Թիվ 10 ընտրական տեղամասում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Վահե Հովսեփյանը հրաժարվել են Ն. Փաշինյանի շահերի պաշտպանությունից: «Մենք հրաժարվեցինք, որովհետեւ ՍԴ-ն մեր մասնակցությունը դատաքննությանն օգտագործում էր մեր վստահորդի սահմանադրական իրավունքների եւ ազատությունների խախտման նպատակով: Մենք դատարանին հայտարարեցինք, որ մի կողմից՝ ցանկություն չունենք, իսկ մյուս կողմից` իրավունք չունենք նման գործընթացի մեջ ներգրավվելու եւ մեր վստահորդի շահերի դեմ որեւէ միջոցի ծառայելու»,- «Ա1+»-ին ասել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Փաստաբանների հայտարարությունից հետո ՍԴ-ն անցել է խորհրդակցական սենյակ` իր հետագա քայլերը որոշելու համար: Մինչ այդ, երեկ Նիկոլ Փաշինյանն իր փաստաբանների միջոցով ՍԴ-ին միջնորդել էր իր հայցի քննության ընթացքում ապահովել իր ներկայությունը, որը ՍԴ-ն մերժեց: «Փաշինյանի ներկայությունը պարտադիր է, քանի որ նա ունի բազմաթիվ միջնորդություններ` ապացույցների հետազոտման, ձեռք բերման եւ գնահատման հետ կապված»,- ասել է Վահե Գրիգորյանը: ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 23-ին: