Ընդունել է

08/04/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ս. Սարգսյանը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ մեր երկրի համագործակցությունը` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին, շահագրգիռ է դրանց տարածմամբ եւ պատրաստ է տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունը: «Հայերը դարերի ընթացքում սերտ կապեր են ունեցել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այնքան սերտ, որ որոշ դեպքերում նույնիսկ դժվար է տարբերակել, թե որ մշակույթին են պատկանում այնպիսի անուններ, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը, Ալեն Թերզյանը, Գառզուն, Ժանսեմը: Նրանք, իհարկե, ֆրանսիական մշակույթի վառ ներկայացուցիչներ են, բայց մեր հայրենակիցներին մենք համարում ենք նաեւ հայկական մշակույթի բաղկացուցիչ մաս,- ընդգծել է Ս. Սարգսյանը` հավելելով,- Անհատների դերը, անշուշտ, շատ կարեւոր է, սակայն հարաբերությունների ամրապնդման գործում չափազանց մեծ դերակատարություն ունեն նաեւ Ֆրանսիայի ու ֆրանսալեզու երկրների հայկական համայնքները»: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները 2008թ. ասոցիացված անդամի կարգավիճակով անդամակցությունից ի վեր նշանակալի զարգացում են ապրել: Նա բարձր է գնահատել ֆրանսերենի տարածումը խթանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը` ընդգծելով, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, եւ 2009 թվականին կազմակերպվել են ֆրանկոֆոնիային նվիրված ամենաշատ միջոցառումները: