«Նամուս» ակցիան

10/04/2010

Ապրիլի 16-18-ը Երեւանում կանցկացվի համր կինոֆիլմերի փառատոն, որի ընթացքում կցուցադրվի առաջին հայկական գեղարվեստական, լիամետրաժ կինոարտադրանքը` «Նամուս» ֆիլմը: Ընդ որում` կցուցադրվեն այսօր գոյություն ունեցող 3 տարբերակները. 1926թ. 35 մմ ժապավենով ստեղծած Համո Բեկնազարովի օրիգինալ ֆիլմը, 2005թ. ֆրանսիական «ARTE» հեռուստատեսության կողմից վերականգնված տարբերակն ու 1960-ականների այն տարբերակը, որտեղ դասական, համր «Նամուսը» ձեռք է բերել ձայնային ուղեկցություն: «Նամուսից» բացի, կցուցադրվեն նաեւ հայտնի կինոկատակերգակ Բաստեր Կիտոնի ֆիլմերն ու դանիական համր կինոյի նմուշները: Համր ֆիլմերի փառատոնը, որն արդեն 6-րդ անգամ է տեղի ունենում, կազմակերպում է Ազգային պատկերասրահի կինոդիտումների բաժինը, որի ղեկավար Մելիք Կարապետյանը ոչ միայն հարուստ կինոհավաքածու ունի, այլեւ գրեթե բոլոր հայկական ֆիլմերի առաջին ցուցադրումներն ավետող պլակատների ու պաստառների կոլեկցիա է հավաքել: Ցանկացած ֆիլմի ազդակ-պաստառը արվեստի նմուշ է: Ընդ որում`շատ հայկական ֆիլմեր տարբեր երկրներում յուրահատուկ պատկերային ֆորմաներով եւ տարբեր լեզուներով են ներկայացվել` բացելով ուշագրավ եւ գեղեցիկ ուսումնասիրության նյութ: Կինոյի եւ գեղարվեստի հատման կետում գտնվող ազդագրերը հաստատ արժանի են հատուկ ցուցահանդեսի տեսքով ներկայացվելու: Համր ֆիլմերի փառատոնի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ նաեւ «Նամուսի» ազդագրերին: Այս տարվա փառատոնը սկզբում նախատեսվում էր անցկացնել «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճում, որը վերջերս բոլոր հայաստանցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել քանդման վտանգի պատճառով, եւ դասական կինոֆիլմերի ցուցադրությունը կարող էր դիտվել որպես դահլիճը պահպանելու ու կրկին վերագործարկելու յուրատեսակ ակցիա: Սակայն, ինչպես հայտնեցին «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարները` նման գործնական քայլ դեռ հնարավոր չէ իրականացնել, քանի որ դահլիճն այնքան երկար չի աշխատել, որ շարքից դուրս են եկել էլեկտրական լարերն, ու չկա կինոցուցադրման համար անհրաժեշտ կինոպրոյեկտորը: Մ.Կարապետյանի փոխանցմամբ` «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը վստահեցրել է, որ պարբերական ցուցադրությունները կվերականգնվեն մայիս ամսվանից: Հավելենք, որ համր ֆիլմերի դիտումներին կհաջորդեն «Պահպանենք եւ վերականգնենք» թեմայով քննարկումները: