Սպասումներ, սպասումներ, սպասումներ

13/04/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի հասարակության քննարկման հիմնական թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձն էր եւ այդ լուրերի վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը։ «Իսկ պարոն Քոչարյանը երբ էր քաղաքականությունից հեռացել, որ հիմա էլ պետք է վերադառնա»,- Տավուշում լրագրողներին պատասխանել էր Սերժ Սարգսյանը։

Նույն ճեպազրույցի ընթացքում Ս. Սարգսյանը խոսել էր նաեւ պատերազմի վերսկսման հնարավորության, կառավարության աշխատանքի, վարչապետի հնարավոր պաշտոնանկության եւ տնտեսական ճգնաժամի մասին։ Ճգնաժամի վերաբերյալ Ս. Սարգսյանի գնահատականները մի տեսակ դուրս մնացին մամուլի ուշադրությունից, սակայն դրանք իրականում շատ լավ բացատրում են ՀՀ իշխանական վերնախավի վարքագծի ողջ տրամաբանությունը։

Հիշեցնենք, որ ճգնաժամի թեման նորովի բորբոքվեց, երբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարեց, որ Հայաստանը պատվով հաղթահարել է ճգնաժամը։ Այդ հայտարարությանը հետեւեցին բազում արձագանքներ, ինչը հանգեցրեց անգամ որոշակի ներքին խժդժությունների իշխող ՀՀԿ-ի ներսում։ Տավուշում Սերժ Սարգսյանն ավելի զգուշավոր պատասխան տվեց, քան նախարարը՝ նշելով, որ գտնվում ենք վերականգնման փուլում։ Սակայն մյուս կողմից՝ Ս. Սարգսյանը փորձեց արդարացնել «պատվով հաղթահարման» գաղափարակիրներին՝ դա հիմնավորելով սպասումների տեսությամբ։

«Այն մարդիկ, ովքեր ասում են, թե Հայաստանում ճգնաժամն ամբողջովին հաղթահարվել է, եթե ելնում են այս տեսանկյունից, որ դրական սպասումներ ձեւավորեն, որպեսզի բնակչությունը սկսի ծախսել, շինարարը` կառուցել, մեքենա գնողը` գնել, եւ այլն, ապա նրանց ասածը ողջունելի է: Իսկ եթե ասում են, որ ի ցույց դնեն կատարված աշխատանքը կամ հպարտանալու տեղեր են փնտրում, ես դա, իհարկե, չեմ կարեւորում եւ արժեւորում: Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է, նրանք էլ թերեւս իրավունք ունեն այդպիսի կարծիք հայտնելու: Եթե կարծիք են հայտնում, որպեսզի կառավարությանը շահագրգռեն, որ ավելի ինտենսիվ աշխատի, դա մի բան է, բայց եթե ասում են, որ վիճակն ավելի վատանա, վատ սպասումներ ձեւավորեն, ապա դա բոլորովին այլ բան է, եւ նման մոտեցումն ինձ համար ընդունելի եւ ընկալելի չէ»։

Այսինքն՝ եթե Ներսես Երիցյանը այդ հայտարարությունն արել է «գլուխ գովալու» համար, ընդունելի չէ։ Իսկ եթե արել է, որպեսզի հասարակությանը դրական ազդակներ, սպասումներ հաղորդի՝ ողջունելի է։ Ստացվում է՝ պետական պաշտոնյան կարող է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անել, եթե դա անում է ազնիվ մղումներով։ Տվյալ դեպքում՝ դրական սպասումներ ձեւավորելու ցանկությամբ։ Մի կողմ թողնենք այն, որ գործնականում անհնար է որոշել, թե պաշտոնյային ի՞նչն է դրդում «ճոռոմ» բաներ ասել՝ ինքնարդարացման կամ հպարտանալու ձգտո՞ւմը, թե՞ իրոք դրական սպասումներ ձեւավորելու արդար ցանկությունը։ Եթե անգամ գործ ունենք վերջին պատճառի՝ դրական սպասումների հետ, ապա մեզանում դա լրիվ անիմաստ զբաղմունք է։ Փորձենք պարզաբանել։ Տնտեսվարող սուբյեկտը իր գործողությունները պլանավորելիս փորձում է անորոշության մեջ մոտավոր կանխատեսել հետագա զարգացումները, հետագա պայմանները (ինչպես իր, այնպես էլ՝ ընդհանուր տնտեսության համար)։ Այլ կերպ ասած՝ ինքն իր համար սպասումներ է ձեւավորում։ Ժամանակակից տնտեսագետները պնդում են, որ այսօր սպասումները ձեւավորվում են ոչ թե ինտուիտիվ կամ կոպիտ հաշվարկների, այլ շատ լուրջ վերլուծությունների միջոցով, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է լուրջ ընկերություններին եւ լուրջ գումարներին։ Իսկ լուրջ վերլուծությունների մեջ, օրինակ, «ճգնաժամը պատվով հաղթահարած» լինելու մասին կարծիքը ընդհանրապես տեղ չի գտնի։ Հայաստանում կան, իհարկե, նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք մասնագիտական խորը ռազմավարություններ չեն մշակում, սակայն ամենախոշոր հարկատուների մեջ են մտնում։ Այսինքն՝ նրանց տրված է ինչ-որ ապրանքատեսակ ներմուծելու կամ վաճառելու մենաշնորհ, եւ նրանք առանց ուղեղները լարելու՝ պարզապես փող են աշխատում։ Այս մարդիկ, որպես կանոն, Ներսես Երիցյանին եւ մյուս տնտեսագետներին ընդհանրապես չեն լսում, իսկ ապագա զարգացումների իրենց «տեսլականը» կազմում են խաշի սեղանների շուրջ կամ սաունաներում՝ հենց իշխանության մեջ եղած մարդկանցից ստանալով իրենց անհրաժեշտ ինֆորմացիան։ Այնպես որ՝ հայրենի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու մասին խոսելով՝ չի կարող դրական սպասում հաղորդել խոշոր տնտեսվարողներին, որոնց վրա հենված է մեր տնտեսությունը։ Սա՝ խոշոր տնտեսվարողների մասով։ Իսկ, ասենք, անհատների կամ ընտանիքների մոտ հնարավո՞ր է դրական սպասումներ ձեւավորել՝ ճգնաժամի հաղթահարման մասին խոսելով։ Անհատները խորը վերլուծություններ չեն անում, ավելի շատ հենվում են ինտուիցիայի վրա, սակայն անգամ այս դեպքում դրական սպասումներ ձեւավորելը գրեթե անհնար է։ Գոյություն ունի, այսպես ասած, ադապտիվ սպասումների կանոն, որի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է. մարդիկ վերանայում են ապագայի վերաբերյալ իրենց սպասումները՝ հաշվի առնելով նախկին փորձը։ Այսինքն՝ իրենք իրենց համար վերլուծում են, թե իրենց նախկին սպասումները որքանո՞վ արդարացան։ Օրինակ՝ քաղաքացին վերհիշում է, որ նախորդ տարվա հունվարին փորձում էր կողմնորոշվել՝ ինչ արժույթով պահի իր խնայողությունները։ Հիշում է, որ կառավարությունն ու ԿԲ-ն կոչ էին անում դրանք պահել դրամով։ Այսինքն՝ սպասումներ էին ձեւավորում, որ փոխարժեքը կայուն կլինի։ Հետո ընդամենը մեկ ամիս անց դրամը «պայթեց»։ Կամ հիշում է, որ 2008թ. մեծ ծրագրեր էր կազմել հաջորդ տարվա համար՝ հավատալով կառավարության հավաստիացումներին, որ ճգնաժամը կշրջանցի մեր երկիրը։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին։ Մի խոսքով՝ Հայաստանի ցանկացած քաղաքացու կողմից նման թեթեւ վերլուծությունը կհանգեցնի նրան, որ կառավարության ձեւավորած սպասումներին ընդհանրապես պետք չէ հավատալ։

Եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ Հայաստանի բնակչության մոտ ի սկզբանե քրոնիկ անվստահություն կա իշխանության ցանկացած խոսքի ու գործի նկատմամբ, ապա «դրական սպասումներ ձեւավորելու» փորձերը լրիվ անիմաստ են դառնում՝ հատկապես, երբ հայտարարություններն ակնհայտորեն հակասում են իրականությանը։ Կես բաժակ ջրի դեպքում կարելի է ասել՝ բաժակը կիսով չափ լիքն է՝ դրական ազդակ հաղորդելու նպատակով։ Սակայն, երբ բաժակը դատարկ է, նման արտահայտությունը միայն ծիծաղ կառաջացնի։ Ստացվում է, որ փաստերն ու ճշմարտությունները ստորադասվում են լավատեսական հույսեր արթնացնելու անիմաստ փորձերին, իսկ պետական պաշտոնյան իր բուն գործով զբաղվելու փոխարեն՝զբաղվում է հիպնոսով։

Հ.Գ.
Իշխանական ճամբարի ներկա եւ նախկին որոշ ներկայացուցիչներ, փորձելով տնտեսական դժվարությունների հարցում քննադատության թիրախը նախագահից շեղել, նշում են, որ նրան սխալ ինֆորմացիա են հասցնում։ Այսինքն՝ տնտեսական բլոկի պատասխանատուները նրան ամեն ինչ ներկայացնում են վառ գույներով։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում նրանց արածը արդարացվա՞ծ է, եթե դա անում են ուղղակի նախագահի մոտ դրական սպասումներ ձեւավորելու եւ լավ տրամադրություն հաղորդելու համար։