Ղրղըզստանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով երեկ առնվազն 5 զոհ է եղել: «Ռոյթերզ» գործակալության ֆոտոթղթակիցը հաստատել է ականատեսների վկայությունները, որ բախումներից հետո նախագահական նստավայրի մոտ` կենտրոնական հրապարակում 5 անկենդան մարմիններ կան: Իսկ «Ասոշիեյթեդ փրեսը» հաղորդում է 4 զոհվածների մասին: Տեղի հիվանդանոցներից հաղորդել են առնվազն 6 վիրավորների ընդունելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների փոխանցմամբ, կրակոցները հնչել են, երբ հազարավոր ցուցարարներ շրջապատել էին նախագահական նստավայրը եւ պահանջում էին երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականը: Ցուցարարները փորձել են ճեղքել նախագահի նստավայրը պահպանող ոստիկանների եւ զինվորականների շղթան եւ մտնել ներս: Ավելի ուշ ցուցարարները գրավել են պետական հեռուստատեսության շենքը, ինչի հետեւանքով երկու հեռուստակայաններ եթերազրկվել են: Երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը արտակարգ դրություն է մտցրել մայրաքաղաք Բիշքեկում, Նարին, Տալաս քաղաքներում եւ Չույսկայա շրջանում: Արտակարգ դրությունը գործում է երեկոյան 10-ից մինչեւ առավոտվա 6-ը: Չորեքշաբթի ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները ականատես են եղել ցուցարարների կողմից իրավապահների քարկոծմանը, ինչից հետո Ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ այլ հատուկ միջոցներ էր կիրառել ցույցը ցրելու համար, ապա օգնության էին հասել զինվորականները: Նույն օրը Դատախազությունը «լուրջ հանցագործությունների» մեղադրանք է առաջադրել ընդդիմության առաջնորդներ` նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւին եւ «Աթա-Մեթեն» կուսակցության ղեկավար Օմուրբեկ Թեքեբաեւին, որոնք ձերբակալվել են նախօրեին: Ընդդիմության առաջնորդներից առայժմ ձերբակալված չէ Ռոզա Օթունբաեւան, ով անցել է ընդհատակ: Ըստ «Ազատության»` բողոքի բազմամարդ ցույցեր են տեղի ունենում նաեւ երկրի Օշ քաղաքում, Տալաս եւ այլ բնակավայրերում: Ղրղըզստանի ընդդիմությունը, հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը` մեղադրելով նրան կոռուպցիայի, ինչպես նաեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի, մամուլի ազատությունը ճնշելու համար: Ղրղըզստանում հուզումները սկսվել են նախօրեին: Իրավապահ մարմինները ապրիլի 6-ից կալանավորում են ընդդիմության ղեկավարներին: Մինչ բախումները «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ղրղըզստանի իշխանություններին կոչ էր արել թույլատրել ընդդիմադիրների բողոքի խաղաղ ակցիաները ու ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Օրերս Բիշքեկ էր այցելել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նա Ղրղըզստանի իշխանություններին քննադատել էր մարդու իրավունքները ոտնահարելու համար: