Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Անդրադառնալով առաջիկա օրերին ԱՄՆ կատարելիք այցին եւ հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող զարգացումներին, նա ասել է. «Կա կարեւոր այցելություն, կան կարեւոր հանդիպումներ, եւ, ամենակարեւորը, մենք արդեն մեր որոշումը համարյա թե ունենք: Կարծում եմ` ճիշտ չէ այդ որոշման մասին խոսել: Մենք մեր որոշումը կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ որ ամբողջովին համոզվենք մեր որոշման ճիշտ լինելու մեջ: Այսպիսի պարագաներում ամենակարեւորը ճիշտ որոշում կայացնելն է»: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլին վերաբերող հարցին, Ս. Սարգսյանը դրանք գնահատել է «նորմալ եւ զուտ աշխատանքային»` ասելով, որ դրանում որեւէ արտառոց բան չի տեսնում: «Մենք բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ ես ասում եմ, որ խնդրի լուծման բանալին միայն մեր ձեռքում չի գտնվում: Սա կոնֆլիկտ է, այստեղ կա պայքար, այստեղ կան բանակցություններ, եւ խնդրի լուծումը կախված է բոլոր կողմերիցգ ասում եմ բոլոր` նկատի ունեմ եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Ղարաբաղին, եւ՛, անշուշտ, Մինսկի խմբին: Երբ լուծվեց ԼՂ ինքնորոշման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման խնդիրը, մնացած հարցերը շատ արագ կերպով կարող են լուծվել: Ես խորհուրդ եմ տալիս եւ՛ ձեզ, եւ՛ մեր հասարակությանը, որպեսզի առանձնապես չտարվեն այն մարդկանց, ներողություն բառիս համար, հեքիաթներով, որոնք պատմում են, որ մենք գտնվում ենք վատ վիճակում, որ այս փուլում բանակցությունները վատ են ընթանում, բանակցողները վատ են բանակցում, որ մենք փաստարկներ չունենք, արգումենտները ճիշտ չեն ներկայացվում… Եվ զավեշտականն այն է, որ այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր բանակցային գործընթացի այս երկար փուլում եղել են պատասխանատուներ եւ կարեւոր պատասխանատուներ, եւ որոնց ճակատագիրը հնարավորություն էր տվել շատ արագ բարենպաստ լուծում գտնել, բայց, ցավոք սրտի, ինչպես տեսնում եք, դեռեւս պայքարը շարունակվում է»,- ասել է նա: Ս.Սարգսյանն անդրադարձել է նաեւ պատերազմի վերսկսման հնարավորությանը: «Երբ չի՞ եղել պատերազմի վտանգգ Մենք գտնվում ենք մի սահմանամերձ մարզում, եւ այստեղ մարդկանց հարցրեք` ե՞րբ չի եղել այդպիսի վտանգ: Այդպիսի վտանգ եղել է 95-ին, 2000-ին, 2005-ին եւ այդպիսի վտանգ, այո, կա նաեւ այսօր, եւ այդպիսի վտանգ լինելու է, մինչեւ մեր տարածաշրջանում չհաստատվի խաղաղություն եւ կայունություն: Ուղղակի մեր ժողովրդի համար այդ վտանգը շատ թե քիչ առարկայական է դառնում հիմնականում երկու դեպքում` երբ ադրբեջանցիները, այլ մեթոդ չունենալով, սկսում են հոխորտալ, այսպիսի միլիտարիստական պահվածք դրսեւորել, չգիտեմ, թե դրա հիմքը ինչն է կազմում, որովհետեւ ես այսօր չեմ տեսնում նրանց գերազանցությունը մեր նկատմամբ, եւ երկրորդ` այն պարագայում, երբ նրանց ներքին քաղաքական կյանքում որոշ ուժեր փորձում են այդ հանգամանքը շահարկելգ Կան լրատվամիջոցներ մեր երկրում, որոնց նպատակը կարծես թե մեր ժողովրդին սարսափի մեջ պահելն է: Ամոթ է ասել, բայց երբ Երեւանում լույս տեսնող թերթը փորձում է համեմատության մեջ դնել հայ եւ ադրբեջանցի զինվորին եւ փորձում է ադրբեջանցի զինվորի առավելությունը ցույց տալ, ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց: Ես չեմ հասկանում այն լրագրողին, այն լրատվամիջոցին, ովքեր դիմում են տարբեր մարդկանց եւ ասում, որ պատերազմ է լինելու, կամ էլ ասում են` դուք իշխանություն եք, ուրեմն իշխանությունը պետք է այդ պատերազմը վարի,- նշել է նա` ավելացնելով,- Ես վստահ եմ, որ ընդդիմությունում, չեզոք մարդկանց մեջ կան այնքան մարդիկ, որ, Աստված մի արասցե, եթե վաղը այդպիսի մի բան լինի, նրանք լինելու են առաջին շարքերում, եւ իշխանությունում կան մարդիկ, ովքեր, երբ այդպիսի մի բան լինի, ճողոպրելու են: Մենք անցել ենք այդ ճանապարհը մի անգամ, այնպես որ մարդկային տեսակի խնդիր է: Ոչ, ես մոտալուտ պատերազմի վտանգ չեմ տեսնում, թեեւ հիշում եք, որ ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ պաշտպանության նախարարը մշտապես պետք է ենթադրի, որ հենց վաղը ռազմական գործողություններ կարող են սկսվել: Դրա համար մեր պաշտպանության նախարարը, մեր Պաշտպանության նախարարության ղեկավարությունը առավոտից մինչեւ ուշ գիշեր աշխատում են, այդ թվում՝ նաեւ այստեղ` Տավուշում: Մեր բանակը մարտունակ է, եւ եթե, նորից եմ կրկնում, Աստված մի արասցե, այդպիսի բան լինի, մենք հանկարծակիի չենք գա»:
Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին` ասելով. «Իսկ պարոն Քոչարյանը ե՞րբ էր քաղաքականությունից գնացել, որ հիմա էլ պետք է վերադառնա»: «Ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ, եւ ինձ համար շատ տարօրինակ է որոշ քաղաքական շրջանակների այն ջղաձիգ արձագանքը, որը մենք տեսնում ենք Քոչարյանի ցանկացած գործողության հանդեպ` լինի դա շրջագայություն, ճանապարհորդություն, թե կարծիքի հրապարակավ հայտնում,- ասել է նա՝ ավելացնելով,- Մեր երկրում մեզ խելք են սովորեցնում, մեզ խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր կյանքում երկու հոգու չեն ղեկավարել, ովքեր կյանքում երկու գիրք չեն կարդացել, այսինքն՝ մարդիկ, ովքեր Քոչարյանի մոտ նույնիսկ չեն կարող երեւալ, ի՞նչ է` նրանք կարող են կարծիք հայտնել, Քոչարյանը` ո՞չ»:
Ս. Սարգսյանն ասել է, որ նորմալ է համարում, երբ Քոչարյանը կարծիք է հայտնում, երբ Քոչարյանն այցելում է այս կամ այն երկիր. «Ի վերջո այստեղ տարօրինակ ի՞նչ կա, աշխարհի ո՞ր երկրում այդպիսի բաներ չեն լինում, ուղղակի խորհուրդ եմ տալիս որոշ լրատվամիջոցներին եւ քաղաքական շրջանակներին՝ ավելորդ չեղած բաներ չփնտրել: Եվ եթե նրանց նպատակն է որոշ ուժերի կամ անհատների բերել բախման, նրանք միշտ էլ այդ նպատակն ունեցել են, Աստված իրենց հետ»: