Համաձայն չէ

08/04/2010

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կստորագրի ղարաբաղյան խնդրի կարգավորման համար առաջարկված փաստաթուղթը: Ս. Սարգսյանն ընդհանրապես պետք է խուսափի ազատագրված տարածքների հետ կապված որեւէ հիմնավոր փաստաթուղթ ստորագրելուց: Այս առումով ես համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»,- «tert.am»-ին երեկ ասել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն կանխատեսումը, թե նախագահ Սարգսյանը ստորագրելու է ԼՂՀ խնդրի կարգավորման համար առաջարկված համաձայնագիրը: Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը ապրիլի 6-ի հանրահավաքում հայտարարել էր. «Ս. Սարգսյանը, հետեւաբար, կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջեւ` կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ` ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը, իր բոլոր կանխատեսելի բացասական հետեւանքներով: Թեեւ այլընտրանքների արդյունքը, ինչպես նշեցինք, նույնն է լինելու, այսինքն` իշխանության անխուսափելի կորուստը, սակայն Ս. Սարգսյանն, իմ կարծիքով, ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները»: