«Ճնշումներ կլինեն հայկական կողմի վրա»

13/04/2010

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երեկ` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վաշինգտոնում կայանալիք հանդիպումներին, ասել է, թե դժվար այդ հանդիպումներն ինչ-որ առաջընթաց ապահովեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Այս հանդիպման առանցքային կետը, կարծում եմ, առաջին հերթին լինելու է Միացյալ Նահանգների համար դեմքը փրկելու հարցը: Ապրիլի 24-ին նախագահ Օբաման, կարծում եմ, մի ելույթ կարտասանի, որ իր գնահատականները բոլորը գիտեն, սակայն այն կոնտեքստում, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգացում են ապրում, եւ կխուսափի մեր կողմից սպասվելիք արտահայտություններն արտաբերելուց: Միացյալ Նահանգների նախագահը պետք է գտնի ձեւ եւ փորձի խուսափել ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը արտասանելուց, եւ սա հնարավորություն է իր համար, կողքին ունենալով Սարգսյան-Էրդողան զույգը, հայտարարելու, որ այս պրոցեսն ընթանում է, ուստի եւ ինքը, չուզենալով խոչընդոտել պրոցեսին, չի հայտարարում: Էրդողանը շատ լավ հասկանում է, որ ինքն էլ իր դիվիդենտն է ստանալու, որովհետեւ նման հայտարարություն չի լինելու: Թե ի՞նչ է ստանալու Սերժ Սարգսյանը` որեւէ մեկը, կարծում եմ, չի կարող գուշակել»,- ասել է Ա. Զուրաբյանը` հավաստիացնելով, թե Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների շրջանակում հայ-թուրքական հարաբերությունների կամ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: «Համոզված եմ, որ ճնշումներ կլինեն հայկական կողմի վրա Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի զիջումներ իրականացնելու` ենթադրենք՝ 5 շրջան հանձնելու, եւ այլն: Համոզված եմ նաեւ, որ Ս. Սարգսյանը կփորձի գտնել տարբերակ որեւէ բան չստորագրելու: Սերժ Սարգսյանն իր առջեւ դրած խնդիրը լուծել է, իսկ այդ խնդիրը հետեւյալն է եղել` փորձել զերծ մնալ ճնշումներից մարտի 1-ի ոչ դեմոկրատական սկզբունքներով անցկացված ընտրությունների մասով, եւ կարողացել է գտնել տարբերակ` խուսափել պատասխանատվությունից»,- ասել է Ա. Զուրաբյանը: