Ինչպես պայքարել գիշերային ախորժակի դեմ

17/04/2010

Ինչն է ստիպում ամբողջ օրվա ընթացքում բազմազան ուտելիքից իրեն զրկող, կազմվածքին հետեւող կնոջը` արդեն ուշ երեկոյան բացել սառնարանի դուռը: Եթե անզուսպ ուտելը երեկոյան կամ գիշերային ժամերին ձեր թուլությունն է, ապա մեր խորհուրդները կարող են օգնել տիրապետել այդ զգացմանը:

Տարօրինակ է, իսկապես ողջ օրվա ընթացքում հրաշալի տիրապետում ենք մեզ, սնվում միայն ցածր կալորիականությամբ սնունդով, բայց երեկոյան արդեն անհետանում է կամքի ուժը, եւ կարող ենք դատարկել սառնարանը:

Ի՞նչ է տեղի ունենում երեկոյան: Շատ տարիներ գիտնականները մտածում էին, որ երեկոյան ընդունած սնունդը անդրադառնում է մեր քաշի վրա, քանի որ արդեն այդ ժամին մեր օրգանիզմը չի կարող օգտագործել ստացած կալորիաները: Բայց ինչպես վկայում են բրիտանացի մասնագետները` կապ չունի, թե օրվա որ ժամին ես դու ստանում այդ կալորիաները: Բանն այն է, որ «ստոպ-տագնապը», որը մեր օրգանիզմին, այսպես ասած, կանգնեցնում է՝ ասելով` դու կուշտ ես, գիշերն ավելի վատ է աշխատում, քան ցերեկը, եւ այս դեպքում գիշերային խնջույքների սիրահարները, որպես կանոն, ավելի են ուտում: Բացի այդ, եթե դուք օրվա ընթացքում սնվել եք ոչ կանոնավոր ռեժիմով ու քիչ կալորիականությամբ սնունդով, ապա երեկոյան անպայման ավելի կալորիաներով «կպարգեւատրեք» ձեզ եւ` ավելի քաշն անխուսափելի է:

ԱՄՆ-ի Առողջապահության Ազգային ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ ինքնատիրապետման մակարդակը ավելի բարձր է առավոտյան հանգիստ քնից հետո, որն օրվա ընթացքում հետզհետե սկսում է նվազել: Հետաքրքիր ապացույցներ կան այն մասին, որ մթությունն ինքն իրենով ազդում է մեր զսպվածության վրա: Կալիֆոռնիայի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ցերեկային լույսի տակ ավելի շատ են հետեւում իրենց արարքներին ու զսպվածությանը, բայց հենց մթնում է` մարդիկ թուլանում են: Այս ձեւով երեկոյան հեռուստացույցի առջեւ հարմար տեղավորված մարդը առանց զգալու կարող է դատարկել թխվածքաբլիթների ողջ տուփը:

Գիշերվա ուտելուց խուսափելու համար առաջարկում եմ մի քանի միջոց, որոնք անպայման կօգնեն ձեզ:

Առաջին հերթին հարկավոր է պլանավորել օրվա ընդունելիք սննդի քանակը եւ աշխատել այդ կալորիաների գոնե 2/3 մասն ընդունել մինչեւ ընթրիքը: Եվ պետք է ընթրել շուտ, որովհետեւ որքան ավելի ուշացնում եք ընթրիքը, այնքան ավելի շատ եք քաղցում, հետեւաբար ավելի ագահ կուտեք` չվերահսկելով ինքներդ ձեզ: Անհրաժեշտ է միշտ սնվել սեղանի մոտ` կենտրոնանալով պրոցեսի վրա: Ուտելու ընթացքում չարժե զբաղվել ոչ մի բանով` հեռուստացույց նայել, կարդալ։ Հակառակ դեպքում մինչեւ հասկանաք, որ կշտացել եք` շատակերություն կստացվի:

Շատ կարեւոր է վերահսկել ալկոհոլի ընդունման քանակը: Առաջին հերթին ալկոհոլը ավելորդ կալորիաների քանակ է, երկրորդն էլ` այն թուլացնում է ինքնատիրապետումը եւ գրգռում ախորժակը:

Կան մարդիկ, որոնց մոտ հենց սթրեսը կարող է առաջացնել շատակերություն: Նրանց խորհուրդ է տրվում այլ միջոցներով դուրս գալ սթրեսային վիճակներից: Այս դեպքում շատ լավ միջոց է յոգան: