Հայտնի երկխոսություն կա, որը, թերեւս, շատերին է ծանոթ:
– Վերջերս շատ նյարդային եմ:
– Վալերիանկա խմիր, կանցնի:
Վալերիանկան, նույն ինքը` կատվախոտը, խորհուրդ է տրվում օգտագործել հանգստացնելու նպատակով` թե մեծերին, թե երիտասարդներին: Կատվախոտն այսօր խորհուրդ է տրվում օգտագործել կանանց` կլիմաքսի շրջանում: Այն նաեւ լավ միջոց է անքնության դեմ: Սակայն պետք է ասել, որ չարժե կատվախոտն ընդունել որպես պրոֆիլակտիկ միջոց, քանի որ այն կարող է առիթ դառնալ գլխապտույտի, գիշերային մղձավանջների եւ առաջացնել սրտխառնոց: Այս միջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել հիպերտոնիկներին: Բոլոր մյուս դեպքերում կատվախոտի կաթիլների չափավոր ու տեղին գործածությունն անվտանգ է թե մեծերի, թե երիտասարդների համար: Այս պրեպարատի հանդեպ ալերգիան հազվադեպ հանդիպող երեւույթ է: Կատվախոտի արմատները պարունակում են այնպիսի ալկալոիդներ, ինչպիսիք են վալերինն ու հատինինը: Այն իր մեջ պարունակում է նաեւ խնձորաթթու, մրջնաթթու եւ քացախաթթու: