Իրավապաշտպանների ներկայությամբ հարվածեցին կանանց

08/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մենք մեր համաժողովն անցկացնելու համար Հայաստանն ենք ընտրել, որովհետեւ հետեւում ենք այստեղի գործընթացներին: Իսկ եթե հետեւում ենք, ապա դա նշանակում է, որ այստեղ ամեն ինչ նորմալ չէ, այստեղ գործ կա անելու: Հայաստանում արդարադատությունը չի համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին, այստեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան»,- Երեւանում երեքշաբթի` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` FIDH-ի համաժողովի առաջին օրը եզրափակելիս հայտարարել է այդ կազմակերպության պատվավոր նախագահ Պատրիկ Բորդուենը:

Իսկ երեկ այդ կազմակերպության նախագահ Սուեր Բելասենն այցելել է անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին, հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու խոսել է նրանց մասին: Հիշեցնենք, որ Ս.Բելասենը երեքշաբթի մասնակցել էր նաեւ ՀԱԿ հանրահավաքին եւ ելույթ էր ունեցել այնտեղ: Իսկ երեկ նա ասել է, որ ընդդիմության միջոցառմանը մասնակցել է, որովհետեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը հանրահավաքի առանցքային թեման է: «Մենք քաղաքական կուսակցություն չենք, մենք Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն ենք: Հետեւաբար, մեր նպատակը՝ այդ հանրահավաքին մասնակցելով, քաղաքական բանտարկյալների ազատ արձակումն էր: Մենք նպատակահարմար գտանք դիմել ոչ թե քաղաքական ուժին, ոչ թե իշխանություններին, այլ այնտեղ գտնվող ժողովրդին: Հանրահավաքում միայն կուսակցականներ չէին, այնտեղ շարքային քաղաքացիներ էին, որոնք անհանգստացած են քաղբանտարկյալների վիճակով: Մենք ցանկանում էինք այդ մասով մեր աջակցությունը հայտնել հավաքվածներին»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ս.Բելասենը: Իսկ երեկ «Էրեբունի պլազայում» համաժողովի մասնակիցների աչքի առաջ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները հարձակվել են «Ազատություն 14 քաղբանտարկյալներին» մակագրությամբ պաստառը փակցրած Իզաբելլա Սարգսյանի եւ Լալա Ասլիկյանի վրա ու հարվածել նրանց: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները ՀԱԿ-ի երիտասարդներին նաեւ թույլ չեն տվել ապրիլի 7-ի առիթով ծաղիկներ փոխանցել FIDH-ի կին իրավապաշտպաններին: «Սասուն Միքայելյանի լուսանկարով չի կարելի»,- երիտասարդներին ասել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Եվ միայն FIDH-ի Հայաստանի ներկայացուցիչների միջամտությունից հետո երիտասարդները կարողացել են բարձրանալ կոնֆերանսի դահլիճ եւ բաժանել ծաղիկները: Անվտանգության աշխատակիցները լրագրողներին նաեւ խորհուրդ են տվել հյուրանոցի տիրոջից պարզել ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը: ՀՀ իշխանությունները անգամ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այդ համաժողովի ընթացքում չեն կարողացել իրենց կամակատարներին զերծ պահել մարդու իրավունքների ոտնահարումից: Ավելացնենք նաեւ, որ FIDH-ի համաժողովն առաջին օրը տեղի ունեցավ Օպերայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Վերեւում կարծես թե ամեն ինչ նորմալ էր ընթանում, չհաշված թարգմանական կապի անընդհատ ընդհատումները: Պատվիրակները ելույթ էին ունենում տարբեր լեզուներով: Եվ արտասահմանյան պատվիրակները շուտ-շուտ ոտքի էին կանգնում ու անհանգստացած պահանջում էին ապահովել կապը: Սակայն դա դեռ ամենը չէ: Որքան էլ կոռեկտ չէ ասելը, բայց կատարյալ իրարանցում էր տեղի ունենում «ներքեւում»` զուգարանում: Այստեղ իջնողն ընկնում էր քաոսի մեջ: Նախ զուգարանի դռան մոտ նստած էր մի կին ու թուղթը 25-30սմ երկարությամբ կտրելով` շարում էր իրար վրա: Եվ ամեն մի ներս մտնողին առաջարկում էր վերցնել դրանցից: FIDH-ի այլազգի մասնակիցները սարսափահար վեր էին թռնում, երբ թատրոնի աշխատակիցը նրանց թղթեր էր առաջարկումգ տհաճ տեսարանը ավելի տհաճ շարունակություն էր ունենում, ու մասնակիցները ուղղակի անակնկալ հեռանում էին այնտեղից: Այս «միջադեպը» ուշագրավ է նրանով, որ Օպերայի շենքը մի քանի տարի առաջ վերանորոգվել էր Լինսի հիմնադրամի միջոցներով: Այս պարագայում նաեւ դժվար էր ասել, արդյո՞ք այսպիսով չոտնահարվեցին համաժողովի պատվիրակների իրավունքները, ինքնասիրությունը: Չէ՞ որ համաժողովի հայաստանյան կազմակերպիչները գումարներ էին ստացել նրանցից այդ միջոցառումը կազմակերպելու համար: Չէ՞ որ նրանք Օպերայի դահլիճը վարձակալելու համար գումար էին վճարել: Միջոցառումը կազմակերպած «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» աշխատակից Լեւոն Բաբամյանը համաձայնեց այս դիտարկումների հետ, բայց ավելացրեց, որ իրենց զեղչեր են արել, ու դրա համար էլ չեն կարող պահանջել լավ սպասարկում: Եվ կարծես թե արդարանալով` ավելացրեց, թե նոր է վերադարձել Հորդանանից ու այնտեղի հյուրանոցների զուգարանների վիճակն էլ վատն էր: Արդարանալով` նաեւ ավելացրեց, թե պատվիրակներին հիացրել էր մեր Օպերայի շենքը եւ «Մարիոթում» կազմակերպած հյուրասիրությունը: