Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Զանգեց մամայիս ասեց` եկեք ձեր դիակին տարեք» հոդվածում անդրադարձել էինք տուբերկուլյոզով հիվանդ Արմինե Սահակյանի հետ կատարված ծանր պատմությանը:
Հիշեցնենք, որ Ա. Սահակյանն, արդեն մի քանի ամիս է, բուժվում է Աբովյանում գտնվող Տուբերկուլյոզային դիսպանսերում, եւ բժիշկների ասելով` երիտասարդ կինը ոչ թե լիարժեք կապաքինվի, այլ իրենք ամեն ինչ անում են նրա կյանքը երկարացնելու համար: 2008թ. Ա. Սահակյանն ամուսնացել էր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ ամուսնական կյանքի ընթացքում բռնությունների ենթարկվելու հետեւանքով դարձել անկողնային հիվանդ: Ա. Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանն, աղջկան մահամերձ վիճակում գտնելու համար մեղադրում է նրա ամուսնուն եւ սկեսրոջը` Արեւին: Նա դիմում էր գրել ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պահանջելով քրեական գործ հարուցել Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ եւ բացահայտել աղջկա հանդեպ կատարված ընտանեկան բռնության հանգամանքները: ՀՀ Ոստիկանապետն այս գործով զբաղվելու հանձնարարական էր իջեցրել ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքի իրավապահ մարմնին: Ա. Խեչումյանը պարբերաբար մեզ էր դիմում` ահազանգելով Ոստիկանության քննիչ Մուկուչ Գեւորգյանի կողմից իրականացվող քննության մասին: Ա. Խեչումյանի ասելով` քննիչ Մ. Գեւորգյանը Արմինեի հետ հարցաքննության ժամանակ պարտադրում է ստորագրել այն գրությունների տակ, որն ինքն է թելադրում: «Չգիտես ինչու՝ մենք ենք ընկնում իր հետեւից, որ քննություն կատարի: Աբովյանի տուբդիսպանսեր գնալու համար պահանջում է մեքենայով ապահովել: Չեմ հասկանում, Ոստիկանությունից դրա համար փող չե՞ն տալիս: Մե՞նք պիտի վճարենք, որ գա հարցաքննության: Հետո հարցաքննության ժամանակ իր կարծիքն է ասում, շարադրում է ու ասում է` ստորագրի: Նա նաեւ հարցաքննել է Արմինեի ամուսնուն եւ սկեսրոջը: Ես հակված եմ ենթադրելու, որ քննիչն անձնական շահագրգռվածություն ունի նրանց հանցանքները թաքցնելու համար: Արմինեն պատմում է ողջ մանրամասները, բայց նա ասում է` դու մամայիդ ասածները մի լսի, դու էս ասա, էն ասա ու վերջում էլ ստորագրի»,- վրդովված պատմում է Ա. Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանը: Երեկ մենք զանգահարեցինք ՀՀ Ոստիկանության Մաշտոցի շրջանի քննիչ Մ. Գեւորգյանին, ով հրաժարվեց հարցաքննության մանրամասները փոխանցել` ասելով, թե իրավունք չունի: Մենք ներկայացրինք Ա. Խեչումյանի դժգոհությունները, որով նա քննիչին մեղադրում է օբյեկտիվ, անաչառ քննություն չիրականացնելու մեջ: Վերջինս ասաց. «Ես բոլորին էլ հարցաքննել եմ, բայց ի՞նչ շահ ունեմ, որ կողմնակալ վերաբերմունք դրսեւորեմ: Նման բան չկա, ես ի՞նչ շահ ունեմ դրանից»: Այնուհետեւ քննիչ Մ. Գեւորգյանն ասաց, որ այս գործն անմիջապես ՀՀ Ոստիկանապետի եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների հսկողության տակ է, հետեւաբար ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում: Թեեւ նա պնդում էր, որ իրավունք չունի գործի մանրամասները հրապարակելու, այդուհանդերձ տեղեկացրեց, որ քրեական գործ հարուցելու մերժման որոշում է կայացվել: Թե ինչու` չպարզաբանեց:
Ավելի ուշ մեզ կրկին դիմեց Ա. Խեչումյանը` տեղեկացնելով, որ իր հեռախոսազանգին ի պատասխան` Մ. Գեւորգյանն ասել է, որ որոշման օրինակն արդեն փոստով ուղարկել է, ինչին ծանոթանալով՝ կարող է եզրակացություն անել: Ա. Խեչումյանն այնքան վրդովված էր իրավապահ մարմինների նման անլուրջ մոտեցումից, որ պատրաստվում է կրկին դիմել ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. «Եվ նրա նմանները ներկայացնում են մեր իրավապահ համակա՞րգը, ու նրանք պիտի մեզ պաշտպանեն հանցագործությունների՞ց: Էդ տեսակ տնավարի քննությո՞ւն են կատարում: Բոլոր փաստերը ծամում, դնում ես բերանը, բոլոր գործողությունները վկայում են, որ աղջկաս կյանքը խորտակել են նրանք, բայցգ: Ինչքա՞ն փող է վերցրել Մուկուչ Գեւորգյանը նրանցից, որ քրեական գործ հարուցելու մերժման որոշում է կայացրել: Ի՞նչ տարբերություն, երբ մարդու ճակատին ատրճանակ են դնում, կրակում են՝ կամ էլ` մարդու հետ վարվում են էնպես, որ դանդաղ մահվան են տանում: Սպանություն չի՞, դիտավորյալ կերպով մարդու առողջությունը վնասելու հանցանք չի՞: Հայաստանում հազար ու մի կանանց իրավունքները պաշտպանող կամ բռնությունների համար կոչված կազմակերպություններ կան` թող գան, տեսնեն, թե ո՞նց են երիտասարդ աղջկան հասցրել մահվան դուռը»,- ասում է Ա. Խեչումյանը` հավելելով, որ շարունակելու է դիմել ինչպես պետական կառույցներին, այնպես էլ` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպական կառույցներին:
Ի դեպ, Հայաստանում գործում են ինչպես կանանց իրավունքների, այնպես էլ` ընտանեկան բռնություններից պաշտպանությամբ զբաղվող տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ: Եվրոպական կամ ամերիկյան տարատեսակ գրանտներով գոյատեւող այդ հ/կ-ները «նստած տեղը» «ճոռոմ» զեկույցներ են հրապարակում, Հայաստանում կանանց իրավունքների մասին աղաղակող տվյալներ են հնչեցնում: Մինչդեռ Արմինե Սահակյանի դեմ կատարված ընտանեկան բռնությանը նրանք որեւէ կերպ չարձագանքեցին: Զավեշտն այն է, սակայն, որ անհրաժեշտության դեպքում նրանք Ա. Սահակյանի հետ կատարվածը որպես վառ ապացույց կներկայացնեն իրենց «հովանավորներին» ու Հայաստանում կանանց «նվաստ» իրավունքները պաշտպանելու համար մեծ գրանտներ կպոկեն: