Երեւանի մի անկյունում

13/04/2010

Լույս է տեսել երաժիշտ, երգիչ Ֆորշի (Վահան Գեւորգյան) նոր ալբոմը, որի անվանումը շատ սիմվոլիկ ու գեղեցիկ հնչերանգ ունի: «Երեւանը մենք ենք» ալբոմում այսօրվա երեւանյան կոնտեքստում են դրվել տարբեր հեղինակների երգերը, ինչը եզակի էքսպերիմենտ է Ֆորշի համար, ով, ինչպես հայտնի է, ինքն է գրում իր երգերի երաժշտությունն ու բանաստեղծական հիմքը: Իսկ այս նոր ալբոմում Երեւանի հնչյունային դիմանկարը Ֆորշը ստեղծել է իր ընկերների օգնությամբ, ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Աննա Մայիլյանը, Էմմա Ասատրյանը, «Արեւիկ» մանկական անսամբլը:

«Երեւանը մենք ենք» ձայներիզում չես տեսնի գործիքավորման այն եղանակը, որին մենք արդեն սովորել ենք հայկական էստրադայում (երբ ամեն մի հնչյուն շտկվում եւ «ուժեղացվում» է կոմպյուտերով), այստեղ բոլոր կոմպոզիցիաները կենդանի են ձայնագրվել։ Ժամանակակից երեւանյան սլենգով ասած` «կենդանի նվագ ա կանգնած»: Եվ այդ կենդանության շունչը շատ գրավիչ, փխրուն ու թանկ էմոցիաներ է ծնում լսողի մոտ: Երգերի ամպլիտուդը շատ մեծ է, կարելի է հիանալ եւ «մաքուր» սիրային բլյուզներով, աշխույժ երեւանյան անցուդարձային գույներով, տարիների հոսքի հետ փոփոխվող ընկերների դիմանկարներով։ Նաեւ փոքր ու ըմբոստ բզեզի կատակ-ճակատագրի ետեւում նկատել էմիգրացիայի ու անվերջ վերադարձի գաղափարները։ Հայտնի է, որ լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք։ Իսկ Ֆորշն ու նրա ընկերները կարողանում են ոչ միայն պնդել հակառակը, այլեւ այդ մասին երգել այնպես, որ հավատում ես նրանց։ Երեւանը միայն կառուցապատված խառնարան-ափսե չէ, այն հուշ ու սպասում է։ Եվ ոչինչ, որ այսօր հուշերը սառել են, իսկ սպասումները նվազել, կարեւորն այն է, որ այդ մասին կարելի է երգել։ Ու քանի դեռ մեր քաղաքը երգում ու նվագում է, այն մնում է Ֆորշի ասած «բարի դեմքով ծերունին», որի հետ կարելի է ընկերանալ, վիճել ու ուրախանալ։ Մի խոսքով՝ ինչպես կասեր Ֆորշը. «Ձեռքդ դիր ուսիս, ցած թափիր քարերը…»։