առկայության դեպքում:

Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009թ. ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ:

Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն եւ անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ ս.թ. մայիսի 4-ը (ներառյալ) ՀՀ ԿԳՆ միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն (ք.Երեւան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Մրցույթը տեղի կունենա Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում (Հանրապետության 73) ս.թ. մայիսի 7-ից մինչեւ մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում: