Ուզենք թե չուզենք, նրանք կան

20/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Լոս Անջելեսում գործող հաշմանդամ մանուկների Exceptional Children
Foundation դպրոցների ցանցի տնօրեն Լորի Սիվազլյանը հաճախ է գալիս
Հայաստան՝ ցանկանալով իր աջակցությունն ու փորձն օգտագործել մեր երկրում:
Ընդունված է հասարակության մարդասիրությունը չափել հաշմանդամների հանդեպ
վերաբերմունքով:

Այդ առումով ԱՄՆ-ը, ինչ էլ ասվի, թերեւս ամենահումանիստական երկիրն է:
«Հաշմանդամ» բառն Ամերիկայում չի օգտագործվում եւ փոխարինված է ավելի մեղմ
ձեւակերպումով՝ «սահմանափակ կարողությունների տեր մարդիկ»: Disable,
այսինքն՝ անկարող մարդ հասկացությունը լայն իմաստ ունի: 36-ամյա պրոֆեսոր
Լ. Սիվազլյանի հետ մեր հարցազրույցը մեր եւ ամերիկացի հաշմանդամների մասին
է:

– Պետությունը որքա՞ն գումար է նախատեսում ամերիկացի հաշմանդամների համար:

– Պետությունն ամսական 500 դոլար է տալիս այն երեխային, ում ընտանիքը 3000
դոլարից պակաս եկամուտ ունի: Պետությունն ունի իր օրենքները, ամեն ամիս
ստուգում է, եւ եթե ընտանիքի եկամուտը բարձրանում է, ծնողների գործը
լավանում է, օգնության չափը պակասում է: Հաշվի են առնում նաեւ, թե քանի
մեքենա կա ընտանիքում: Բայց բացի գումարից, պետությունը տալիս է նաեւ
բժշկական ապահովագրություն, ըստ որի՝ երեխային անհրաժեշտ բժշկական
ծառայություններն անվճար են: Եվ շաբաթական անվճար սննդամթերք է տալիս՝
կաթ, հաց, պանիր, ձու: Երեխայի մեծանալու հետ գումարն ավելանում է: Այնպես
որ, երեխան միշտ իր փողն ունի: Իսկ 22 տարեկան հասակից, եթե նույնիսկ
ծնողները միլիոնատեր են, հաշմանդամն ամբողջ կյանքում փող կստանա
կառավարությունից: Այնքան փող, որ կարողանա ապրել, սկսած 1500 դոլարից:
Այն դպրոցում, որտեղ ես կառավարիչ եմ աշխատում, միայն փոքր երեխաներն են՝
մինչեւ երեք տարեկան: Հետո արդեն նրանք ուրիշ դպրոցներ են գնում: Իսկ 22
տարեկանից հետո նրանց ուրիշ կերպ են օգնում՝ սովորեցնում են ինչպես ապրել՝
ճաշ եփել, տունը մաքրել, ինչպես փող ծախսել, խանութ կամ շուկա մտնել:

– Նրանք աշխատո՞ւմ են:

– Շատերն աշխատում են: Խանութներ, կամ, ասենք, ճաշարաններ կան, որտեղ
նրանք կարող են ոչ բարդ աշխատանք կատարել՝ մաքրել, լվանալ, օգնել:

– Երբ Երեւանում մի կազմակերպություն ուզում էր քաղաքում հաշմանդամների
համար կենտրոն ստեղծել եւ հատուկ վերելակ կառուցել, հարեւաններն ասացին,
որ չեն ուզում իրենց առողջ երեխաների կողքին հաշմանդամներ լինեն:

– Ամերիկայում էլ մարդիկ կան, ովքեր չեն ուզում հաշմանդամներին տեսնել: Մի
ճաշարանում ես տեսա, թե ինչպես մի ընտանիք, որը ճաշում էր, տեսնելով
հատակը լվացող հաշմանդամին, վեր կացավ ու ճաշարանից դուրս եկավ՝ ասելով՝
մենք այստեղ չենք ճաշի: Չընդունեցին: Այդպես էլ է լինում: Բայց շատ տեղեր
կան, որտեղ հաշմանդամները հանգիստ աշխատում են:

– Ձեռք կամ ոտք չունեցող մարդը, իհարկե, կարող է աշխատել, իսկ մտավոր թերզարգացած մարդիկ ինչպե՞ս են ապրում:

– Ես չեմ համարում, որ ձեռք կամ ոտք չունեցող մարդը հաշմանդամ է: Եթե միտք
ունի, ուղեղ ունի, հաշմանդամ չէ: Իսկ եթե 25 տարեկան մարդը հինգ տարեկան
երեխայի ուղեղ ունի, disability կհամարվի: Եվ այդ մարդկանց է օգնում
կառավարությունը:

– Տեսե՞լ եք Խարբերդի մանկատան երեխաներին:

– Այո: Ամերիկյան սիստեմով այնտեղ չեն աշխատում, բայց պիտի ասեմ, որ ուրախ
եմ տեսնել, որ Հայաստանում նման օգնության տեղ կա: Շատ դժվար է նման
երեխաներին օգնելը: Գիտեմ, որ այնտեղ աշխատող մարդիկ շատ քիչ փող են
ստանում: Առաջին հերթին դա պիտի փոխվի: Ես կառավարություն չեմ, բայց
գիտեմ, որ կառավարությունը պետք է լավ վճարի այդ մասնագետներին: Ամբողջ
աշխարհում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ուղեղը չաշխատող
երեխաներին: Կամ մեծահարուստները պետք է օգնեն:

Մեր դպրոցը պետական է, բայց շատ հովանավորներ կան: Ամերիկայում
ընդհանրապես հովանավորները հաշմանդամ երեխաներին մեծ ուրախությամբ են փող
տալիս:

– Ինչո՞ւ:

– Հարուստները հպարտ են, որ օգնում են: Վատ վիճակում ապրող մարդիկ շատ
կան՝ Մեքսիկայից կամ ուրիշ տեղերից եկած: Օրինակ, մեր դպրոցի 350
պստիկների ընտանիքների 90%-ը շատ վատ վիճակում են ապրում: Նրանց տները տան
նման էլ չեն: Շատերն ավտոտնակներում են քնում, փոքրիկ տներում տասը հոգով
են ապրում: Այո, թվում է, Ամերիկայում շատ հարուստներ կան, բայց շատ են
նաեւ չունեւորները:

– Ձեր դպրոցում ինչպիսի՞ օգնություն է ցուցաբերվում:

– Մեր դպրոցն առաջին հերթին կլինիկա է, որտեղ բերում են հաշմանդամ
երեխաներին: Եվ առաջին բանը, որ անում ենք՝ օգնում ենք ծնողներին: Ծնողի
համար շատ դժվար է ընդունել, որ իր երեխան հաշմանդամ է: Շատերը հրաժարվում
են ընդունել այդ փաստը, վանում են այդ միտքը: Բժիշկներ, ֆիզիկական
թերապեւտներ, հասարակական աշխատողներ կան: Ունենք լեզվի մասնագետներ:
Օգնության մշակված սիստեմ կա: Ամենքս մի գործ ենք անում: Հիմա Թումանյան
փողոցում «Փյունիկի» հետ փոքրիկների դպրոց ենք բացել: Դեռ մեկ ամիս ենք
աշխատում, եւ արդեն 50 փոքրիկ է եկել: Արդեն տեղ չունենք, ուզում ենք
լայնացնել տարածքը: Մեր դպրոց-կլինիկայում օգնում ենք երեխաներին
օգտագործել իրենց հնարավորությունները, որպեսզի նրանց ուղեղն աշխատի: Ամեն
ինչ խաղի միջոցով է արվում, զարգացնում ենք մանր մոտորիկան, ուժեղացնում
ենք մկանները: Ամերիկայում մեր ծրագիրը «Վաղ ինտեգրացիա» է կոչվում, մենք
փորձում ենք ծնված օրվանից օգնել երեխաներին: