Մամուլի տեսություն՝ ըստ Նալբանդյանի

08/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար անհրաժեշտ է երկու կողմի ղեկավարների ուժեղ կամքը, արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է կանգնեցնել սփյուռքի գործողությունները եւ համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ»,- այս երեք պահանջները, ըստ Թուրքիայի «Սաբահ» թերթի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ-ում պետք է փոխանցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ուղերձներից հատկապես վերջին երկուսը բավականին անհանգստացնող են, որովհետեւ արձանագրություններից հետո Թուրքիան փորձում է հաջորդ լուրջ քայլն անել ցեղասպանության ճանաչման կասեցման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իր նախապայմանները Հայաստանին պարտադրելու առումով: Մինչեւ այժմ թուրքական կողմից տարբեր մակարդակով այս խնդիրների մասին հնչող հայտարարություններից հետո արդեն Թուրքիան կարծես թե անցել է ավելի լուրջ ճնշումների: Ռ.Էրդողանը առաջարկներ է ներկայացնելու նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ` Մադրիդյան փաստաթուղթը ընդունելու համար, պետք է դերակատարում ունենա ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերում, եւ Թուրքիան չի կարող հրաժարվել Ադրբեջանից: Ահա այսպիսի պահանջներ է ներկայացնում Թուրքիան ոչ միայն մեր երկրին, այլեւ ԱՄՆ-ին: Այս պայմանների մասին երեկ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ընդ որում, երեկ Հայաստան է եկել Ռ.Էրդողանի հատուկ բանագնացը` Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, եւ հանդիպել է Ս.Սարգսյանի ու Է.Նալբանդյանի հետ: «Կարդալով «Սաբահին»՝ պետք է չհավատանք, որ այդպիսի բաներ գոյություն ունեն: Սինիրլիօղլուն նախագահին փոխանցել է գրավոր ուղերձը վարչապետ Էրդողանի, եւ նաեւ բանավոր ուղերձներ նախագահի կողմից եւ արտաքին գործերի նախարարի կողմից: Եվ այդ ուղերձները որեւէ ձեւով չեն պարունակում այն տեղեկությունները, որի մասին խոսվում է «Սաբահում»: Թուրքական կողմը հավաստիացրել է մեզ, թե ցանկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակություն ունենա: Հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որոնք համահունչ են միջազգային հանրության ակնկալիքներին, որոնք սպասում են Թուրքիայից գործնական քայլեր այս ուղղությամբ: Նաեւ ասեմ, որ նա փոխանցել է վարչապետ Էրդողանի առաջարկը՝ կազմակերպել հանդիպում Վաշինգտոնում ՀՀ նախագահի հետ»,- պատասխանեց Է.Նալբանդյանը: Հիշեցնենք, որ վերջերս Ս.Սարգսյանը մի քանի իրարամերժ հայտարարություններ է արել ԼՂՀ խնդրի հետ կապված: Նախ ասել է, որ ՀՀ-ն ԼՂՀ անկախության դիմաց պատրաստ է զիջել ազատագրված շրջանները, ավելի ուշ նաեւ նշել է, թե ԼՂՀ ինքնորոշման հարցը սակարկության ենթակա չէ: «Անհանգստությունս նրանից է, որ այսպիսի բանագնացներ, այսպիսի հայտարարությունները եւ այսպիսի տպագիր նյութերը երբեւիցե չեն լինում անկախ իրենցից, եւ դրանք առնվազն իրար հետ փոխկապակցված են»,- նկատեց Լ.Ալավերդյանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին կայացած հանրահավաքում հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները եւ Ս.Սարգսյանը պատրաստ են սկուտեղի վրա մատուցել ԼՂՀ հարակից 5 շրջանները, այսինքն՝ վերադարձնել Ադրբեջանին, անորոշ թողնելով մնացած սկզբունքային խնդիրների լուծումը, այդ թվում եւ՝ ԼՂ կարգավիճակի հարցը: Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյո՞ք շրջանները հանձնելու մասին պայմանավորվածություն կա: Կամ` հիմա բանակցությունները Մադրիդյան ո՞ր, հի՞ն, թե՞ նորացված տարբերակի շուրջ են ընթանում: Է.Նալբանդյանը պատասխանեց, թե բանակցությունների գլխավոր հարցը ԼՂՀ կարգավիճակն է: «Ոչ միայն Հայաստանը, եռանախագահներն էլ են հասկանում, որ գլխավորը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ այդ իրավունքի իրագործման հարցն է: Առանց այդ հարցի լուծման՝ մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն»,- նորից կրկնեց Է.Նալբանդյանը:

Բայց հաջորդ պահին ավելացրեց. «Այսօր բանակցությունների սեղանին գտնվում է Մադրիդյան փաստաթուղթը, Մադրիդյան առաջարկները, որոնք ներկայացվել էին 2007թ. նոյեմբերին: Դա է հանդիսանում բանակցությունների հիմքը»: Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը համանախագահող երեք երկրների նախագահները բացահայտեցին բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքների 6 կետերը, որտեղ ԼՂՀ կարգավիճակի հարցը 4-րդ տեղում էր: Առաջինը Ադրբեջանին ԼՂՀ հարակից շրջանների վերադարձի հարցն էր: Եվ հստակ նշված չէր, թե այդքանից հետո ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը: Ընդ որում, քննարկվում է ադրբեջանցի փախստականների վերադարձից տարիներ հետո հանրաքվե անցկացնելու տարբերակը: Այս դեպքում արդեն չի բացառվում, որ հնարավոր հանրաքվեն կարող է անցկացվել այն ժամանակ, երբ ԼՂՀ բնակչության կազմում ադրբեջանցիները ավելի մեծ տեսակարար կշիռ կկազմեն: Այսքանից հետո հասկանալի է դառնում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են միայն ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդիրը` անորոշ թողնելով կամ վտանգելով ԼՂՀ ինքնորոշման հարցը: Եվ երբ ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը հայտարարում են, թե իրենց համար առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, բայց անմիջապես հետո ավելացնում, թե բանակցությունների հիմք են ընդունված Մադրիդյան սկզբունքները, ստացվում են իրար հակասող պայմաններ: Բացահայտված Մադրիդյան սկզբունքների դեպքում ԼՂՀ-ի ինքնորոշման մասին խոսք անգամ չկա, կա անորոշ հեռանկար կարգավիճակի մասին, այն էլ՝ միայն տարածքների վերադարձից հետո: Ի դեպ, այս կետերի մասին հայ հանրությունը նույն կերպ ծանոթացել է դրսի մամուլից: Եվ երբ Է.Նալբանդյանը հորդորում է հիմք չընդունել «Սաբահի» կամ արտասահմանյան այլ լրատվամիջոցների հրապարակումները, հավանաբար ճիշտ կլիներ հիշեր, որ ԼՂՀ եւ հայ-թուրքական խնդիրների մասին տեղեկությունները նույն հասարակությունը ստանում է այդ նույն լրատվամիջոցներից: Հատկապես, երբ Ս.Սարգսյանն էլ իր ասելիքը ոչ թե հայաստանյան, այլ արտասահմանյան մամուլի միջոցով է փոխանցում: