Պատասխան «ստորագրահավաք»

10/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներն՝ ինչ-որ թղթեր ձեռքներին` այցելում են մայրաքաղաքի բնակիչներին եւ տարբեր պատճառաբանություններով` ստիպում են ստորագրել դրանք: Մեզ դիմած քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ ընկերության աշխատակիցները խաբել են իրեն: Ըստ բնակչի, իրեն ասել են, թե պարզապես իրականացնում են հաշվառում, որպեսզի պարզեն, թե գազից օգտվող քանի բաժանորդ ունեն, ինքն էլ սուսուփուս ստորագրել է այդ փաստաթղթի տակ: Հետո արդեն իր հարեւանը, որը, գլուխը կախ ստորագրելու փոխարեն, մանրամասն կարդացել է փաստաթուղթը, պարզել է, որ այն ոչ թե գազի սպառողներին հաշվառելու համար է, այլ «ՀայՌուսգազարդը» հավաքում է համախոհներ, որոնք իբրեւ համամիտ են, որ գազի թանկացումը հիմնավոր է: Բնականաբար, «ՀայՌուսգազարդը» ամբողջ հանրապետության տարածքում չի կարող գտնել գոնե մեկ բնակիչ, որն ինքնակամ կստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ նշված է, թե իր կարծիքով՝ գազի գնաճը արդարացի է, դրա համար էլ ընկերության աշխատակիցները բնակիչների ստորագրությունները կորզելու համար այս մեթոդին են դիմում: Ընդ որում, պետք է ոչ միայն ստորագրել, այլ նաեւ աշխատակցին տրամադրել անձնագիրը` տվյալները ցուցակում ներառելու համար: Թերեւս «ՀայՌուսգազարդն» այս կերպ պատրաստվում է առաջիկայում սպասվող դատական նիստին: Արդեն հայտնի է, որ 7230 քաղաքացի միացել է գազի սակագնի թանկացման դեմ ՀԱԿ-ի հայցադիմումին, որն ապրիլի 6-ին ներկայացվեց ՀՀ Վարչական դատարան: Հայցադիմումի պատճեններն ուղարկվել են «ՀայՌուսգազարդին», «Տրանսգազին» եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որոնք էլ հենց հանդես են գալու պատասխանողի դերում: Խնդրի առնչությամբ դիմեցինք «ՀայՌուսգազարդին»` պարզելու, թե ինչու են իրենց աշխատակիցները խաբեությամբ քաղաքացիներից ստորագրություններ կորզում: Ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանն այսպես մեկնաբանեց. «Մեր աշխատակիցները այցելում են բնակարաններ եւ սպառողներին տեղեկացնում են ապրիլի 1-ից գազի գնի թանկացման մասին: Ստորագրություններն էլ վերցվում են հենց դրա համար, որ հավաստիանանք, որ նրանց այդ մասին տեղյակ պահվել է: Կարծում եմ, սա քաղաքակիրթ գործընթաց է»: Մեր հարցին` նկատի ունենալով ՀԱԿ-ի հայցադիմումը, միգուցե ընկերությունը նախապատրաստվո՞ւմ է դատական պրոցեսի, Շ. Սարդարյանը պատասխանեց. «Դա ՀԱԿ-ի ստորագրահավաքի հետ կապ չունի: Դատարանում մենք կներկայացնենք մեր այն հիմնավորումները, որոնց հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի բարձրացման որոշում է կայացրել»: Շ. Սարդարյանը մեզ փոխանցեց նաեւ, որ անցյալ տարվա նոյեմբերից, երբ հանրությունն արդեն տեղյակ էր գազի սակագնի բարձրացման հավանականությանը, մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 1-ը, գազահամակարգին միացած նոր բաժանորդների թիվը գերազանցում է 10.000-ը. «Հետեւապես հաշվարկները ցույց են տալիս, որ անգամ բարձրացված սակագնի պարագայում բնական գազը շարունակում է մնալ ամենաէժան եւ հարմարավետ էներգակիրը»: Դե, քանի որ «ՀայՌուսգազարդի» մասնագետները հաշվարկել ու պարզել են, որ գազը ՀՀ-ում ամենաէժան էներգակիրն է, չի բացառվում, որ այն առաջիկայում դարձյալ կթանկանա, մանավանդ, որ երեկ ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է նախապատրաստվի միջազգային գնով գազ գնելուն: Նա այս մասին խոսել է այն բանից հետո, երբ «Գազպրոմի» պաշտոնյաներից մեկը` Անատոլի Պոդմիշալսկին, օրերս գտնվելով ՀՀ-ում, ասել է, թե Հայաստանը պետք է գազը ձեռք բերի «Գազպրոմի» համար եկամտաբեր գնով: Նա հավելել է, որ «Գազպրոմը» գազի 1000խմ-ն Մոլդովային վաճառում է՝ 300, իսկ, ասենք, Ուկրաինային՝ 350 դոլարով: Նրա ներկայացմամբ, գազի միջին եվրոպական գինը տատանվում է 325-330 դոլարի սահմանում: Մինչդեռ Հայաստանին գազը վաճառվում է 1000 խմ-ն` 180 դոլար սակագնով: «Հուսով եմ՝ Հայաստանում ըմբռնումով կմոտենան «Գազպրոմի» գործողություններին»,- ասել է Պոդմիշալսկին: