Կծու դրախտ

17/04/2010

Անցել են այն ժամանակները, երբ համեմունքի փոխարեն օգտագործվում էին միայն պղպեղը կամ դափնու տերեւը: Այսօր ամեն մի ճաշատեսակի կամ աղցանի համար նախատեսված է առանձին համեմունք:

Հետաքրքիր է, թե այդ համեմունքները ինչ բուժական ու համային հատկություններով են օժտված, եւ ինչպես պետք է դրանք պահել՝ այդ հատկությունները պահպանելու համար: Շատ համեմունքներ պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղեր, որոնք կործանարար ազդեցություն կարող են ունենալ թունավոր միկրոօրգանիզմների համար: Օրինակ` պղպեղի, դարչինի, կոճապղպեղի ու մեխակի հակաբակտերիալ հատկությունները կանխում են աղիքային տարբեր խանգարումների զարգացումը: Դրանք նաեւ հրաշալի համ են հաղորդում սնունդին, բայց պետք է զգույշ լինել համեմունքների հետ, որովհետեւ դրանց չափից շատ գործածությունը կարող է փչացնել կերակրի համը, իսկ որպեսզի այդ ամենը ճիշտ ժամանակին ու չափով լինի` պետք է հետեւել մեր խորհուրդներին: Օրինակ` աղացած, արդեն փոշի դարձրած համեմունքները ճիշտ կլինի սնունդին ավելացնել, երբ այն արդեն պատրաստ է, կամ ուտելու ընթացքում, իսկ ամբողջականը հատիկներով պետք է խառնել սնունդին՝ ընթացքում:

Հնդկական չամանը դրական ազդեցություն կարող է ունենալ լյարդի ու լեղապարկի աշխատանքի վրա: Այն շատ լավ ազդում է այտուցների վրա: Բացի այդ, շատերը չամանի սերմերը ծամում են, որպեսզի մարսողությունը կարգավորվի: Շատ համեղ ու յուրահատուկ համ են սննդին հաղորդում սեւ ու կարմիր պղպեղները, բայց, այնուամենայնիվ, շատերին խորհուրդ չի տրվում համեմունքներ օգտագործել, այն էլ` կծու:

Կան մարդիկ, ովքեր ստամոքսի առատ արտադրվող ստամոքսահյութի պատճառով չեն կարող շատ համեմունքներ օգտագործել: Դրանք հիմնականում կծու համ ունեցող համեմունքներն են, որ պարունակում են կծու գլիկոզիդներ:

Որպեսզի համեմունքները պահպանեն իրենց օգտակար հատկությունները, հարկավոր է ճիշտ պահել: Առաջին հերթին համեմունքները անհրաժեշտ է պահել փոքր ամաններով, քանի որ դրանք երկար մնալով՝ կորցնում են իրենց բույրը, համն ու օգտակար հատկությունները: Բացի այդ, դրանք պետք է պահել հերմետիկ ամաններում, քանի որ դրանց մեջ եղած եթերային յուղերն արագ գոլորշիանում են:

Թերեւս, ամենաանփոխարինելի համեմունքը աղն է, սակայն մասնագետները գտնում են, որ այն եւս կարելի է փոխարինել տարբեր համեմունքներով` պղպեղ, քացախ, կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, որ եւ համեղ է, եւ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլին: Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, դա այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: Կարելի է նաեւ բանջարեղեններով ու մրգերով սոուս պատրաստել: Կարելի է 2 հատ լոլիկը, 1 հատ կիտրոնը, 1 հատ կանաչ խնձորը կտրատել ու հարիչով հարել: Ստացվում է շատ համեղ սոուս: Այն հատկապես համեղ է մսից պատրաստված կերակրատեսակների հետ: