Երեկ Երեւանից Բաքու է մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, տեղեկացնում են, թե Սինիրլիօղլուն ադրբեջանական իշխանություններին է փոխանցելու Թայիբ Էրդողանի նամակը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Սինիրլիօղլուն հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ Իլհամ Ալիեւին փոխանցելիք նամակում նշված է. «Մենք ձեզ չենք մոռացել: Այս գործընթացում (խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է) Բաքվին ամենեւին էլ չենք անտեսում: Բաքվի մտահոգությունները մեր մտահոգություններն են: Ադրբեջանը, ըստ էության, գիտի, թե մենք որքան ենք ցանկանում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվի: Սակայն մենք երաշխավորում ենք, որ գործընթացի արագացումն ամենեւին էլ չի նշանակելու, թե մենք անտեսելու ենք ձեր մտահոգությունները»: Թուրքական «Star» օրաթերթի փոխանցմամբ էլ` Ալիեւին փոխանցվելիք նամակում նաեւ ասվում է. «Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացի մի մասն է: Առանց այդ խնդրի կարգավորման՝ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը: Որոշ հատվածների կողմից տարածված այն լուրերը, թե` Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ եռյակը անտեսում է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Բոլոր բանակցություններում ղարաբաղյան հակամարտության հարցը բարձրացվելու է»: