Երեկ Ազգային ժողովում «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագծի քննարկման ժամանակ կրքերը բավականին լարված էին: Նախ նշենք, որ Կ.Վարդանյանի ներկայացնելով` իր հեղինակած օրինագիծը նպատակ ունի պայքարել ձայնասկավառակների սեւ շուկայի դեմ, պաշտպանել հեղինակային իրավունքները: Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնությունը եւ կառավարությունը դեմ են այդ նախաձեռնությանը: Նախագծի հարակից զեկուցող՝ Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, թե դեմ չեն օրինագծին, բայց այնտեղ նշված չեն օրենքը կիրառելու մեխանիզմները: Ա.Ալավերդյանն իր խոսքում պատգամավորներին ասաց. «Չգիտեմ` ինչու եք իրար խառնվել»: Եվ այս արտահայտությունից խիստ բարկացավ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա բարկացած` Ա.Ալավերդյանին կոչ արեց չմոռանալ, թե որտեղ է գտնվում, հաշվի առնել, որ պատգամավորների հարցերին է պատասխանում, եւ ընդհանրապես հարց է, թե ով է խառնվել իրար: «Թող կառավարությունը որոշի, թե որ լիազորված մարմինը պետք է այդ գործառույթներն իրականացնի: Ի՞նչ պրոբլեմ կա: Ինչպես թմրամիջոցների հետ կապված, նշված է օրենքում, թե ինչպես են ոչնչացնում, ով է առգրավում, որտեղ են պահում: Ինչ եք այստեղ հեքիաթներ պատմում,- հայտարարեց պատգամավորը եւ ավելացրեց,- Ինչո՞ւ եք իրար խառնվել: Դու ես իրար խառնվել: Էդ ի՞նչ խոսալու ձեւ ա»: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը փորձեց հարթել միջադեպը, սակայն դա նրան չհաջողվեց: Գործին «խառնվեց» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Մի րոպե հլը: Եթե այստեղ ինչ-որ մարդիկ կան, որ իրենց շնորհքը, համարձակությունն են ցույց տալիս այս դահլիճում, կամ փորձում են ինչ-որ ծառայություններ մատուցել որոշ մարդկանց, ես գտնում եմ, որ ճիշտ տեղը չեն ընտրել: Եվ բոլորին հրավիրում եմ ԱԺ դահլիճում կոռեկտ պահվածքի»,- ասաց Հ.Աբրահամյանը: Բայց Վ.Դալլաքյանը շարունակում էր ռեպլիկները, եւ արդեն Հ.Աբրահամյանը բարկացավ. «Պարոն Դալլաքյան, որ դուք խոսում էիք, ես չէի խանգարում»: «Ես չեմ խանգարում»,- հակադարձեց Վ.Դալլաքյանը: «Դու չես կարող ոչ մեկին խանգարել, դե ուրեմն հանգստացեք, Ձեր տեղը նստեք: Ձեր ժամանակն ավարտվել է»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Հետո հարցի ժամանակ Վ.Դալլաքյանը Ա.Ալավերդյանից հարցրեց. «Անկեղծ ասած ես լավ չհասկացա ԱԺ նախագահի ռեպլիկը` ծառայություն մատուցելը Ձե՞զ էր վերաբերում, թե՞ իրեն»: Ա.Ալավերդյանը չպատասխանեց ըստ էության Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցին` «Ես ԱԺ նախագահի հետ կապված ինչպե՞ս կարող է որեւիցե բան ասեի, պարոն Դալլաքյան»: «Համարձակություն ունեցիր, ինձ հարցրու»,- վերեւից ասաց Հ.Աբրահամյանը: