Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հաստատել է, որ մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ապրիլի 12-13-ը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին: Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, թե վարչապետը դեռեւս որոշում չի կայացրել Վաշինգտոն մեկնելու վերաբերյալ: Երեկ, սակայն, Էրդողանն ասել է, թե «դրական զարգացումներ» կան պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնություններին վերջ տալու ուղղությամբ: Նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ է վերադառնալու Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, ով հետ էր կանչվել մարտի 4-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 251 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո: