«Zaman»-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ վերջին հեռախոսազրույցը գնահատել է օգտակար եւ կառուցողական: «Քլինթոնի հետ հեռախոսազրույցում հնարավորություն ունեցա ներկայացնելու Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առկա զարգացումները, դրանցում Թուրքիայի սպասումներն ու անհանգստությունները: Քլինթոնը կարեւորել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթաժողովի մասնակցությունը: Քննարկվել է թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կենսունակությունը պահպանելով` Կովկասում մնայուն խաղաղություն ապահովելու վերաբերյալ հարցերը: Ես կարծում եմ, որ վերջին շաբաթների զարգացումներից հետո ավելի լավատես կարող ենք լինել: Առաջիկա օրերում այդ խնդիրների վերաբերյալ մեր ջանքերը կավելանան եւ այդ ուղղությամբ որոշումներ ենք կայացնելու: Վարչապետի հետ կրկին խորհրդակցելուց հետո մեր որոշումները կհայտնենք»,- ասել է Դավութօղլուն:
Հարցին` թե հնարավո՞ր է Էրդողանի հետ ԱՄՆ մեկնի նաեւ ինքը, եւ արդյո՞ք նախատեսվում է ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի հետ հանդիպում, Դավութօղլուն պատասխանել է, որ ԱՄՆ գնալու դեպքում` Էրդողանի հետ միասին են մեկնելու, իսկ Սփյուռքի հետ հանդիպումը պարտադիր չէ անմիջապես այս այցի ընթացքում իրականացնել: «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումից բացի, կարեւոր է, որ թուրքերը հայերի հետ ամեն տեղ միասին կարողանան լինել, կարողանան խոսել: Այս տեսակետից կարեւոր է Սփյուռքի հետ հանդիպումը: Սրանք առաջիկայում քննարկվելիք սկզբունքներ են»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: