Պարտքը վճարելու է պետության փողերո՞վ

10/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Վարկային միջոցները չփոշիացնելու եւ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություն համարվող «Նաիրիտ» քիմիական գործարանը, մասնագետների հաշվարկով, մեր տնտեսությանը կարող էր տալ տարեկան 6 միլիարդ
դրամի օգուտ:

Մինչդեռ պատկերն այսօր բոլորովին այլ է. գործարանը ոչ միայն մեր տնտեսությանը օգուտ չի տալիս, այլեւ թաղվել է պարտքերի մեջ ու հազիվ է գոյատեւում: Ակնհայտ է, որ եթե գործարանի սեփականատերերից յուրաքանչյուրը չառաջնորդվեր միայն անձնական շահով, ապա այսօր քիմիական հսկա արտադրամասը կաշխատեր իր ողջ հզորությամբ: Բոլորին է հայտնի, որ «Նաիրիտի» արտադրած կաուչուկը շատ մեծ պահանջարկ ունեցող արտադրանք է, այն գրեթե ամբողջությամբ արտահանվում է: ՀՀ-ում 1 տոննան 2700 դոլար արժեցող կաուչուկը արտերկրում վաճառվում է 5-7 հազար դոլարով: Իսկ արտադրանքի պահանջարկը միշտ եղել է, քանի որ այն իր որակական հատկանիշներով կարող է համեմատվել անգամ աշխարհում մեծ ճանաչում ունեցող գերմանական «Բայեր» ընկերության կաուչուկի հետ: Կաուչուկի ստացման հիմնական բաղադրիչը գազն է, որից սինթեզվում է ացետիլեն, ապա կատալիզատորների միջոցով որոշակի մշակման ենթարկվելուց հետո` ստացվում է կաուչուկ: Պատկերացնելու համար, թե ինչքան «լավ է» աշխատել «Նաիրիտը», նշենք միայն, որ այսօր գործարանը «Հայաստանի էլեկտրական ցանցերին» ունեցած 1 մլրդ դրամի պարտքի պատճառով դարձյալ պարապուրդի է մատնված: Չմանրամասնելով այն բոլոր խնդիրները, որոնց առջեւ պարբերաբար կանգնում է «Նաիրիտը»` տեխնիկական անվտանգության կանոնների խախտման, կամ ժամանակին տեխնիկական վերազինում չկատարելու հետեւանքով, նշենք միայն, որ երկար-բարակ մտածելուց հետո` գործարանի ղեկավարությունն, ըստ ամենայնի, գտել է կուտակած պարտքը փակելու ելքը: Մինչ դրան անդրադառնալը՝ հիշեցնենք, որ «Նաիրիտ» քիմիական գործարանը ստեղծվել է 100%-ոց պետական արտադրական միավորում հանդիսացող «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից: Վերջինս հիմնադրվել է 1940թ., սակայն, առաջացած էկոլոգիական լուրջ խնդիրների պատճառով դադարեցրել է գործունեությունը: 2000թ. «Նաիրիտ» ԲԲԸ-ն կառավարության որոշմամբ հիմնադրեց 2 այլ ընկերություններ, այլ կերպ ասած` բաժանվեց 2 մասի, եւ ստեղծվեց «Նաիրիտ 1»-ը, որը ներկայիս քիմիական գործարանն է, եւ «Նաիրիտ 2» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը: Իսկ մայր գործարանը, այսինքն՝ «Նաիրիտ» ԲԲԸ-ն, սկսեց լուծարման գործընթաց, որի ընթացքում պետք է մարվեր մոտ 800 աշխատակիցների հանդեպ ունեցած աշխատավարձի պարտքը, իսկ մնացած գումարը պետք է փոխանցվեր պետբյուջե, քանի որ ընկերության միակ սեփականատերը մինչեւ լուծարման պահը եղել է միայն պետությունը: Քիմիական գործարանը ստեղծելու համար «Նաիրիտ» ԲԲԸ-ն կատարել է 5 մլրդ 999 մլն դրամի գույքային ներդրում, որից հետո լիովին պատրաստ է եղել անցնելու աշխատանքի: Նույն կերպ վերազինվել է հայ-չինական «Նաիրիտ 2»-ը, որից հետո 3 ընկերությունների ղեկավարները ստորագրել են համաձայնագիր այն մասին, որ միմյանցից պարտք ու պահանջ չունեն: Սակայն, ավելի քան 8 տարի անց, քիմիական գործարանի ղեկավարությունը որոշել է, որ, այնուամենայնիվ, կարելի է փորձել էլի ինչ-որ բան պոկել լուծարման գործընթացում գտնվող «Նաիրիտ» ԲԲԸ-ից, եւ դիմել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ներկայացնելով, որ իր ստեղծման պահին բավարար ներդրումներ չեն կատարվել, եւ պահանջում է իրեն տրամադրել նաեւ «Նաիրիտ» ԲԲԸ-ի հաշվեկշռում գտնվող անավարտ շինությունները: Հայցը, բնականաբար, մերժվել է, սակայն քիմիական գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը, ըստ էության, նույն հայցը մեկ այլ ձեւակերպմամբ նորից ներկայացրել է Վերաքննիչ դատարան, այս անգամ պահանջելով, ներդրումները կիսատ կատարելու համար, պարտավորեցնել իր հիմնադիր ընկերությանը որպես փոխհատուցում վճարելու 883 մլն դրամ: Եթե նախորդ անգամ հայցը համարվել է անհիմն ու մերժվել է, այս անգամ այն բավարարվել է` հօգուտ քիմիական գործարանի: Եվ այսպես, ընդամենը օրեր առաջ հաստատված վճռով, որոշվել է, որ լուծարման գործընթացում գտնվող պետական ձեռնարկությունը պետք է քիմիական գործարանի սեփականատերերին վճարի բավականին խոշոր չափի գումար` որպես վնասի փոխհատուցում: Այս անհասկանալի որոշման արդյունքում լուծարման գործընթացում գտնվող «Նաիրիտ» ԲԲԸ-ի 800 նախկին աշխատակիցներից 100-ը հայտնվել են հուսահատ վիճակում: Մինչ դատական քաշքշուկների մեջ հայտնվելը ընկերությունը մարել է 700 մարդու աշխատավարձի պարտքը` ընդհանուր 270 մլն դրամի չափով, իսկ երբ արդեն հերթը հասել է մնացած 100-ին` կալանք է դրվել ընկերության ունեցվածքի վրա, եւ վերջիններս չեն կարողացել ստանալ իրենց աշխատավարձերը: Սակայն, կա եւս մի խնդիր. եթե անգամ կալանքը արդեն վերացվի, քանի որ դատական պրոցեսն ըստ էության ավարտվել է, միեւնույն է, «Նաիրիտը» չի կարող վճարել այդ մարդկանց աշխատավարձերը: Ընկերությունից մեզ տեղեկացրին, որ քիմիական գործարանին խոշոր չափի գումար վճարելուց հետո եղած միջոցները չեն բավարարի: Խմբագրությանը դիմած աշխատավարձ չստացած նախկին աշխատակիցները նամակ են հղել նաեւ ՀՀ նախագահին եւ ակնկալում են, որ ուսումնասիրություն կկատարվի եւ կբացահայտվի քիմիական գործարանի ապօրինի պահանջը: Ստացվում է, որ դատական վճռով բռնագանձումը կատարվում է հենց պետությունից (քանի որ «Նաիրիտ» ԲԲԸ-ն պետական ձեռնարկություն է), հօգուտ` անհայտ սեփականատեր ունեցող քիմգործարանի: Պարտատերերի կարծիքով, պետական փողերն այս կերպ փոշիացնելով, պարզապես աջակցում են, որ պարտքերի մեջ խրված գործարանը, որը ոչ մի կոպեկ չունի սպառած գազի ու լույսի գումարները վճարելու համար, կարողանա վճարել գոնե պարտքի մի մասը: Նշենք, որ ժամանակին քիմիական գործարանը հավակնություններ է ունեցել նաեւ հայ-չինական «Նաիրիտ 2»-ի նկատմամբ: Եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե ովքեր են գործարանի սեփականատերերը, ապա այսօրինակ վճռի կայացումն ինչ-որ տեղ հասկանալի կլինի: 2006թ. կառավարության թեթեւ ձեռքով գործարանի բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառվեց ռուսական կապիտալով ստեղծված բրիտանական «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը: Մինչ այժմ անհայտ է, թե իրականում ով է կանգնած այս ընկերության ետեւում, մեր պետական մարմիններն այն ռազմական գաղտնիքի նման թաքուն են պահում: Շրջանառվող ամենահավանական վարկածն առնչվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը դեռեւս ԿԲ նախագահ եղած տարիներին շատ ակտիվ մասնակցություն է ունեցել, իր իսկ խոսքերով ասած, կառուցվածքաստեղծ գործարանի հետ կապված բոլոր գործարքներին: Բացի այդ, վարչապետն այդ գործարանում իր մարդն ունի, խոսքը ոչ միայն գործարանի տնօրեն, վարչապետին խիստ հավատարիմ Վահան Մելքոնյանի, այլ վարչապետի եղբայր Աշոտ Սարգսյանի մասին է, ով թեեւ գործարանում փոխտնօրենն է եւ առերեւույթ ներկայացված չէ որպես առաջին դեմք, սակայն գործարանի բոլոր աշխատակիցները տեղյակ են, որ ամենաաննշան գործարքներն անգամ առանց նրա գիտության չեն կատարվում:

Հետաքրքիր կլիներ իմանալ, ինչո՞ւ պետությունը հետամուտ չի լինում պարզելու, թե ինչու բրիտանական ընկերությունը չի կատարել ղեկավարման ժամանակ ստանձնած իր պարտավորությունները, խոսքը մասնավորապես վերաբերում է 120 մլն դոլարի ներդրմանը, որը պետք է մինչ այսօր կատարված լիներ: Բացի այդ, ընկերությունը պարտավորվել էր ղեկավարման արդեն իսկ երկրորդ տարում կրկնապատկել արտադրանքի ծավալները: Կամ` ո՞ւր է անհետացել գործարանի բաժնետոմսերի գրավադրմամբ ԱՊՀ Միջպետական բանկից ստացված 70 մլն դոլարի վարկը: Հայտնի է միայն մի մասի` 39 մլն դոլարի ճակատագիրը, որն, իբր, գործարանի 90% բաժնետոմսերի գնման համար փոխանցվել է պետբյուջե: Այս հարցերի պատասխանները թերեւս պարզ կլինեին, եթե գոնե մի անգամ «Նաիրիտ» քիմիական գործարանի ղեկավարությունը բարեհաճեր գործարանի տարեկան հաշվեկշիռը, ասենք, Էներգետիկայի նախարարությանը, կամ այլ շահագրգիռ մարմիններին տրամադրել: