Մեր խորհրդարանում այսօր մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք խոշոր ձեռնարկությունների կամ «հոլդինգների» ու «կոնցեռնների» սեփականատեր չեն: Նրանցից շատերի համար նույնիսկ անպատվաբեր է, որ պատգամավորը չունենա սեփական բիզնես. էլ ի՞նչ պատգամավոր, որ առնվազն մի գործարան, մի քանի սեփական երթուղագիծ ու բենզալցակայան չունենա: Թեեւ, ինչպես հայտնի է, դա արգելված է Սահմանադրությամբ: Բացի այդ, սովորաբար, նման պատգամավորները, հատկապես տնտեսական օրենքների քննարկման ժամանակ, առաջնորդվում են ոչ թե այն գաղափարով, թե բիզնեսի տվյալ ճյուղը որքանով կնպաստի տնտեսության զարգացմանը, այլ այն մղումով, թե այդ օրինագիծը ինչքանով կհաստացնի սեփական դրամապանակը: Այդպես պատահեց, օրինակ, նախորդ տարի, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Հարկային փաթեթը»: Վիճահարույց փաթեթի կետերից մեկով էլ նախատեսվում էր, որ Հարկայինը պետք է իր ներկայացուցիչն ունենա խոշոր ձեռնարկություններում` վերջիններիս ելքն ու մուտքը վերահսկելու համար: Պատգամավորներն այնպես էին իրար խառնվել, որ թվում էր` վերջին 10 տարում ավելի կարեւոր օրինագիծ ԱԺ-ում չի քննարկվել: Խորհրդարանում ելույթ ունեցան նույնիսկ այն պատգամավորները, որոնք ընտրողներին վերջին անգամ ներկայացել էին քարոզարշավի ժամանակ:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ «պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, աշխատել առեւտրային կազմակերպությունում, կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Սահմանադրության այս դրույթն այդպես էլ մնաց թղթի վրա: Եվ ահա, կառավարության վերջին` նախորդ շաբաթվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հարյուրերորդ անգամ բարձրաձայնեց, որ էթիկայի հանձնաժողովները վերահսկողության տակ կվերցնեն պատգամավորներին եւ նախարարներին: «Թույլ չենք տա, որ նրանք անմիջականորեն զբաղվեն բիզնեսով»,- ասաց նա: Իրեն ապահովագրելու համար վարչապետն օգտագործեց «անմիջականորեն» բառը, ինչն ուղղակիորեն նշանակում է` դե կարող եք զբաղվել, բայց այնպես արեք, որ փաստաթղթերում ձեր անունները չերեւան: Վարչապետի այս հայտարարության հետ, բնականաբար, ոչ բոլոր գործարար պատգամավորներն են համամիտ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Ղազարյանը, ով հայտնի է նաեւ՝ որպես «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, մեզ հետ զրույցում ասաց. «Դա, կարծում եմ, նոր բան չէ, դա ֆիքսվեց նաեւ սահմանադրության վերջին փոփոխություններով: Եթե նախկինում պատգամավորը կարող էր լինել ընկերության խորհրդի նախագահ, ապա հիմա չի կարող: Ես դրա հետ մի քիչ համաձայն չեմ: Այսինքն, եթե նա սեփականատեր է, բայց խորհրդի նախագահ չէ, ինչ է` դադարո՞ւմ է մասնակցել իր ունեցած սեփականության կառավարման ու տնօրինման գործընթացին: Ոնց ուզում է լինի` ինչ-որ բանով կհետաքրքրվի չէ՞: Բացի այդ, այստեղ մի խնդիր կա, ասենք, եթե մեկը 5 հեկտար կամ 1 հեկտար հող ունի, սեփականատեր է չէ՞, այդ հողի վրա նա ինչ-որ գործունեություն է իրականացնում, հիմա նա բիզնեսմե՞ն է, թե՞ ոչ:
Օրինակ, կարող է Հանրապետական կուսակցությունը թիմային կարգով որոշի, որ ԱԺ համամասնական ցուցակում գործարարներ չընդգրկվեն, բայց մեծամասնական կարգով առաջադրվողին ո՞նց կարող ենք ասել՝ չէ, գիտե՞ս, դու բիզնես ունես, դու պետք է չառաջադրվես: Մի բան էլ` մարդը սեփականատեր է լինում, հետո երեխաները մեծանում են, եւ նրանք են շարունակում այդ բիզնեսով զբաղվել, բայց ինքը մնում է որպես սեփականատեր: Ինչ է` հաշվենք, որ այդ մարդը բիզնեսմեն է եւ պետք է պատգամավոր չդառնա՞: Նույն բանը վաղը կարող է լինել ինձ հետ, ճիշտ չի լինի ինձ չհամարել գործարար եւ ճիշտ չի լինի նաեւ այդ դեպքում ինձ համարել գործարար ու չթողնել պատգամավոր դառնալ:
Իսկ ընդհանրապես լավ կլինի, որ եւ կառավարության պետական չինովնիկները, եւ ԱԺ պատգամավորները որեւէ բանով կաշկանդված չլինեն, այսինքն՝ չլինեն սեփականատեր, չլինեն գործարար, բայց մի քիչ դժվար է հարցն այդպես միանշանակ դիտարկել»: Մեր այն հարցին, թե շա՞տ ժամանակ է ծախսում պատգամավորը իր բիզնեսով զբաղվելու համար, եւ ի՞նչ վերաբերմունք ունի այն հարցի վերաբերյալ, որ գործարար պատգամավորները օրենքները ծառայեցնում են իրենց շահերին, Մ. Ղազարյանը պատասխանեց. «Հիմա ես շատ քիչ ժամանակ եմ ծախսում, բայց սուտ կլինի ասել, որ չեմ ծախսում, այսինքն, սահմանադրության խախտում արդեն կա այստեղ, եւ բոլորն են ինչ-որ չափով մասնակցում իրենց ունեցած սեփականության կառավարման գործերին: Անհնար է, որ ընդհանրապես չմասնակցեն: Ինձ թվում է` ամբողջ աշխարհում է այդպես: Եթե պաշտոնյաները շատ տեղերում անմիջական մասնակցություն չեն ունենում, ստվերային մասնակցություն են ունենում: Իմ պատգամավորական գործունեության ընթացքում միայն հատուկենտ պատգամավորներ եմ տեսել, որ իրենք իրենց բիզնեսին նպաստող օրենքների մեջ մասնակցություն են ունեցել, բայց մեծ մասը իրենց ճիշտ են պահել եւ չեն խառնվել նման նախագծերին: Ժամանակին մենք ուրախ էինք, որ ավելի շատ գործարար մարդիկ էին գալիս Ազգային ժողով, այսինքն` պրակտիկ մարդիկ էին գալիս, ու դա շատ ավելի օգտակար էր, հիմա նորից ուզում ենք, որ նրանք ընդհանրապես դուրս գան, դա ինչքանո՞վ օգտակար կլինի: Այլ բան է, երբ որ գործադիր մարմնում է լինում սեփականատերը, ինձ թվում է` տարբերությունը շատ մեծ է: Այս դեպքում պաշտոնը սեփական բիզնեսին ծառայեցնելը շատ ավելի հավանական է, քան ԱԺ պատգամավորի պարագայում»: Իսկ եթե ստիպված լինի ընտրություն կատարել բիզնեսի եւ պատգամավորի մանդատի միջեւ, ո՞րը կնախընտրի Մանվել Ղազարյանը: «Բնականաբար, ես իմ բիզնեսով կզբաղվեմ»,- ասաց նա:
ԱԺ մեկ այլ գործարար պատգամավոր` «Երեւան Գարեջուր» ընկերության համասեփականատեր Հակոբ Հակոբյանն էլ նույն կարծիքը հայտնեց. «Ես բիզնես ունեցել եմ դեռեւս այն ժամանակ, երբ պատգամավոր չեմ եղել: Բնականաբար, պատգամավոր դառնալուց հետո, ես չպետք է իմ բիզնեսը վաճառեի: Չնայած առանց այդ էլ Ազգային ժողովում այնքան ծանրաբեռնված ենք աշխատում, որ համարյա թե ժամանակ չի մնում կողմնակի այլ բանով զբաղվելու: Ինչ վերաբերում է նախարարներին, բնական է, որ նրանք չպետք է զբաղվեն բիզնեսով, քանի որ, եթե մարդը պաշտոն ունի՝ անպայման կողմնապահություն կանի դեպի իր բիզնեսը: Դրա համար էլ վարչապետը շատ ճիշտ հայտարարություն է արել, եւ եթե դա պահպանվի, ես շատ ուրախ կլինեմ, որովհետեւ դա միայն ու միայն կնպաստի մեր երկրի զարգացմանը»: Մեր այն դիտարկմանը, որ նույն նախարարի օրինակը վերաբերում է նաեւ պատգամավորին, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ ձեր ասածի հետ, սակայն, եթե բիզնեսի վերաբերյալ օրենք են գրում մարդիկ, որ ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչ բան է բիզնեսը, ապա ես իմ երկուսուկես տարվա պատգամավորական աշխատանքի ժամանակ տեսել եմ, որ նման մարդիկ սովորաբար գրում են բիզնեսի համար անընդունելի օրենքներ: Այսօր մեր երկիրը վերջին հաշվով պահում է բիզնեսը, մեր բյուջեի համալրումը բիզնեսի լավ աշխատանքի արդյունքն է, այսինքն՝ մենք պետք է բարենպաստ օրենքներ ընդունենք բիզնեսի համար, որպեսզի այն ոչ թե հետ գնա, այլ` զարգանա: Ընդհանրապես օրենքը ով որ գրում է, կապ չունի` պատգամավոր է, կառավարության անդամ, փոխնախարար եւ այլն, լավ կլինի, որ նա համագործակցի բիզնեսի հետ, այսինքն՝ գնա բիզնեսի ներկայացուցիչների մոտ, տեսնի՝ ինչ լուծում պետք է գտնել, որ բիզնեսին չվնասի: Եթե նա չգնաց այնտեղ ու չշփվեց, ապա նման օրենքը չի կարող օգտակար լինել»: Իսկ եթե ԱԺ պատգամավորը համամիտ է վարչապետի հայտարարության հետ, ինչո՞ւ է ինքը զբաղվում բիզնեսով: «Եթե զբաղվում էլ եմ, ապա` շատ քիչ: Բնականաբար, ես աշխատավարձ չեմ ստանում, իմ աշխատավարձը Ազգային ժողովից է: Այնտեղ, որտեղ ես փայաբաժին ունեմ, շահույթի դեպքում ունեմ դիվիդենտ ստանալու իրավունք: Իսկ ղեկավարման գործընթացով զբաղվում է գործարանի գլխավոր տնօրենը»,- ասում է Հ. Հակոբյանը:
«Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի 2 պատգամավոր տղաներն էլ` Կարեն եւ Միքայել Վարդանյանները, եւս հայտնի են որպես գործարարներ: «Վարչապետը երեւի լավ չի պատկերացնում, եթե այդպես վերցնենք` ինքը, վարչապետն էլ է բիզնեսով զբաղվում, ու նաեւ բոլոր նախարարները, երկրի բոլոր իշխանավորներն ու պատգամավորները»,- ասում է Հ. Վարդանյանը: «Այն մարդը, ով սեփականատեր է, կամ բաժնետեր է` դա բիզնեսով զբաղվել չէ: Մեր երկրում 90 տոկոսը ակցիոներ են, ուրեմն բոլորը բիզնեսմե՞ն են: Իմ տղաները կառավարման աշխատանք չեն կատարում, դա ես եմ անում: Միայն կարող է որպես սեփականատեր խորհուրդներ տան, որեւէ ավել իրավունք չունեն. ոչ մարդ կարող են հեռացնել, ոչ մարդ կարող են ընդունել, ոչ էլ կարող են որեւէ հրաման արձակել: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, որ քաղաքական գործիչը կամ գործադիր իշխանության ներկայացուցիչը սեփականություն չպետք է ունենա, ուրեմն Հայաստանում նորից սոցիալիստական հեղափոխություն պետք է կատարվի, բոլոր չունեւորները ունենան իշխանություն, իսկ ունեւորները հրաժարվեն իրենց ունեցվածքից, եւ նրանց ունեցածը լինի ժողովրդական սեփականություն: Եթե մենք գնում ենք նորից կոմունիստական համակարգ, դա ուրիշ բան, ուրեմն վարչապետը ճիշտ է»,- ասում է Հ. Վարդանյանը: Բայց այդ ամենի նպատակը ոչ թե ունեւորներին սնանկացնելն է, այլ այն, որ օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները օրենքների ընդունման ժամանակ միջամտություններ չանեն` ի շահ իրենց: Մեր այս դիտարկմանն էլ նա այսպես պատասխանեց. «Բա էլ ուրիշ ո՞վ պետք է միջամտի, ուրեմն եկեք ման գանք ու գտնենք այն մարդկանց, որ բնակարան չունեն կամ, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում` նույնիսկ մի հատ սեփական կատու չունեն, կամ, չգիտեմ, մահճակալ չունեն, որի վրա քնեն: Եկեք դրանց բերենք ու դարձնենք դեպուտատներ ու նախարարներ, մի հատ էլ դրանց միջից ողջամիտ վարչապետ ընտրենք: Վարչապետն այնպիսի բան է ասում, որ ամբողջ աշխարհում նման բան չկա: Ո՞նց կարելի է` երկրի ղեկավարման հարցերին նման բանաձեւով մոտենալ, վարչապետը Հայաստանում կամ այլ երկրում սեփականություն չունի՞, կամ իր նախարարները չունե՞ն: Որ նրանց հանենք, ո՞վ է իրենց տեղը աշխատելու: Վարչապետը ունի՞ այդպիսի կադրեր, որոնք իրենց տառաճանաչությամբ, գրագիտությամբ, ժողովրդին ճանաչելով` համապատասխանում են ու կկարողանան աշխատել նրանց փոխարեն: Ով էլ չունի, հենց որ պաշտոն ստանա` 3 ամիս հետո ամեն ինչ էլ կունենա, բա հետո ի՞նչ անենք, դրանց վռնդենք, նորից չունեւորների՞ն բերենք»: