ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի մոնիտորինգի իրականացման աշխատանքներին այլ հանձնաժողովներից նույնպես պատգամավորներ ներգրավելու հարցը:
Վերոնշյալ հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրել է իրենց հանձնաժողովի գործունեության ոլորտից դուրս բազմաթիվ ու բազմաբնույթ առաջարկություններ: «Եվ մենք պետք է փորձենք հասկանալ նաեւ ԱԺ մյուս մշտական հանձնաժողովների մոտեցումներն այս առնչությամբ»,- երեկ ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ԱԺ-ն որոշում ընդունեց, որ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկների մշտադիտարկումը պետք է իրականացնի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Եվ ուղիղ 3 ամիս է, ինչ այդ որոշումն ուժի մեջ է: Հիշեցնենք նաեւ, որ երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած այդ նախագիծը, զուգահեռաբար քննարկվում էին նաեւ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների նույնաբովանդակ օրինագծերը: «Ժառանգությունն» առաջարկում էր ստեղծել Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ամբողջությամբ նոր ժամանակավոր հանձնաժողով: ՀՅԴ-ն էլ առաջարկում էր ստեղծել Սամվել Նիկոյանի գլխավորած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկների իրականացմանը հետեւող ժամանակավոր հանձնաժողով, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչներն ու տարբեր փորձագետներ: ԱԺ-ն այս երկու նախագծերն էլ մերժեց եւ ընդունեց Հ.Նաղդալյանի ու Դ.Հարությունյանի առաջարկությունն ու մշտադիտարկման իրավունքը վերապահեց Պետաիրավական հանձնաժողովին: Դեռեւս անցած տարի խորհրդարանական ընդդիմության պատգամավորները հայտարարում էին, որ միայն Դ.Հարությունյանի գլխավորած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ի վիճակի չէ իրականացնել այդ մոնիտորինգը, որովհետեւ զեկույցի առաջարկությունները բազմաբնույթ են: Եզրակացության մեջ կային ոչ միայն իրավական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտներին վերաբերող բազմաբնույթ ու բազմաթիվ առաջարկություններ: Եվ հիմա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 3 ամիս աշխատելուց հետո հասկացել է, որ միայնակ ի զորու չէ իրականացնել այդ ծավալուն աշխատանքները: «Իրականում մենք պետք է ներգրավվենք ոչ միայն մյուս մշտական հանձնաժողովների ներուժը, այլ նաեւ փորձագետների եւ մասնագետների»,- երեկ տեղեկացրեց Կ.Նահապետյանը: Սակայն այս դեպքում փոխվում է մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի ձեւաչափը, եւ այն դուրս է գալիս պետաիրավական հարցերի շրջանակից: Այն այլեւս նույն Պետաիրավական հանձնաժողովը չի լինի եւ կնմանվի ժամանակավոր հանձնաժողովի, պարզապես՝ այլ անվանմամբ: Մի խոսքով, անհասկանալի է, թե դա ինչ կառույց է լինելու: Փաստորեն, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դ.Հարությունյանն այդ մշտադիտարկման իրավունքը ստացավ իր գլխավորած հանձնաժողովի համար եւ միայն 3 ամիս հետո հասկացավ, որ այդ աշխատանքի համար, իրավաբաններից բացի, պետք են նաեւ տնտեսագետներ ու այլ մասնագետներ: Կ.Նահապետյանի խոսքերով՝ ԱԺ կանոնակարգ-օրենքը տալիս է իրենց այդ հնարավորությունը, եւ այլ մասնագետներ ներգրավվելով` Պետաիրավական հանձնաժողովի ֆորմատը չի փոխվի: «Չի փոխվի, որովհետեւ այդ ժամանավոր հանձնաժողովի եզրակացության մեջ ուղղակիորեն նշված էր, որ ներկայացված առաջարկությունները կարող են քննարկվել նաեւ ԱԺ շահագրգիռ այլ հանձնաժողովներում: Պետք է նկատի ունենալ, որ Պետաիրավական հանձնաժողովը մշտադիտարկում իրականացնելով` իրականացնում է մի գործառույթ, որը նախկինում կարծես թե որեւէ հանձնաժողով չի իրականացրել»,- ասում է Կ.Նահապետյանը:
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ այս շաբաթ տեղի ունեցած նիստում հանձնաժողովը քննարկել է Ոստիկանության համակարգում ծրագրվող փոփոխությունները: Ի դեպ, նշենք, որ Ս.Նիկոյանի գլխավորած ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններն ու բարեփոխումներն իրագործելու պահանջ էր առաջադրել նաեւ ԵԽ ԽՎ-ն: Եվ Դ.Հարությունյանը, ով նաեւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, մարտի 17-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին էր ներկայացրել 4 բնույթի` Ոստիկանության, ընտրական եւ դատաիրավական ոլորտների բարեփոխումների ժամանակացույց: Տարեսկզբին Պետաիրավական հանձնաժողովը ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման հետ կապված հարցեր էր ուղարկել ՀՀ կառավարությանը եւ պատասխաններ ստացել: Չորրորդ հարցը հենց այս պատասխաններն են եղել: Իսկ այս շաբաթ մշտադիտարկման շրջանակում տեղի ունեցած նիստի ժամանակ հանձնաժողովականները քննարկել են կառավարության պատասխանների` Ոստիկանության բարեփոխումներին վերաբերող հատվածը: Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հավանության արժանացավ Ոստիկանության համակարգի բարեփոխումների 2010-2011թթ. ծրագիրը: «Այնտեղ ներառված են առաջարկություններ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի եւ հրահանգավորում իրականացնելու, Ոստիկանության ծառայողներին ուսուցում կազմակերպելու առումով: Բարեփոխումների ծրագրով նախատեսված են որոշակի միջոցառումներ, որոնք վերաբերում են հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված արդիական իրավական բազայի ձեւավորմանը: Նաեւ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման նոր կարգ սահմանելու անհրաժեշտություն կա: Մեր կողմից արդեն հստակ առաջարկություն է ներկայացվել Ոստիկանությանը, որ օրենքով պետք է սահմանվեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա էլ կիրառվեն հատուկ միջոցները: Ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի կողմից կիրառվող հատուկ միջոցների ցանկը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այսօր այն սահմանված է ոստիկանապետի հրամանով»,- ասում է Կ.Նահապետյանը:
Արդյո՞ք նաեւ հատուկ միջոցների կիրառմանը վերաբերող իրավական դաշտի թերի լինելը կամ ոստիկանների ոչ հմուտ լինելն էր պատճառը, որ մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ից զոհվեցին 4 հոգի: «Ճիշտ չէր լինի նման պնդում անել: Բայց կարծում եմ, որ հատուկ միջոց կիրառող ոստիկանը պետք է ծանոթ լինի իրավական բազային եւ անցած լինի պատշաճ ուսուցում: Պետք է տեղյակ լինի այն անվտանգության կանոններին, որոնց իմացությունն անհրաժեշտ է հատուկ միջոցների կիրառման համար»,- ասաց Կ.Նահապետյանը: