Երաժշտական դպրոցները կործանման եզրի՞ն են

20/09/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Շատերը, տեսնելով, թե ինչպես է իրենց ծանոթ կարմիր դիպլոմավորը դռնեդուռ
ընկած աշխատանք փնտրում, վախենում են իրենց երեխայի հետ երաժշտական դպրոցի
կողքով անգամ անցնել: Իսկ կարմիր դիպլոմավորի առջեւ բոլոր դռներն այդպես
էլ փակ են մնում, որովհետեւ նա չունի փող, որով կարողանա գոնե մի նեղ դուռ
բացել, չունի ծանոթ, որով կարողանա «լավ մասնագետի» որակավորում ստանալ,
չունի առողջություն, որ համառորեն վազի ու վազի եւ, իրականում, երաժշտական
դպրոց ընդունվելու ցանկություն էլ չունի, որովհետեւ գիտի, որ միեւնույն է,
դա իրեն ոչ փող կտա եւ ոչ էլ «լուսավոր ու պայծառ ապագա»:

Նորօրյա Գիքորը երաժշտության ուսուցչի դերում

«Օպտիմալացում ասածը եկավ ու մեր կողքով անցավ,- ասում է Երեւանի
երաժշտական դպրոցների ուսուցիչների մի խումբ,- Բարձրացվեցին դպրոցի
ուսուցիչների աշխատավարձերը, իսկ մենք հերիք չէ անտեսվեցինք, մի բան էլ
ավելին՝ մատնվեցինք բախտի քմահաճույքին: Դարձել ենք Գիքորը ու «էստի
համեցեք» կանչելով աշակերտ ենք հայթայթում, չգտնելու դեպքում՝
կհեռացվենք»: Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի
ուսուցիչներից մեկը պատմում է, որ իրենց դպրոցում տնօրենը հայտարարել է,
թե կաշխատեն միայն այն ուսուցիչները, ովքեր կկարողանան 9 աշակերտ բերել
դպրոց՝ ապահովելով մեկ դրույք: «Ես չեմ մեղադրում մեր տնօրենին, հասկանում
եմ, որ պրակտիկորեն անհնար է 50-60 ուսուցիչ պահել, երբ այս տարի ընդամենը
18 աշակերտ է դիմել դաշնամուրային բաժին: Մեր ժողովրդի վերաբերմունքն է
փոխվել երաժշտական դպրոցների նկատմամբ ու սրանում ոչ թե դպրոցի
տնօրինությունն է մեղավոր, այլ պետությունը»: Իսկ քաղաքապետարանի
Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսեսյանն
ասում է, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ինքը պետք է տեր կանգնի իր
դպրոցին:«Տնօրեններ ունենք, որ մտածում են, թե դեռ կոմունիզմ է եւ ինչ-որ
մեկը պետք է իրենց պրոբլեմները լուծի,- ասում է նա,- այդպես չէ:
Քաղաքապետարանը փորձում է, բայց մեծ ծավալներով չի կարող օգնել»:
Երաժշտական դպրոցներն այսօր քաղաքապետարանի, համայնքների եւ Մշակույթի,
սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, մի փոքր մասով էլ`
Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ են: Այս
կառույցներից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում հանել մեղքը իր վզից՝
հարեւանի վզին փաթաթելով: «Կանոնադրության համաձայն՝ պետական պարտադրանք
գոյություն չունի, որ դու` դասատու, աշակերտ բեր, մենք քեզ ժամեր տանք,-
ասում է ՀՀ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Պետական ծրագրերի մշակութային համագործակցության կրթության եւ գիտության
բաժնի պետ Գառնիկ Գույումջյանը: -Ըստ էության, ուսուցիչն աշակերտ
ընդունելու հետ անգամ կապ էլ պետք է չունենա, բայց քանի որ այսօր
աշակերտների թիվը պակասում է, երաժշտական դպրոցների տնօրեններին էլ կարելի
է հասկանալ: Ներկա իրավիճակից ելնելով, դա դիտվում է որպես ուսուցիչների
աջակցություն: Ըստ էության, ուսուցիչը կարող է կրճատվել` աշակերտ չլինելու
պատճառով, բայց ոչ թե այն պատճառով, որ ինքը չի գտել աշակերտ»: «Մեր
տնօրենը փորձում է ամեն կերպ բարձր պահել դպրոցի անունը, միջոցառումներ
ենք անում, համերգներ, բայց ի՞նչ կարող է նա այլեւս անել: Մի օր էլ մեր
իշխանավորները կարող են գալ դպրոց ու ասել՝ վերջ, այս գործիքներն ու շենքը
մերն է, եթե ուզում եք աշխատել, փող տվեք: Ի՞նչ անի տնօրենը: Էլ չենք
ասում, որ ամեն ամիս բավական մեծ գումար է հատկացվում Կենսաթոշակային
ֆոնդին: Ստիպված խնդրում է մեզ, որ եթե հնարավորություն ունենք
չաշխատելու` կամավոր դուրս գանք: Կամ էլ գտնենք մեզ հովանավոր»:

Երաժշտական դպրոցներն այդպես էլ դատա՞րկ կմնան

Երաժշտական դպրոցներ հաճախողների թիվը տարեցտարի նվազում է: Այդ են
փաստում երաժշտական դպրոցի տնօրեններն ու աշակերտները: Իսկ քաղաքապետարանի
համապատասխան բաժնում այնքան էլ համաձայն չեն այս կարծիքին՝ ասելով` «եթե
պահանջարկ չկա, այս ոլորտը կիջնի, մինչեւ որ պահանջարկը կհավասարվի
առաջարկին»: Չկա՞ 6000 դրամ ամսական վարձի փող, այլեւս չե՞նք սիրում
դասական երաժշտությունը, թե՞ պարզապես մոդա չէ դաշնամուր, սրինգ կամ
ջութակ նվագելը: Խնդիրն այլ է. ծնողն ավելի նպատակահարմար է գտնում փող
ծախսել երեխային պար, անգլերեն ու համակարգիչ սովորեցնելու վրա, քանզի
գիտի, որ դրանք ապագայում նրան պետք կգան, իսկ երաժշտությո՞ւնը: «Մեր
պետությունն այսօր չի գնահատում արվեստը, երաժշտությունը եւ ոչինչ չի
անում երաժշտական դպրոցների վարկանիշը բարձրացնելու համար»,- ասում են եւ
ուսուցիչները, եւ ծնողները: Կամո Մովսեսյանն էլ դպրոցը պահելու համար
տնօրեններին առաջարկում է արթնացնել իրենց բիզնեսի ջիղը: «Ոչ թե տարածք
վաճառեն կամ վարձակալության տան, այլ դպրոցին կից բացեն էսթետիկայի եւ
էթիկայի դասընթացներ, պարային խմբակներ, կոմպյուտերային ժամեր եւ այլն:
Բայց եթե տնօրենը նստի մտածի` ե՞րբ պետք է իրեն օգնեն, իր մոտ այդպես էլ
մարդ չի գնա»:

Դպրոցի ուսուցիչները բողոքում են, որ հանրակրթական դպրոցի ուսուցիչների
աշխատավարձը բարձրացնելիս իրենց մասին այդպես էլ մոռացան: «Եթե մենք
«օպտիմալացում» ասելով` հասկանում ենք ուսուցիչների աշխատավարձերի եւ
որակի բարձրացում, այդ դեպքում մենք պետք է որոշ պայմաններ ապահովենք եւ
նոր անենք այդ օպտիմալացում ասածը,- ասում է Գ.Գույումջյանը։ -Եթե
անպատրաստ արվի, ավելի վնաս կբերի, քան օգուտ: Այսինքն, պետք է առաջին
հերթին լինի օրենսդրական դաշտ, հստակ չափորոշիչներ, բայց չափորոշիչներ
դեռեւս չկան»: Իսկ երբ լինեն, թերեւս արդեն ուսուցիչ չի լինի, իսկ
երաժշտական դպրոցները լրիվ կդատարկվեն:

Օրինականացված կաշա՞ռք

«Մի քանի տարի առաջ փորձեցի ընդունվել ոչ այնքան անունով երաժշտական
դպրոց, պահանջեցին 300 դոլար: Ամուսինս պատրաստ էր վճարել, սակայն մի պահ
մտածեցի, որ ես ամբողջ տարվա ընթացքում հազիվ դրա կեսը աշխատեմ, ու
հրաժարվեցի: Նախընտրում են մնալ տանը, սակայն 15 տարի պարապել եմ
ջանասիրաբար լավ մասնագետ դառնալու համար»,- ասում է 35 տարեկան մի կարմիր
դիպլոմավոր կին:

Քանի որ պետությունը հոգ չի տանում ուսուցիչների մասին, ուսուցիչների մի
մասը գտել է փող աշխատելու այլ աղբյուր: Շատ ծնողներից իմացա, որ
երաժշտական դպրոցներում (կոնկրետ դեպքեր լսեցինք Չայկովսկու անվան դպրոցի
մասին) ուսուցիչները, հատկապես` լավ անունով մասնագետները, 10-20 ԱՄՆ
դոլար են պահանջում յուրաքանչյուր դասաժամի համար: Մշակույթի,
երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության տված պատասխանը,
բնականաբար, դժվար չէր ենթադրել: «Եթե դա լինի ահազանգ, դրա դեմ հաստատ
միջոցներ կձեռնարկենք: Եթե լինի հստակ ապացույց, ապա կպատժենք այդ
ուսուցչին: Այդ երեւույթի մասին շատ են խոսում, բայց կոնկրետ ապացույցներ
չկան»:

Փրկության հույս կա՞

«6-7 տարեկան երեխան` տեսնելով, թե մի հեռուստաալիքով ինչպես են
«անսլուխ», անշնորհք երգում, լսում է «ֆալշ» երգը ու մտածում է, որ դա
նորմալ է: Պարզ է, որ այդպես ոչ ոք չի ուզի սովորել երաժշտական դպրոցում,
կասի՝ եթե առանց դրա էլ կարող եմ երգել, նվագել, ու ինձ ցույց կտան
հեռուստատեսությամբ, էլ ինչո՞ւ տանջվեմ: Սա` մի խնդիր: Ու այսպես եւս մի
քանի խնդիրներ կան»,- ասում է Կ. Մովսեսյանը:

Գուցե հենց սա՞ է վերջը: Հատկապես, երբ օրենքներն էլ այստեղ թերի են:
«Կրթության մասին օրենքում դպրոցների տիպերի մեջ երաժշտական դպրոցները
ֆիքսված չեն: Դպրոցներին վերաբերվում են որպես խմբակների,- ասում է
Գ.Գույումջյանը։ -Այսինքն` օրենքը թերի է, հենց այդտեղից էլ վերաբերմունքն
է այդպիսին»: