Նոր գործեր

10/04/2010

Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է հերթական ապօրինությունը: Կալանավորվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած տնտեսվարող Արտակ Այվազյանը: Հարուցված քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՁ Աղավնի Չիլյանի լիազորված անձ Կարեն Այվազյանն առանց ապրանքների մատակարարման շուրջ 130 մլն դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր է տրամադրել «ԱԱԱ Թերմոպրոֆ» ընկերությանը, որն էլ դրանց հիման վրա իր հերթին է կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրել «Էրեբունու շինվերանորոգում» ընկերությանը` նույն գումարի չափով: Պարզ է դարձել ու հիմնավորվել, որ «ԱԱԱ Թերմոպրոֆ»-ի եւ «Էրեբունու շինվերանորոգում»-ի իրական ղեկավարը Արտակ Այվազյանն է, եւ հենց նրա կազմակերպմամբ է ընկերության, այսպես ասած, ձեւական տնօրենը` Ժիրայր Ասատրյանը, Հարկային տեսչություն ներկայացրել խեղաթյուրված տվյալներ: Ըստ ՊԵԿ-ի` դրա հետեւանքով պետությանը պատճառված վնասը հասնում է շուրջ

22 մլն դրամի: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Ժ. Ասատրյանի նկատմամբ: Մեկ այլ քրգործ էլ հարուցվել է «Շոու-ֆանտազիա» ընկերության տնօրեն Էդուարդ Իորդանյանի նկատմամբ: Նա պատրաստել եւ իրացրել է բավականին մեծ քանակությամբ կեղծ վճարային փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով, խոսքը շուրջ

3.5 մլն դրամի կեղծ վճարային փաստաթղթերի մասին է: Բացի այդ, Իորդանյանը նաեւ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների մեջ է խեղաթյուրված տվյալներ մտցրել` խուսափելով պետբյուջե վճարել շուրջ

4 մլն դրամի հարկեր: Այսպես. նա «Շոու-ֆանտազիա»-յի անվամբ ներմուծված ապրանքները մաքսազերծելու նպատակով, համակարգչով պատրաստել է գույքային իրավունքների մասին վկայող կեղծ վճարային փաստաթղթեր եւ կեղծ վճարման հանձնարարագրեր, համաձայն որոնց, իբր, պետբյուջե է վճարվել 3 մլն-ից ավելի մաքսավճար: Բացի այդ, «Շոու-ֆանտազիա» ընկերության բաժնետեր-տնօրեն Էդ. Իորդանյանը զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ` մեծածախ առեւտրով եւ ծառայությունների մատուցմամբ: Այնինչ Հարկային տեսչություն ներկայացրած իրացման շրջանառության վերաբերյալ ԱԱՀ հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ` նպատակ ունենալով չվճարել 4 մլն դրամից ավելի հարկեր: Նաեւ կեղծ տեղեկանք է պատրաստել այլ քաղաքացու համար, ըստ որի` վերջինս, իբր, աշխատում է «Բիզնես-Ինվեստ»-ում. այս կեղծ փաստաթուղթը ներկայացվել է բանկ` վարկ ստանալու նպատակով: Իորդանյանը ձերբակալված է: