Նախկին ԽՍՀՄ «Հայխնայբանկում» քաղաքացիների ունեցած ավանդների վերադարձման հարցը ընտրությունից ընտրություն միշտ էլ շահարկվել է քաղաքական ամենատարբեր ուժերի կողմից:
Օրինակ` «Օրինաց Երկիր» կուսակցությունը ավանդների փոխհատուցման մասին օրինագծի «հայրը» համարում է իրեն, բայց թե՛ նրանցից առաջ ու թե՛ նրանցից հետո շատերն են փորձել այս միշտ արդիական խնդիրը ընտրազանգված գրավելու միջոց դարձնել: Երբ ավանդների փոխհատուցման հարցը խոսակցական մակարդակից 2006 թվականին անցավ լուրջ քննարկումների եւ կառավարությունում օրինագիծ մշակվեց, Հայաստանի մոտ 2 միլիոն ավանդատուները նորից վերհիշեցին հալալ քրտինքով կուտակած ու փոշիացած փողերի մասին: Խանդավառությունն այնքան մեծ էր, որ տարեցներին թվում էր, թե, վերջապես, կկարողանան արժանապատիվ կերպով վայելել իրենց ծերությունը, հատկապես, որ իրենք մի քանի տասնյակ տարի աշխատել ու իրենց լուման են ներդրել հենց այս պետության զարգացման համար: Բայց, առաջին հիասթափությունը եղավ այն պահին, երբ պարզվեց, որ, որքան էլ փոխհատուցման գումարը քիչ հաշվարկեն, միեւնույն է` մեր պետության բյուջեն կսնանկանա, եթե բոլոր ավանդատուներին վերադարձնեն իրենց գումարները: Այդ իսկ պատճառով որոշվեց առաջնահերթ փոխհատուցել միայն նրանց, ովքեր 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում, բացի այդ` 70-ն անց են, միայնակ ու անժառանգ: Այնուհետեւ, ըստ կառավարության մշակած օրինագծի, առաջնահերթությունը կտրվի 1990-94թթ. ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձանց եւ նրանց ընտանիքներին, դրա հետեւանքով հաշմանդամ դարձած անձանց եւ նրանց ընտանիքներին,Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին: Մյուս ավանդատուներից առավելություն կունենան նաեւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամները, ապա նաեւ աղետի գոտու եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները: Գործընթացի մեկնարկից առ այսօր անցել է 5 տարի, բայց պետբյուջեի գումարները չեն բավարարում փոխհատուցելու անգամ այն հաջողակներին, որոնք գրանցման համար նախատեսված 1 ամսվա ընթացքում հաջողացրել են ընդգրկվել ցուցակներում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նպաստների բաժնի պետ Գրետա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մեկ ամսվա ընթացքում ցուցակներում հասցրել է ընդգրկվել 62 հազար մարդ, որոնցից 29 հազար 846-ն առ այսօր ստացել են փոխհատուցում` 1000 ռուբլու դիմաց` 84 հազար դրամ դրույքաչափով: Մինչ այսօր նոր հաշվառում չի իրականացվել, քանի որ դեռեւս 5 տարի առաջ բոլոր հաշվառվածները չեն ստացել իրենց գումարները: Նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանից էլ տեղեկացանք, որ 2006-ից մինչ այսօր մահացել է ցուցակում ընդգրկված 1675 քաղաքացի, որոնց ավանդներն, ըստ էության, համարվում են կորած, քանի որ, սահմանված կարգի համաձայն, ավանդի փոխհատուցումը ժառանգությամբ չի փոխանցվում, եւ նրա զավակները չեն կարող ստանալ այդ գումարը: Ցուցակներում ընդգրկված մարդկանց մեծամասնությունը 70-ն անց տարիքի մարդիկ են, ու պարզ է, որ նրանից շատերը այդպես էլ չեն հասցնի վայելել տարիների իրենց վաստակը: Իզուր էր «Օրինաց Երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ի թիվս շատ այլ խոստումների, իր համակիրներին հավաստիացնում, որ ավանդների վերադարձման առումով Հայաստանում շատ անարդար վիճակ է. «Կինը մահացել է, ամուսինը չի կարողանում նրա փոխարեն փոխհատուցում ստանալ, ծնողը մահացել է, ժառանգը չի կարողանում ավանդը ստանալ: Մենք այդ ապօրինությունը վերացնելու ենք»:
Այն, որ Արթուր Բաղդասարյանը հանրապետության նախագահ չդարձավ, ամենեւին էլ չի նշանակում, թե նա կարող էր բազմահազար մարդկանց հուսախաբ անել: Ժառանգներին ավանդների փոխհատուցման հարցի վերաբերյալ ոչ «Օրինաց Երկիրը», ոչ որեւէ այլ քաղաքական ուժ առ այսօր ոչինչ չեն ձեռնարկել:
Եվ ահա, մարտի 25-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը «աչքալուսանք տվեց» տարեց վետերաններին, ու ասաց, որ այս տարի նրանք վերջապես կստանան իրենց ավանդները: Իսկ այս պատվին նրանք կարժանանան 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ: «Այս հարցը հանգամանորեն քննարկվել է Հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը եւ հավելել, որ որոշումը վերաբերում է 3 հազար 900 վետերանի եւ, որ այս հարցում կառավարությունն ակնկալում է ամբողջ հասարակության հավանությունը: Անշուշտ, օրինագիծը կարժանանար ողջ հասարակության հավանությանը, եթե ամեն ինչ տեղին ու ճիշտ արվեր: Թվում է, թե հասարակությունն իսկապես դժգոհելու առիթ չունի, դեռ մի բան էլ պետք է շատ ուրախ լինի, որ վերջապես մեր երկրում հարգվում են վաստակ ունեցող մարդկանց իրավունքները: Սակայն, խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ, փաստորեն, պատերազմի վետերանները առաջ են ընկնում ավելի քան 5 տարի անընդմեջ աղքատության նպաստ ստացող այն մարդկանցից, ովքեր ընդգրկված են ցուցակներում ու, արդեն քանի տարի է, սպասում են գումարը ստանալու իրենց հերթին: Իսկ հիմա կառավարությունը նրանց ասում է, որ, ոչինչ, 20 տարի սպասել եք, մի քիչ էլ դիմացեք, 2010-ի պետբյուջեով ավանդների փոխհատուցման համար գումարը նախատեսում ենք պատերազմի վետերանների համար: Եվ, ինչպես հավաստիացնում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին բերում-դնում ենք աղքատներից առաջ: Մի կողմից՝ աղքատ խավին հանում ենք վետերանների դեմ, մյուս կողմից՝ խեղաթյուրում ենք ավանդի փոխհատուցման գաղափարը»:
Ավանդների հետ կապված` գոյություն ունի եւս մեկ խնդիր: Եթե մոտ 3900 վետերանների բախտը ինչ-որ տեղ բերել է, որ նրանք գոնե կստանան իրենց ավանդները, ապա բոլորովին անհայտ է այն մարդկանց գումարների ճակատագիրը, որոնք, ժամանակին վստահելով պետությանը, գնել են արժեթղթեր ու պետական պարտատոմսեր: Խորհրդային տարիներին անգամ փող ունեցողի համար այնքան էլ հեշտ չէր ավտոմեքենա կամ թանկարժեք կահույք գնել, քանի որ դրանք ազատ վաճառքում դժվար էր գտնել: Այդ իսկ պատճառով էլ հարյուրավոր քաղաքացիներ բավականին մեծ գումար են վճարել, վճարման դիմաց ստացել կտրոն` ավտոմեքենա, բնակարան, կամ, ասենք, կենցաղային տեխնիկա ստանալու համար: Այս գումարները եւս գանձել է «Հայխնայբանկը», իսկ ապրանքները պետք է գնորդին տրամադրեր պետությունը: Սրանց վերադարձի մասին մեր պաշտոնյաները լռում են. «Փոխհատուցվում են միայն կանխիկ դրամով դրված ավանդները»:
Նշենք նաեւ, որ այսօր պետությունը ոչ թե իր պարտքն է համարում վերադարձնել այդ գումարները, այլ` ավանդների փոխհատուցման գործընթացը համարում է որպես դրամական աջակցություն սոցիալապես անապահով խավերին ու առաջնահերթությունն էլ տալիս է այդ անապահով խավին: Սակայն նորություն չէ, որ մեր երկրում նպաստի կարիք ունեցող բազմաթիվ անապահով ընտանիքներ չնչին պատճառաբանություններով դուրս են մնում նպաստառուների, այլ կերպ ասած` «Փարոսի» ցուցակից, իսկ փոխարենը շատ հաճախ այնտեղ հայտնվում են բոլորովին դրա կարիքը չունեցող, աշխատող, տնով-տեղով, հողամասով ու մեքենայով ապահովված մարդիկ: Իսկ շատ մարզերում Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում մարդիկ շատ հեշտ ու հանգիստ որոշակի գումարի դիմաց (հիմնականում 25-35 հազար դրամ) կարող են ստանալ, ասենք, «միայնակ մոր», կամ «անապահովի» կարգավիճակ ու ընդգրկվել նպաստառուների ցուցակում: