Երեկ Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման վերաբերյալ որեւէ մանրամասն երեկվա դրությամբ չէր հաղորդվել: Հայտնի էր միայն, որ այն տեւել է 45 րոպե: Ամենայն հավանականությամբ, այսօր Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Իսկ մինչ Բարաք Օբամայի հետ հանդիպումը երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություններ չեն հնչել: Սակայն հանդիպումից հետո
Ս. Սարգսյանի եւ Ռ. Էրդողանի ունեցած ելույթներից ընդհանուր տպավորությունն այն է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում երեկ առանձնապես շոշափելի առաջխաղացում չի արձանագրվել: Այդուհանդերձ, երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ` հղում անելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացրել են, թե «կողմերը միասնական եզրահանգման են եկել
հայ-թուրքական արձանագրությունների կենսագործումը համատեղ ջանքերով արագացնելու հարցում»: Անկախ այս հանդիպումների արդյունքներից, սակայն, ակնհայտ է, որ այն առաջին հերթին Օբամային հնարավորություն է տալու ընդամենը մի քանի օր հետո չարտասանել «ցեղասպանություն» բառը: