Հանդիպել են

08/04/2010

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Նալբանդյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի առաջին այցը Հայաստան` վստահություն հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցիացված անդամի կարգավիճակով ՀՀ-ի անդամակցությունից ի վեր: Կողմերը հանգամանալից զրուցել են Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի առավել սերտացմանն ուղղված քայլերի վերաբերյալ` կարեւորելով ՀՀ ԱԺ-ի, տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ համալսարանների արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների հետ: Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը: