Դաժանության նոր քայլ

08/04/2010

«Թուրքիայից հայերին արտաքսելու մասին այս երկրի վարչապետ Էրդողանի կատաղի սպառնալիքը Հայոց ցեղասպանությունը հերքելու գործում հայերին որպես մարդկային վահան կիրառելու վերջին օրինակն է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հեղինակ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Օսմանյան զորքերի կողմից հարյուր-հազարավոր հայերին դեպի անապատները բռնությամբ տեղահանելու ժամանակներից 95 տարի անց Էրդողանի հայտարարությունը դաժանության նոր քայլ է դառնում ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների համար»,- ասել է նա: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի փոխանցմամբ` կոնգրեսական Ջիմ Քոսթան իր հայտարարության մեջ ասել է, թե` «հայ ներգաղթյալներին արտաքսելու Թուրքիայի սպառնալիքն անպատասխանատու հայտարարություն է հատկապես այն պահին, երբ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են կաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ անհամաձայնության պատճառով»: Վերջին օրերին արեւմտյան մի շարք թերթեր են հանդես եկել Էրդողանի հայտարարության դեմ հոդվածներով: Որոշ հրապարակումներ հիշեցնում են, որ Եվրոպական Միության տարածքում չափազանց մեծ է թուրք արտագնա աշխատողների թիվը, ու հարց է տալիս, թե ինչ կասեր Էրդողանը, եթե Եվրոպական Միության երկրները սկսեին արտաքսել թուրքերին: Թերթերը նաեւ քննադատում են Վաշինգտոնին եւ Բրյուսելին` Էրդողանի սպառնալիքները չդատապարտելու պատճառով: