Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն` Ցոտնե Գամսախուրդիային, դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման: Ավելի վաղ Ցոտնեի մայրը` Մանանա Արչվաձե Գամսախուրդիան, հացադուլ էր հայտարարել` բողոքելով որդու ձերբակալման դեմ: Նա նաեւ քաղաքական ապաստան էր հայցել Գերմանիայից: Մանանա Արչվաձեն եւ նրա հարազատները համոզված են, որ Ցոտնեն ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իսկ քննիչները նենգափոխել են փաստերը, որոնց հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ Ցոտնե Գամսախուրդիան ձերբակալվել է 2009թ. հոկտեմբերի 27-ին` իր հարեւան Դավիթ Բաջելիձեին հրազենային վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները դիմել էին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` Ցոտնե Գամսախուրդիային քննչական մեկուսարանից ազատ արձակելու խնդրանքով, քանի որ վերջինիս առողջական վիճակը վատթարացել է: Սակայն Սահակաշվիլին հրաժարվել է միջամտել իրավապահ մարմինների գործունեությանը: