Պղպեղը ժողովրդական բժշկության մեջ
Պղպեղը բավականին տարածված բույս է: Վերջինիս հայրենիքը Հարավային Ամերիկան է: Տարբերում են պղպեղի կծու, կիսակծու եւ քաղցր տեսակներ, որոնք հիմնականում մշակվում են բանջարանոցներում:
Պղպեղի կամ տաքդեղի խոշոր պտուղները պարունակում են մեծ քանակությամբ շաքարներ, պիգմենտներ, մոմեր, եթերային յուղեր, B1,B2, P, PP, A եւ C վիտամիններ, հանքային աղեր: Պղպեղի քաղցր տեսակը պարունակում է ավելի շատ վիտամիններ, քան կծու տեսակը: Վիտամին C-ի պարունակությամբ տաքդեղը գերազանցում է բոլոր բանջարանոցային կուլտուրաներին, նույնիսկ` կիտրոնին: Օրը 1-2 հատ պղպեղ ուտելով կարելի է բավարարել օրվա վիտամին C-ի պահանջը: Տաքդեղի մեջ քիչ չէ նաեւ կարոտինի քանակը, եւ նույնիսկ կարելի է ասել` կարոտինի բաղադրությամբ այն չի զիջում գազարին: Այն չի պարունակում ֆերմենտներ, որի պատճառով էլ պահպանվում է պահածոյացված վիճակով: Պղպեղը պարունակում է կապսաիցին ալկալոիդ, ինչով էլ պայմանավորված է կծու տեսակների սուր եւ ծակող համը:
Ժողովրդական եւ գիտական բժշկության մեջ քաղցր տաքդեղը` որպես վիտամիններով հագեցած սննդամթերք, լայնորեն օգտագործվում է սակավարյունության, հիպովիտամինոզի եւ ավիտամինոզի, ուժերի անկման դեպքում, ինչպեսեւ այն շատ լավ բացում է ախորժակը: Եթե պղպեղն օգտագործենք գազարի եւ սպանախի հետ, ապա այն կնվազեցնի աղիներում չափից շատ գազերի կուտակումը: Կծու տաքդեղն ալկալոիդի առկայության շնորհիվ բարելավում է աղիների աշխատանքը:
Պղպեղի թուրմը շատ օգտակար է էնտերոկոլիտի, բակտերիալ դիզենտերիայի եւ լուծի դեպքում: Իսկ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է չորացրած-մանրացրած տաքդեղը մոտ 30 գ թրմել 100մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ եւ թրմել 20 օր: Այն կարելի է ընդունել վերը նշված հիվանդությունների դեպքում` 15մլ` օրը 3 անգամ: Իսկ ահա պղպեղի փոշուց ու կարագից պատրաստված քսուքը շատ լավ է մարմնի ցրտահարված մասերի համար: Նույնիսկ կարծիք կա, որ տաքդեղի հյութը շատ լավ է օձի կծածին` այն թեթեւացնում է ցավը եւ իջեցնում այտուցը:
Թարմ տաքդեղը կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ բակտերիցիդ միջոց, որը կարգավորում է նաեւ մարսողությունը:
Իսկ ահա սեւ պղպեղի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այս բանջարեղենի պտուղը հասունանում է 4-5 ամսվա ընթացքում: Դրանք պարունակում են եթերային յուղեր, ալկալոիդ պիպերին, որը տալիս է այրող համ: Ինչպես գիտեք, սեւ պղպեղն օգտագործվում է որպես համեմունք` մսեղենի, մարինադների, թթու դրած բանջարեղենների մեջ, եւ այլն:
Սեւ պղպեղն ունի արտահայտված աղեստամոքսային ուղիների արտազատական գործունեությունը խթանող, ինչպես նաեւ՝ հականեխիչ եւ արտաքին գրգռող հատկություն: Այն շատ օգտակար է հատկապես մրսածության դեպքում: Օրինակ` կարելի է 1 ճաշի գդալ մանրացրած սերմի վրա լցնել 200մլ կարմիր գինի ու եփել 10 րոպե: Այս եփուկը կարելի է օգտագործել քնից առաջ` մրսածության եւ բարձր ջերմության դեպքում:
Պղպեղով կարելի է նաեւ կոմպրեսներ անել: Մանրացրած տաքդեղը խառնել մեղրի եւ ալյուրի հետ` 1:1 հարաբերությամբ, եւ օգտագործել որպես կոմպրես մարմնի ցավող մասերին դնելով:
Մրսածության, հազի, հոդացավերի, ռեւմատիկ ցավերի, նեւրալգիայի եւ նմանատիպ հիվանդությունների ժամանակ սեւ պղպեղը շատ լավ օգնում է:
Սալորը վերադարձնում է երիտասարդությունը
Սալորը եւ սեւ սալորը շատ հարուստ են A,C,E վիտամիններով: Մրգի այս տեսակը չեզոքացնում է այն բոլոր ագրեսիվ մասնիկները, որոնք «մեղավոր են» վաղաժամ ծերացման համար: Սալորի օգնությամբ օրգանիզմից դուրս են գալիս շատ թունավոր նյութեր, եւ լավանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Այն նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Սալորից նույնիսկ պատրաստում են սնուցող դիմակներ: