Հուլիսի 20-ին

13/04/2010

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ հայտարարել է, որ համաձայն ՀՀ օրենքի` հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հերթական մրցույթը կայանալու է հուլիսի 20-ին: Ամալյանի ասելով` այդ մրցույթը «մաքուր էջ» է, հետեւաբար հեռուստահեռարձակման լիցենզիա ստանալու համար կարող են մասնակցել եւ՛ նախկինում գործող հեռուստաընկերությունները, եւ՛ նրանք, ովքեր նոր են ցանկանում գործունեություն սկսել հեռուստահեռարձակման ոլորտում: Ինչ վերաբերում է մրցույթի անցկացման նոր կարգին, որի համար կառավարությունը նոր ընթացակարգ է մշակում` ներառելով նաեւ թվային հեռարձակողների համար սահմանված պայմանները, ապա դեռ պարզ չէ, թե արդյո՞ք կառավարությունը մինչեւ մրցույթը ավարտին կհասցնի օրենսդրական նախաձեռնությունը: «Հարցն այն է` կհասցնե՞նք մրցույթն անել նորացված օրենքով` թվային հեռուստատեսության համար, թե՞ կանենք, ինչպես նախկինում, այսինքն` անալոգային հեռարձակման համար»,- ասել է Գ. Ամալյանը: