Մարդու իրավունքների՝ միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենն ի թիվս այլ հանդիպումներիփ հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ես հանդիպել եմ հանրապետության նախագահին` շատ պարզ նպատակով` նա է, որ պետք է ինձ լսեր, եւ իմ ուղերձն էր` քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների մահվան հանգամանքների հետաքննությունը, խոսքի ազատությունն ու արդարադատության իրականացումը, այս համատեքստում նաեւ անազատության մեջ գտնվողների նկատմամբ խոշտանգումների բացառումը: Ե՛վ հանրապետության նախագահի, եւ՛ նաեւ ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի հետ մեր հանդիպումների նպատակը քաղաքական բանտարկյալների խնդիրն էր,- իր հանդիպման մասին «Ազատություն» ռ/կ-ին պատմել է Ս. Բելասենը՝ շեշտելով,- Քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է, ես ինքս եմ նրանց այցելել բանտերում, հանդիպել նրանց ընտանիքներին: Թե քանիսն են՝ հստակ չեմ կարող ասել, բայց նրանք գոյություն ունեն»: FIDH-ի նախագահը նշել է նաեւ, որ ՀԱԿ-ի հանրահավաքին միանալը եւ ամբիոնից ելույթ ունենալը եւս նույն նպատակն է հետապնդել: «Մենք քաղաքական կուսակցություն չենք, մենք Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն ենք։ Հետեւաբար, մեր նպատակը այդ հանրահավաքին մասնակցելով՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակումն էր: Մենք նպատակահարմար գտանք դիմել ոչ թե քաղաքական ուժին, ոչ թե իշխանություններին, այլ այնտեղ գտնվող ժողովրդին: Հանրահավաքում միայն կուսակցականներ չէին, այնտեղ շարքային քաղաքացիներ էին, որոնք անհանգստացած են քաղբանտարկյալների վիճակով: Մենք ցանկանում էինք այդ մասով մեր աջակցությունը հայտնել հավաքվածներին»,- ասել է Բելասենը: