Հայտնի է դարձել, որ Յուրմալայում տեղի ունեցող «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը այլեւս չի գտնվելու երգչուհի եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հովանու տակ: Այս տարի մրցույթի մասնակիցների ընտրությամբ զբաղվելու է «Շարմ» հոլդինգը եւ մոսկվաբնակ երգչուհի Արաքսյա Մուշեղյանը: Շուտով Երեւանում կանցկացվի ընտրական փուլը, որի արդյունքներով էլ կորոշվեն Հայաստանի Հանրապետությունը Լատվիայում ներկայացնող 2 մասնակիցների անունները («Նոր ալիքը», բացի հիմնական մրցույթից, նաեւ մանկական մրցույթ ունի): Հաշվի առնելով, որ այս տարի ակնհայտորեն հետաքրքիր եւ «ուժեղ» երգիչներ են ցանկացել մասնակցել «Նոր ալիքի» հայաստանյան փուլին, կարելի է սպասել, որ մեր ներկայությունը Յուրմալայում հնչեղ կլինի: Ուշագրավ է, որ փոփ-երաժիշտները թեկնածուների շարքում մեծ տոկոս չեն կազմում, շատ ավելի մեծ է ռոքի, ջազի եւ ընդհանրապես հետաքրքիր երաժշտության չափաբաժինը: Այսինքն` ընտրությունն է լայն: Իսկ լայն ընտրությունը բոլոր պարագաներում է լավ: