Համաշխարհային Համասյանը

10/04/2010

ԱՄՆ-ում ապրող երիտասարդ ջազմեն Տիգրան Համասյանն ապրիլի 6-ին համերգով հանդես եկավ Երեւանում` «Aratta Rebirth» խմբի հետ ներկայացնելով իր ստեղծած կոմպոզիցիաները: 2009-ի փետրվարին Տ.Համասյանն ու «Aratta Rebirth»-ը թողարկեցին «Red Halll» ալբոմը, որտեղ տեղ գտան օրիգինալ կոմպոզիցիաները եւ հայկական ազգային մեղեդիների ջազային մշակումները, որոնք էլ հիմնականում կատարեցին երեւանյան համերգի ժամանակ տարբեր ազգությունների երաժիշտներն ու հայուհի վոկալիստ Արենին: Կատարեցին վարակիչ էներգիայով, վարպետությամբ ու հաճույքով: Տիգրան Համասյանը զարմանալի կենսագրություն ունի. 22 տարեկան հասակում նա հասել է մեծ հաջողությունների, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող է դարձել (որոնց թվում է Թելոնիուս Մոնկի մրցույթը), ելույթներ է ունեցել տարբեր երկրների բեմերում, 3 ձայներիզ է թողարկել: Նա կարծես այդ ամենին հասել է պարզ ու հստակ մի բանաձեւի շնորհիվ` արել է այն, ինչն իրականում սիրել է, եւ դա արել է լավ: Հետո նրան նկատել են, հրավիրել ու համագործակցության առաջարկներ արել: Նա էլ սովորել, հղկվել ու վարպետացել է` նվագելով տարբեր երաժիշտների հետ եւ ստեղծագործելով:

Գյումրիում ծնված Տիգրան Համասյանը իր երաժշտական հակումները շատ վաղ է ցուցաբերել, 2 տարեկան հասակում նա արդեն կարողացել է անսխալ արտաբերել բարդագույն կոմպոզիցիաները, իսկ մի քանի տարի անց` հետաքրքրվելով ջազով, արդեն ժամեր է անցկացրել դաշնամուրի մոտ` փորձելով նվագել լսածը: Տիգրանը նկատում է, որ իր երաժշտության վրա մեծ ազդեցություն է թողել ռոքը. «Ես սիրում եմ ռոքը, որը մանկուց լսել եմ: Կարծում եմ՝ հայկական երաժշտության իմաստուն ավանդույթները շատ լավ կապակցվում են ծանր ռոքի էներգիայի հետ»: «Aratta Rebirth» խմբի անվանումը վերակենդանացման կոչ է պարունակում իր մեջ: Տիգրանը վստահ է, որ սեփական արմատներն ու ավանդույթները հարկավոր է վերակենդանացնել: «Մենք պետք է կանգ առնենք, պտույտ կատարենք ու դիմադրենք ուղեղների լվացման, իմաստների մանիպուլյացիայի ու կեղծիքի դեմ, այլապես չենք կարողանա ոտքի կանգնել այս համատարած գլոբալացման լճում»,- այսպես է ներկայացնում Տիգրանը խմբի անվանման ուղերձն իր էլեկտրոնային կայքում: Այժմ նա երկարատեւ եվրոպական տուրնեի է մեկնել` անանուն թողնելով իր մի քանի նոր կոմպոզիցիաները: Նա սիրում է անանուն ստեղծագործությունները` կարծես փորձելով նրանց ազատ ուղեւորության ուղարկել` նմանեցնելով անշտապ քարավանի քայլին կամ էլ նռան հատիկների զրնգոցին: